Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ցավը ուրիշին առեւտուր ենք դարձրել». Սարգիս Հացպանյանը՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին

Հունվար 29,2014 16:13

«Մենք, դժբախտաբար, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ինքներս գործուն չենք, սուբյեկտ, օբյեկտի տեղերը փոխված են»,-Aravot.am-ի հարցին, թե որտե՞ղ ենք մենք արտաքին քաղաքականության մեջ, ի՞նչ թերացումներ ունենք եւ ինչի՞ ենք հասել ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, այսպես պատասխանեց հրապարակախոս, նախկին պոլսահայ Սարգիս Հացպանյանը:

«Մեր ցեղասպանության հարցը Անգլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի միացյալ նահանգներն անվերջ շահագործում են՝ Թուրքիայում իրենց հարաբերությունների ձեւավորման մեջ, այսինքն` մեր ցավը ուրիշին առեւտուր ենք դարձրել, քանի որ մենք մեր ցավի հետ կապված, բացի ցավելուց, չենք փորձել ընդհանրապես քաղաքականացնել հարցը: Այդ երկրների ցեղասպանության ճանաչման պրոցեսը մեզ ոչինչ չի տալիս, մենք պետք է հենց Թուրքիայի Հանրապետության մեջ այդ հարցն արծարծենք հասարակության շրջանում եւ հասցնենք իշխանության մակարդակի եւ քաղաքական բոլոր գործառույթների դաշտում գտնվող մարդկանց, որ, առանց հայկական հարցի լուծման, ոչ մի հարց չի կարող լուծվել: Դա ակնհայտ է: Քրդերն էլ պետք է հասկանան, որ մինչեւ չլուծվի հայկական հարցը, չի լուծվի իրենց հարցը»,- ասում է պարոն Հացպանյանը: Նշում է, որ մենք չունենք կազմակերպություններ, որոնք զբաղվեն նման հարցերով:

«Այստեղ կա ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողով, ես գտնում եմ, որ դա թերանում է իր գործում, մի տարվա մեջ մի ժողով են արել, երեւի թե սենց խոսելու համար, ոչ կոնկրետ բան: Մենք ձեւակերպված ոչինչ չենք բերում՝ ոչ այստեղ, ոչ էլ այնտեղ»,- ասում է պարոն Հացպանյանը եւ նշում, որ 100-ամյակին այսպես ենք հասել, որովհետեւ ինքներս ենք թերացել: Կարծում է, որ մեր մոտ ամրացած է «մեր տեղն ուրիշներն են որոշում», «մենք ի՞նչ ենք, որ…» հոգեբանությունը: Այնինչ պետք է հանդես գալ պահանջներով, վերջերս ինքը մի գիտաժողովում, որտեղ նաեւ թուրքեր կային, ներկայացրել է «հայի 12 ցանկություն-պահանջը» եւ ասում է. «Դրա հասարակական քննարկումը պիտի բերի նրան, որ լսեն, ու կընդունեն, որ հայի ցեղասպանությունը կատարված է, այո՛, պետք է փոխհատուցել՝ թե՛ նյութական, թե՛ հողային, ոչ ոք չի ժխտում սա, միայն իշխանությունները՝ վերեւում՝ դա ձեւաչափի հետ կապված եւ այդ միջազգային հարաբերություններով է պայմանավորված»:

Պարոն Հացպանյանը նաեւ հավատացնում է, որ ցեղասպանության հարյուրամյակից հետո առավել կակտիվանա հայկական հարցի քննարկումն ու հայ ժողովուրդը կստանա իր արժանի փոխհատուցումը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031