Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ նախագահը խուսափեց հստակ պատասխան տալ Նաիրա Զոհրաբյանին

Հունվար 29,2014 16:38

«Հայաստանում քաղաքական մենաշնորհի արդյունքում ձևավորվել է մի այնպիսի դաշտ, երբ պետական ծառայողների մեծամասնությունը աշխատում է իշխող կուսակցության համար: Նրանցից շատերը հաճախ իրենց անձնական ինտերնետային էջերն օգտագործում են, որպեսզի պաշտպանեն իշխող կուսակցության շահերը»,-այսօր ԵԽԽՎ ամբիոնից այսպիսի կարծիք հայտնեց հայկական պատվիրակության անդամ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵԽԽՎ-ն քննարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի դերակատարությունը ժողովրդավարության կայացման գործում:

Իր ելույթում Վահե Հովհաննիսյանը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում տեղեկատվական միջոցները հաճախ օգտագործվում են երկրում քաղաքական մենաշնորհ ձևավորելու համար, ինչը լրջորեն վնասում է խոսքի ազատությանը: Պարոն Հովհաննիսյանը կասկածի տակ դրեց հայ պետական ծառայողների` սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքը ու նշեց, թե շատ հաճախ այն տարբերվում է նրանց իրական կարծիքից:

Քաղաքական մենաշնորհը Վահե Հովհաննիսյանը համարեց նաև լուրջ մարտահրավեր էլեկտրոնային ժողովրդավարության կայացման ճանապարհին: Նա նշեց, որ հիմնականում ֆինանսական միջոցներ կիրառելով իշխանությունները վնասում են էլեկտրոնային ժողովրդավարացման գործընթացին, երբ ամեն ինչ արվում է սևացնելու քաղաքական ընդդիմախոսներին:

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նման տեխնոլոգիաներ հիմնականում կիրառվեցին 2012-ի խորհրդարանական ընտրություններում:

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչությանը ինտերնետում`Վահե Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական սոցիալական ցանցերում երբևէ չի հանդիպել հանդուրժողականության մասին որևէ արտահայտություն, փոխարենը  հանդիպել է միայն ատելության խոսքի տարածմանը:

ԵԽԽՎ լիագումար նիստում հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր կառավարություն  պետք է ապահովի խոսքի և մամուլի ազատությունը: Այնուհետև անդրադարձ կատարեց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Նա նշեց, որ այս հարցում ելքի միակ ճանապարհը երկխոսության ապահովումն է:

Այնուհետև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Պատվիրակներից մեկը, որին թույլ չտվեցին ելույթ ունենալ, իր երկրի դրոշը բարձրացրեց և սկսեց աղմկել:

Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց չճանաչված պետությունների վերաբերյալ` ԵԽԽՎ ապրիլի 7-ի բանաձևի կիրառության հարցը ու նկատեց, որ գրեթե ոչինչ արված չէ այդ առումով: Մարտին Շուլցը խուսափեց հստակ պատասխան տալ ու նշեց. «Կարծում եմ, որ այս հարցերը պետք է Մինսկի խմբի աշխատանքների շրջանակներում լուծվեն, ես պետք է հետազոտեմ այդ հարցը, հետո տամ պատասխան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031