Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակտիվիստները ոստիկանի ազգանունը դարձրին բառախաղ (Տեսանյութ)

Հունվար 29,2014 15:53

Վարչական դատարանում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով քննվում է նաեւ Ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստ Կարեն Հարությունյանի գործը:

Այսօր նախնական դատական նիստում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը պատմեց, որ օգոստոսի 27-ին գիշերը 01-ի սահմաններում Կարեն Հարությունյանը ու բողոքի ցույցի այլ մասնակիցներ պառկել են քաղաքապետարանի աստիճանահարթակին, պատրաստվել են գիշերել այդ հատվածում: Ոստիկանները պահանջել են հեռանալ, որովհետեւ. «Հակաօրինական է դռների մոտ քնելը: Պահանջել են մուտքից հեռանալ մի փոքր: Պառկելով քաղաքապետարանի գլխավոր մուտքի հենց աստիճանահարթակին Կարենը փակել է քաղաքապետարանի մուտքն ու ելքը, չնայած ուշ ժամ է եղել, բայց բացառված չէ, որ ցանկացած պահի, աշխատողները կարող էին աշխատանքի բերումով մուտք գործել քաղաքապետարան, իսկ մուտքի մոտ քնելով ակտիվիստը խոչընդոտ կհանդիսանար ազատ ելումուտին»:

Նա նաեւ ասաց, որ քաղաքապետարանը պահպանվող օբյեկտ է, ոստիկաններն էլ հասարակական անվտանգությունն են ապահովել:

Կարեն Հարությունյանի փաստաբան Արտակ Զեյնալյանը այս գործով էլ հակընդդեմ հայց ներկայացրեց` պահանջելով ճանաչել իր վստահորդի ազատ խոսքի իրավունքի, անձնական ազատության եւ անձեռնմխելիության փաստի խախտումը եւ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: Հետո հավելեց, որ չեն ընդունում ՀՀ ոստիկանության ներկայացրած հայցի ոչ պահանջը, ոչ էլ դրա հիմքում ընկած փաստական հանգամանքները. « Իմ վստահորդը պառկած չի եղել քաղաքապետարանի մուտքի մոտ»:

Ոստիկանության ներկայացուցիչները չհամաձայնեցին հակընդդեմ հայցի այն փաստերին, որ նշված օրը նշված ժամին քաղաքապետարանի դիմաց եղել են երեք ցուցարար, պնդեցին որ 10-15 ակտիվիստ է եղել եւ չընդունեցին, որ ոստիկանների թիվը գերազանցել է ակտիվիստների թվին: Նրանք պնդեցին նաեւ, որ ոստիկանները ներկայացրել են ոստիկանություն տանելու իրավական հիմքերը, չընդունեցին, որ բռնությամբ են տարել բաժին. «Ֆիզիկական ուժ չի կիրառվել, բայց հոժարակամ էլ չեն նստել»:

Ոստիկանության ներկայացուցիչը չընդունեց, որ բերման ենթարկված ակտիվիստին ոստիկանությունում պարզաբանվել է` պաշտպան ունենալու նրա իրավունքի մասին, ասաց ծանուցում են ներկայացրել, ակտիվիստը հրաժարվել է նայել ու դրա տակ ստորագրել, բայց հրաժարման կամ ծանուցումը ներկայացնելու փաստի առթիվ ասաց՝ արձանագրություն չեն կազմել:

Ոստիկանության ներկայացուցիչները միջնորդեցին որպես վկա դատարան հրավիրել Կարեն Հարությունյանին եւ ոստիկան Հունան Գզիրյանին, որն էլ պահանջը ներկայացրել է ակտիվիստներին:

Ակտիվիստներն էլ կատակեցին ու ոստիկանի ազգանունը բառախաղ դարձրին. «Գզիրն ընկավ դռնեդուռ»:

Արտակ Զեյնալյանը միջնորդեց գործին կցել դեպքի տեսագրությունը եւ որպես վկաներ հարցաքննել ակտիվիստներ Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին, Սուրեն Սահակյանին եւ Գայանե Մելքոնյանին: Դատարանը վկաների հարցաքննության միջնորդությունը հետաձգեց` տեսագրությունը ուսումնասիրելուց հետո ըստ նպատակահարմարության պատճառաբանությամբ:

Դատարանի որոշմամբ, հայցվորը պարտավոր է հիմնավորել պատասխանողի հակաօրինական արարքը, ոստիկանների ներկայացրած օրինական պահանջները եւ վիճելի փաստերը, թե արդյոք Կարեն Հարությունյանը դեպքի օրը քաղաքապետարանի դիմաց պառկած է եղել ու ինչ կարգով են ոստիկանները նրան բերման ենթարկել:

Թե ակտիվիստ Վահագն Մինասյանի, թե Կարեն Հարությունյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 19-ին: Ակտիվիստ Կարեն Հարությունյանն էլ դատական նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանության ներկայացուցիչները մի շարք հանգամանքների վերաբերյալ ստում են:

Մեկ այլ ակտիվիստի` Գարեգին Յավուրյանի գործով դատական նիստը հետաձգվեց հենց սկզբում կրկին մինչեւ փետրվարի 19-ը պատասխանողի գտնվելու վայրը պարզելու համար: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ նա զորակոչվել է բանակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031