Aravot.am-ի հետ զրույցում այս համոզմունքն արտահայտեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, երբ հետաքրքրվեցինք, թե բռնցքամարտիկների թոշակների չափը, հնարավո՞ր է` փոխվի:
– Պարոն Գեւորգյան: Հավաքականների թեկնածուներն ամեն ամիս ֆեդերացիայից թոշակ են ստացել: Հնարավո՞ր է` դրանց չափերը վերանայվեն:
– Բռնցքամարտիկի համար վատ բառ օգտագործեցիք` թոշակ: Այստեղ թոշակառու չկա: Այստեղ գործող մարզիկներ են: Թոշակ կստանան թոշակառու մարզիչները: Տղաները պետք է իրենց գումարը վաստակեն: Ռինգում: Ես դրա կողմնակիցն եմ: Մոտեցումները փոխվում են: Ամսական գումար ոչ ոք չի ստանա: Այնպես չի լինելու, որ մարզիկը հանգիստ պառկի, կամ լիարժեք չմարզվի` իմանալով, որ. միեւնույն է, մշտական կայուն գումար ունի: Յուրաքանչյուր հաղթած մենամարտի համար մարզիկը կվճարվի տեղում: Կմասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին ու ամեն մի հաղթանակի համար կվճարվեն: Եվ որքան հաղթանակը մոտ լինի եզրափակիչ փուլին, կվարձատրվեն ավելի բարձր: Չեն հաղթի` չեն վճարվի: Իհարկե, պարգեւավճարի չափը կախված կլինի մրցման մակարդակից ու լրջությունից: Չեմ կարծում, թե կարիք կա ընկերական մրցամարտերում կամ պատահական միջազգային մրցաշարերում այս սկզբունքը կիրառել: Խոսքը Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասին է:
– Բայց գումարներն այնպիսին կլինե՞ն, որ բռնցքամարտիկը շահագրգռված լինի մասնակցել եւ հաղթել:
Կարդացեք նաև
– Անշուշտ: Այդպես նա նեկայումս, ընդհանուր առմամբ ստացածից ավելին աշխատելու հնարավորություն կունենա: Ես ուզում եմ, որպեսզի բռնցքամարտիկը հասկանա, որ այդ գումարն ինքն է աշխատում: Քրտինքով: Ռինգում ճակատամարտ տալով: Ու ձգտի արժանապատվության: Այլ ոչ թե սպասի, որ իրեն լավություն անեն, փող, մեքենա կամ բնակարան նվիրեն: Ուզում եմ, որ բռնցքամարտիկը հասկանա եւ սկսի գիտակցել, որ ինքը ոչ մեկից կախված չի, պարտք չի: Դրա փոխարեն լինի ինքնավստահ: Ես ստեղծելու եմ այն դաշտը, որ ռինգում ամեն մի բռնցքամարտիկի բնավորությունը երեւա, որ իր խոսքն ասի գործով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ