Հունվարի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը եւ «Խորհրդարանական չափում ու Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով կլոր սեղանը:
Ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը կնպաստի հայ-ռուսական համագործակցության առավել խորացմանը:
«Ինտեգրում եւ զարգացում» ՀԿ ղեկավար, կլոր սեղանի համակարգող Արամ Սաֆարյանը բացման խոսքում համոզմունք հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումները շարունակական կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Պարոն Սաֆարյանը կարեւորեց Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը, որը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում: Նա արժեւորեց եվրասիական ինտեգրման գործընթացների վերաբերյալ հայ հանրության ճշգրիտ իրազեկումը:
ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում անդրադարձավ ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը: Նա նկատեց, որ վերջին տարիներին կրճատվել է ռուսերեն խոսողների թիվը: Նա նշեց, որ ակումբի հիմնադիր նիստը դրական ազդեցություն կունենա երկու ժողովուրդների միջմշակութային կապերի զարգացման գործում:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արտաշես Գեղամյանը, Հովհաննես Մարգարյանը, Հայկ Բաբուխանյանը, Եվրասիական գործադիր խորհրդի ադմինիստրատիվ-ֆինանսական գծով տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը, Եվրասիական հեռահաղորդակցության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Պիլկոն իրենց ելույթներում անդրադարձան եվրասիական ինտեգրման շրջանակներում խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին, կարեւորեցին երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների խորացումը:
ՀՀ Ազգային Ժողով