Հունվարի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գումարեց 2014թ. առաջին նիստը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց նիստի օրակարգը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր կողմ արգելում է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը եւ վաճառքի խթանումը: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարվա ընթացքում կձեռնարկվեն պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական եւ այլ միջոցներ:
Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ ծխախոտի գովազդի արգելումը մեծապես կնպաստի դեռահասների շրջանում ծխելու տարածվածության կանխարգելմանը: Վերջին տասնամյակում ծխախոտի դեմ պայքարը ՀՀ գերակա խնդիրներից մեկն է դարձել, քանի որ ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը:
Օրինագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային Ժողով