«Մեդիա կենտրոն», հունվարի 29: Մարտ ամսին կթողարկվի «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը, որն անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով՝ 7 լեզուներով. այսօր «Մեդիա կենտրոնում» ազդարարեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը:
«Հայկական լեռնաշխարհը» Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայկական մշակույթը և պատմությունը ներկայացնող էլեկտրոնային գրքերի նորարարական շարքի առաջին գիրքն է:
«Հայկական վիրտուալ համալսարանը Հայաստանում օնլայն ուսուցման միակ կենտրոնն է, որը, ստրատեգիական նշանակության միջոցառում լինելով, համալսարանական կրթությունից անդին է գնում»,- նշեց պարոն Զորյանը: Բանախոսը հավելեց նաև, որ այդ գրքերի շարքի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր վիրտուալ լսարաններում ընդգրկված շուրջ 3000 միջազգային ուսանողների շրջանակը:
«Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի մշակույթը, շրջակա միջավայրը և տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով: Ընթերցողներին հնարավորություն է տրվում հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները և ծանոթանալ հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
Կարդացեք նաև
«Էլ-գրքերի բովանդակությունը ստեղծվում է հայագիտության, մանկավարժության և տեխնոլոգիական մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են ոչ միայն Երևանի պետական համալսարանը, այլև Ամերիկայի Սթենֆորդի և Բերքլիի համալսարանները»,-փաստեց Երվանդ Զորյանը:
ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին բաժանորդագրությունն անվճար է լինելու և մի քանի վայրկյանում հասանելի: 2014թ. մարտին iBook տարբերակը հասանելի կլինի iPad-երի և Mac համակարգիչների, իսկ բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար: Էլ-գրքերը հասանելի կլինեն 7 լեզուներով՝ արևելահայերեն/արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն:
«Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրություն