Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը

Հունվար 29,2014 18:39

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:

Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է, որ տարվա ընթացքում մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերի բացառումը, որի ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ավելացել է  ներառական կրթություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև համակարգում ընդգրկված սովորողների թիվը:

Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ տարեցտարի  աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Համեմատության համար նշվել է, որ, եթե 2012-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել էր 29.800 երեխա, ապա 2013-ին՝ 30.864 երեխա: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ 2014 թվականին մանկապարտեզները շարունակելու են գործել անվճար սկզբունքով:

«Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով համապատասխան միջոցներ են նախատեսված մանկապարտեզ հաճախող երեխաների համար անվճար սկզբունքը պահպանելու նպատակով: 2013 թվականին կատարվել են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպվել է նաև գույքի թարմացում: Ծրագիրն ընդգրկել է ինչպես հանգստի սենյակներն ու ննջասենյակները, այնպես էլ խոհանոցները: Մանկապարտեզների գույքի թարմացման ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև այս տարի»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հատուկ ուշադրություն պետք է դարձվի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկողությանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-ին այս և դրամահավաքության մասով 5 մանկապարտեզների տնօրեններ ենթարկվել են կարգապահական համապատասխան տույժերի, նաև՝ ազատվել աշխատանքից:

Անդրադառնալով մշակութային օջախների վերանորոգմանն ու ջեռուցմանը` Արամ Սուքիասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ 2013–ին ամբողջությամբ լուծվել է վերը նշված օջախների ջեռուցման խնդիրը:

«Երևան քաղաքում գործող մշակութային օջախները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն այսօր արդեն չունեն ջեռուցման խնդիր: Մշակութային օջախներում կատարվող աշխատանքները տալիս են իրենց արդյունքները, ինչի մասին է խոսում նաև երեխաների թվի ավելացումը: Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը հատկապես ազգային նվագարանների և նկարչության նկատմամբ»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:

2013-ին տեղի ունեցած առավել ընդգրկուն մշակութային ծրագրերի հետ կապված՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է «Էրեբունի-Երևան 2795» միջոցառումները, որի շրջանակում մայրաքաղաքի 26 բեմահարթակներում ներկայացվեցին բազմաժանր մշակութային ծրագրեր: Առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն այս տարվա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:

Մշակութային ծրագրերից առանձնացվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների  ամփոփիչ ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում շուրջ 25.000 կտոր գրականությամբ թարմացվեցին գրադարանային ֆոնդերը: Զգալի աշխատանք է տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Ա. Իսահակյանի անվան գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Տարին ամփոփվել է ամանորյա և սուրբծննդյան տոնական միջոցառումներով:

Արդեն ավանդական դարձած միջոցառումների շարքում աչքի է ընկել ջազի միջազգային օրը: Նշվել է, որ այս տարի ապրիլի 30-ին կներկայացվի մշակութային առավել հագեցած ծրագիր՝ նաև արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև՝ նվիրված Վերջին զանգին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Այս տարի կկազմակերպվի նաև 2013-ին առաջին անգամ անցկացված և երևանցիների շրջանում լայն արձագանք գտած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաները կրկին հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ անվճար հիմունքներով քաղաքապետարանի ենթակայության  որոշ թանգարաններն ու կենդանաբանական այգի այցելելու:

Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացված կենդանաբանական այգու բարեկարգմանն ու կառուցապատմանը:

Այս տարի կմեկնարկի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնողական աշխատանքների եռամյա ծրագիրը:

Տարվա ընթացքում աշակերտների համար կկազմակերպվեն նաև անվճար այցելություններ թատրոններ ու թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է ավելի քան 70 հազար աշակերտ:

Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գործընկեր կառույցների, տեղական և արտասահմանյան զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպումները, կլոր սեղաններն ու սեմինարները մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը: Ընթացքի մեջ է նաև Երևանի բրենդավորման գործընթացը:

Մայրաքաղաքի մարզական առօրյային անդրադառնալով նշվել է, որ 2013 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 լայնամասշտաբ մարզական միջոցառում: Աշխատանքներ  են  տարվել նաև հեծանվուղիների ընդլայնման ուղղությամբ:  Այս տարի  քայլեր կձեռնարկվեն Երևանը հեծանվային երթևեկության համար ավելի հարմար դարձնելու  ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031