Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Բարձր պոեզիան ինչ-որ տեղ բարձր ընթերցող է պահանջում»

Հունվար 29,2014 20:52

Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հայաստանի ազգային գրադարանն այսօր Գրողների միության հետ համատեղ հուշ-ցերեկույթ էր կազմակերպել:

«Ես չեմ սիրում ասել Պարույր Սևակին նվիրված հանդիսություններ, միջոցառումներ, որովհետև սրանք հանդիսություններ չեն, սրանք հանդիպումներ, երկխոսություններ են բանաստեղծի և, ինչու չէ, նաև ընթերցողների հետ,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,- իսկ այդ հանդիպումները ցույց են տալիս, որ Սևակի անձը, գործը շատ-շատերիս հարազատ է: Ասում են՝ բանաստեղծը ծնվում է, բայց նա մահ չունի: Իհարկե, սա ճշմարտություն է և ճշմարտություն է հատկապես Պ. Սևակի նման գրողների դեպքում, որոնք գալիս են և բազմադարյան գրականության մեջ իրենց տեղն են գրավում՝ շարունակելով նախորդ դասական մեծերին: Չարենցի ողբերգական մահից հետո Սևակը նրա այն ամուր, ուժեղ հետևորդն էր, որը մեր գրականությունն այդ ծանր տարիներին պահեց և ավելի խորացրեց»:

Է. Միլիտոնյանը ցավով նկատեց, որ մեր ասմունքողները շեշտը դնում են Սևակի հատկապես հրապարակախոսական շնչով գրված պոեզիայի վրա, մինչդեռ, նա այնքան ազնիվ, մաքուր լիրիկա ունի: «Հատկապես վերջին հիսուն տարվա ընթացքում մեր պոեզիայում, ցավալիորեն, շատ քիչ սիրային լավ բանաստեղծություններ կան, իսկ դրանցից ես հատկապես առանձնացնում եմ Սևակի բանաստեղծությունները»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Է. Միլիտոնյանը համաձայն չէ տարածված այն կարծիքին, որ այսօր քիչ են կարդում. «Ես երբեք չեմ ասում, որ այսօր չեն կարդում, այդպիսի միանշանակ հայտարարություններ անելը սխալ է, որովհետև չպետք է մոռանանք, որ բարձր պոեզիան ինչ-որ տեղ բարձր ընթերցող է պահանջում»,- համոզված է Է. Միլիտոնյանը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ գտնում է, որ Սևակի մասին շատ կարելի է խոսել և պետք է խոսել, որովհետև «այսօր, երբ տրորվում են ազգային բոլոր տեսակի արժեքները, մենք պետք է ամուր պահենք եղած և առկա արժեքները: Առանց դրանց մենք գնալու տեղ չունենք: Մաթևոսյանը ճիշտ էր ասում, որ արվեստները հայրենիք չեն ստեղծում, բայց առանց հայրենիք էլ արվեստ չի լինում»,- ասաց գրականագետը և նկատեց, որ թեև 43 տարի է, ինչ Պ. Սևակը բացակա է, բայց այդ ներկա-բացակայի մեջ նա ամենաներկա գրական անձնավորությունն է թե´ իր պոեզիայով, թե´ իր գեղագիտությամբ:

«Սևակի ստեղծագործությունը մնայուն արժեք է: Ես ինքս շատ բարձր եմ գնահատում «Եղիցի լույս» ժողովածուն, որի մեջ լիարժեք Սևակն է, բայց մեր ժողովրդի մեջ, չգիտես ինչու, ավելի շատ տարածվեցին «Մոր ձեռքերը», «Մարդ էլ կա, մարդ էլ» և այլն: Լավ բանաստեղծություններ են,- ասում է Դ. Գասպարյանը,- բայց Սևակն այդտեղից միայն սկսվում է և շարունակվում մինչև «Եղիցի լույս»: Նույնն էլ Չարենցի դեպքում է. գալիս-հասնում են մինչև «Տաղարան», ու վերջ, իրենց թվում է՝ Չարենցն այդքանով սպառվեց»:

Հուշ-ցերեկույթի ընթացքում Անուշ Գալստյանի ընթերցմամբ հնչեցին Պարույր Սևակի բանաստեղծություններից: Իսկ գրադարանի մեծ սրահում կազմակերպված գրականության ցուցադրությանը ներկայացված էին բանաստեղծի ստեղծագործությունները, խմբագրած գրքերը, թարգմանությունները, ինչպես նաև տարբեր նյութեր նրա մասին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031