Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Հայոց ցեղասպանության հարցը ֆրանս-թուրքական հարաբերություններում դառնում է քաղաքական առեւտրի առարկա»

Հունվար 29,2014 17:19

«Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Անկարա կատարած այցի ժամանակ հնչեցրած կոչը, որը վերաբերվւմ էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասաց, որ այն առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ գործ ունենք մի գործընթացի հետ, որը բախվում է Թուրքիայի պետական քաղաքականությանը, որն էլ կոչերով չէ փոփոխման ենթարկվում, այն փոփոխման կարող է ենթարկվել միայն գործոնների տեւական ազդեցության արդյունքում: Այս հարցը թուրքական հասարակության մեջ պետք է արծարծվի, պետական որոշումների ձեւով:

Հարցին՝ գուցե Օլանդի հնչեցրած կոչը կարեւոր էր նրանով, որ արվեց Անկարայում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ այստեղ կարեւորը միայն ցեղասպանության ճանաչման հարցը չէ: Եթե ընդհանուր համատեքստով ենք նայում, ապա Ֆրանսիայի նախագահի այց Թուրքիա Ֆրանսուա Միտերանից հետո փաստորեն չէր եղել եւ հաշվի առնելով, որ Թուրքիայի ներսում ամեն ինչ հարթ չէ, այնտեղ սկանդալային դեպքեր են լինում, իշխանությունը բավականին ծանր վիճակում է, Թուրքիան թեւակոխում է նախընտրական շրջան եւ այստեղ մեծ կարեւորություն ունի նաեւ Թուրքիայի Եվրոպական ապագայի կոնտեքստը: Մենք գիտենք, որ Եվրոպան չունի միասնական դիրքորոշում Թուրքիայի Եվրոպական ապագայի վերաբերյալ եւ առավել հոռետեսական թեւը ներկայացնում է Ֆրանսիան: Եվ հայոց ցեղասպանության հարցը ֆրանս-թուրքական հարաբերություններում, ցավոք, դառնում է քաղաքական առեւտրի առարկա»:

Դիտարկմանն էլ`փաստորեն մենք ոգեւորության առիթ չունենք, Ռուբեն Մեհրաբյանը ասաց. «Քաղաքականությունը ոգեւորվելով չի արվում, քաղաքականությունը շահերի ընկալմամբ տաժանակիր եւ հետեւողական աշխատանք է: Ոգեւորվում են ֆուտբոլի ժամանակ գոլ խփելուց, կամ հայհոյելուց: Քաղաքականությունը ոգեւորվելու համար չէ, այլ աշխատելու: Հարցը մնում է բաց: Այսինքն` դա նախ եւ առաջ չպետք է կապվի Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, խոսք չեղավ ոչ սրա, ոչ էլ այն մասին, որ Թուրքիան առ այսօր փակ է պահում Հայաստանի սահմանը, ինչպես նաեւ չխոսվեց, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատեն: Անդրադարձ եղավ միայն ցեղասպանությանը, Ֆրանսիայի հայ համայնքի պահանջների մեջ  ես այս հարցում որեւէ բան չտեսա: Եվ եթե մինչեւ Սովետական միության փլուզումը նման մոտեցումը արդարացված էր, ապա անկախ Հայաստանի գոյության պարագայում դա դառնում է մի հնամաշ բան: Դա նախ երբեք իր նպատակին չի հասնի, բացի այդ` մենք փաստորեն քսան տարվա անկախության արդյունքում տեսնում ենք, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում ու սա ցավոք չի գիտակցվում Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Նրանք չունեն դիրքորոշում, լինելով Եվրոպական երկրի, ՆԱՏՕ-ի անդամ երկրի քաղաքացիներ` չգիտեն թե Հայաստանի անվտանգության հարցն ինչպիսին պետք է լինի, եւ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Եվրոպական ապագան, կամ Հայաստանին ձեռնտու է արդյոք, որ Թուրքիան ինտեգրվի Եվրոպա, թե ոչ: Նրանք ասում են, ոչ Թուրքիան չպետք է անդամակցի ԵՄ-ին, կամ չգիտեմ ինչ, նաեւ ասում են պետք է փակենք Եվրոպայի դռները Թուրքիայի առաջ, բայց փակեք, որ ի՞նչ լինի, շրջվի գա մեզ վրա, մի՞ թե սա են ուզում: Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան ինչքան շատ ինտեգրված լինի Արեւմուտքին, ինչքան դեմոկրատիան այնտեղ շատ լինի ու Արեւմուտքը մոտ լինի մեզ, այնքան մեզ համար ավելի լավ կլինի, որովհետեւ դա նաեւ ազգային անվտանգության հարց է ու մենք կարիք ունենք այս արդյունքների նորացման, թարմացման, ինչը չենք տեսնում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031