Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընտրել ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ

Հունվար 29,2014 15:27

Տեղեկատվություն՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար
Հայաստանն անցում է կատարել Կուտակային կենսաթոշակային համակարգի: Այս տարվանից ՀՀ քաղաքացիները, սեփական աշխատանքով եկամուտ ստանալու պահից սկսած, պետության հետ միասին կարողանալու են հոգալ իրենց բարեկեցիկ ծերության մասին: Եթե մարդը ծնվել է 1974 թ.-ին կամ դրանից հետո եւ աշխատում է, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է:

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են, թե ինչպես պետք է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միացող քաղաքացիներն ընտրեն ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչներին, եւ ինչպես են կառավարվելու նրանց միջոցները: Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքերով՝ ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի գումարները տնօրինելու են այս ոլորտում հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» կենսաթոշակային ֆոնդերը, որոնք համարվում են հեղինակավոր կառավարիչներ եւ կառավարում են միջոցներ աշխարհի տարբեր երկրներում: Նշենք, որ այդ կառավարիչներից յուրաքանչյուրն առաջարկում է երեք տիպի կենսաթոշակային ֆոնդ, որոնց միջեւ էլ պետք է կատարվի ընտրությունը: Այդ ֆոնդերից առաջինը կայուն եկամտային ֆոնդն է, երկրորդը պահպանողական ֆոնդն է եւ երրորդը՝ հավասարակշռված ֆոնդը:

Կայուն եկամտային ֆոնդը սահմանում է այնպիսի ներդրումային քաղաքականություն, որ այդ ֆոնդում կուտակված միջոցները կարողանան ներդրվել կայուն եկամուտ ապահովող ակտիվներում, ինչպիսիք են՝ պարտատոմսերը, բանկային ավանդները: Այսինքն՝ ներդրումները կատարվում են այնպիսի ակտիվներում, որոնք հենց ի սկզբանե որոշակի տոկոս են խոստանում, երաշխավորում, եւ, բնականաբար, նման ֆոնդերի ռիսկայնությունն, ըստ մասնագետների, ավելի ցածր է, որն էլ, բնականաբար, ապահովում է համեմատաբար ավելի ցածր եկամտաբերություն:

Իր գումարները պահպանողական կենսաթոշակային ֆոնդին վստահած քաղաքացին ֆոնդի կառավարչին թույլ է տալիս, որպեսզի իր ակտիվների մինչեւ 25 տոկոսի չափով ներդրում կատարի բաժնետոմսեում: Մասնագետների ներկայացմամբ՝ բաժնետոմսերը պարտատոմսերի համեմատությամբ կարող են ավելի բարձր եկամտաբերություն ունենալ, սակայն իրենց մեջ որոշակի ռիսկ են պարունակում, քանի որ շուկայում բաժնետոմսերի գները փոփոխվում են եւ կարող են շատ բարձրանալ կամ իջնել: Հավասարակշռված ֆոնդ ընտրելու դեպքում կառավարիչը գումարների մինչեւ 50 տոկոսը կարող է ներդնել բաժնետոմսերում: Այսինքն՝ հիմնադրամի պատասխանատուների ներկայացմամբ՝ մարդիկ որոշում կայացնելիս, թե ի՞նչ ֆոնդ ընտրեն, պետք է առաջնորդվեն հենց իրենց ռիսկի հակվածությամբ:

Այն քաղաքացիները, որոնք չեն կատարում ֆոնդի, ֆոնդի կառավարչի ընտրություն, ապա նրանց փոխարեն ավտոմատ կերպով դա կատարում է համապատասխան ծրագրային համակարգը՝ պատահականության սկզբունքով: Համակարգն ընտրում է որեւէ կառավարչի՝ միջին ռիսկայնության պահպանողական կենսաթոշակային ֆոնդի, եւ քաղաքացու միջոցները սկսում են կուտակվել այնտեղ: Արդեն նշեցինք, որ միջին ռիսկի պայմաններում ապահովվում է միջին եկամտաբերություն:
Նկատենք, որ ժամանակի ընթացքում, երբ արդեն ֆոնդերը որոշակի եկամտաբերություն են ցույց տալիս, քաղաքացին միշտ հնարավորություն ունի փոխել իր կառավարչին կամ կենսաթոշակային ֆոնդը: Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքերով՝ քաղաքացին ինչպես մի ֆոնդից մյուսը կարող է տեղափոխվել, այնպես էլ մի կառավարչից մյուսի մոտ: Սակայն օրենքի համապատասխան դրույթը ուժի մեջ կմտնի 2015 թվականից սկսած:
Ֆոնդի ընտրություն կատարելու համար քաղաքացուց մեծ գիտելիքներ չեն պահանջվում. կառավարչին կամ ֆոնդը ընտրելու 2 եղանակ կա: Առաջինը՝ www.epension.am կայքի միջոցով, որն այցելելուց հետո պետք է մուտք գործել «Իմ հաշիվը» ենթաբաժին: Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտ (ID), քարտը կարդացող սարք եւ էլեկտրոնային ստորագրություն: ID քարտը միացնում ենք քարտը կարդացող սարքին, PIN ծածկագիրը մուտքագրելուց հետո պետք է «Իմ դիմումներ»-ը բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը եւ լրացնել այն: Ի դեպ, PIN ծածկագիրը քաղաքացուն տրամադրվում է նույնականացման քարտի հետ: Դիմումը լրացնելուց հետո պետք է սեղմել «պահպանել» կոճակը, այնուհետեւ դիմումը եւս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմել «ընդունել» կոճակը:

Ֆոնդ ընտրելու երկրորդ տարբերակը հաշվի օպերատորների միջոցով է: Այն քաղաքացիները, որոնք ինտերնետից չեն կարողանում օգտվել կամ նույնականացման քարտ չունեն, պետք է դիմեն հաշվի օպերատորի օգնությանը: Այս պահին մեր երկրում հաշվի օպերատոր են հանդիսանում առեւտրային բանկերի մի մասը եւ «Հայփոստ» ընկերությունը: Անձը հաշվի օպերատորին մոտենալիս պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) կամ միայն նույնականացման քարտ: Այնուհետեւ քաղաքացին ինքնուրույն կամ համապատասխան աշխատակցի միջոցով լրացնում է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը, որի օրինակը տրամադրվում է քաղաքացուն: Հիմնադրամի պատասխանատուները խորհուրդ են տալիս մինչեւ ստորագրելը ուշադիր եւ մանրամասն կարդալ դիմումում լրացված յուրաքանչյուր վանդակ:
Ի դեպ, հաշվի օպերատորին եւ նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել կամ որեւէ կերպ ուղղորդել քաղաքացուն՝ ընտրելու կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Հիմնադրամի ներկայացուցիչները վստահեցնում են, որ կենսաթոշակային նոր համակարգում ամբողջ գործընթացը կազմակերպված է այնպես, որ մարդկային գործոնը բացառվի. գործողություններն արվում են ավտոմատ եղանակով: «Հաշվետվություն» բաժնում էլ՝ այն պահից, երբ կհայտնվեն կուտակային միջոցներ, հնարավոր կլինի դիտել ժամանակահատվածի ընթացքում առկա շարժը եւ ժամանակահատվածի վերջում կամ ցանկացած պահի մնացորդը: Անձը կարող է համոզվել, թե իր կուտակումները տվյալ պահին որքան են կազմում, որքան գումար է գանձվել իր գործատուի կողմից, որքան գումար է ավելացրել պետությունն իր մասով եւ առհասարակ մանրամասն հետեւել յուրաքանչյուր գործարքին:

Հիմնադրամը հիշեցնում է, որ գործում է թեժ գծի 1-14 անվճար հեռախոսահամարը, որին քաղաքացիները կարող են դիմել նոր կենսաթոշակային համակարգին առնչվող իրենց հուզող բոլոր հարցերով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031