«Ինչո՞ւ իշխանության մեջ գտնվող անձանց ընտանիքի անդամները տարիներ առաջ կամավորի մասով ոչ մի մուծում չարեցին, որ հասարակությանը ցույց տան, թե տեսեք` մենք դա կամավոր անում ենք, որ 2014-ից ձեզ կարգադրենք: Հետևաբար իրենք էլ չունեն վստահություն»,-այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին: Նա նկատեց, թե կառավարությունը արդեն հաշվարկել է կուտակային համակարգի գումարներ և նկատի ունի, որ դրանք անպայման լինելու են:
Այս ամենից ելնելով՝ տիկին Բախշյանն ասաց. «Հենց դա ինձ հուշում է ասելու, որ ՍԴ-ն դժվար թե կասեցնի, հակասահմանադրական ճանաչի այս օրենքը: Դա կնշանակի, որ ինքը կառավարության ոտքի տակի հողն ընդհանրապես կտանի, առանց այդ էլ չկա այդ հողը, 3.2 տոկոս տնտեսական աճի պարագայում»:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամ, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան միության ատենապետ Գերասիմ Վարդանյանից հետաքրքրվեցինք` իրե՞նք ինչ սպասելիքներ ունեն ՍԴ-ի` մարտի 28-ի որոշումից: Նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել ոչ մեկի խոսքը, առավել ևս Անահիտ Բախշյանի: Հույսեր, առանձնակի մեծ սպասելիքներ ունենալը ճիշտ չէ, բայց ընդհանրապես հույս չունենալն էլ ճիշտ չէ: Ամեն մեկն իր գործը պետք է անի: Մենք մեր գործն ենք անում: Ամեն ինչ կախված է նրանից, թե հասարակությունն ինչպես իրեն կդրսևորի, ՍԴ որոշումն էլ դրանից է կախված»:
Հետաքրքրվեցինք` շարժում ի՞նչ առաջիկա ծրագրեր ունի: Գերասիմ Վարդանյանը պատասխանեց. «Շարժումը մարզեր կտեղափոխվի, մարզերի բնակիչներին կտեղեկացվի: Ամեն ինչ կախված է մեզնից, մեր ցույց տված կեցվածքից: Առանձնակի սպասելիքներ չունեինք, որ ՍԴ-ն կընդունի մեր միջնորդությունը օրենքի գործարկումը կասեցնելու վերաբերյալ, բայց դա եղավ: Հիմնական հարցերը մարտի 28-ին են որոշվելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ