Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ակտիվիստ Վահագն Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր Վարչական դատարանում նախնական դատական նիստն էր:
Պատասխանող կողմը` Վահագն Մինասյանի պաշտպան Արտակ Զեյնալյանը, հայցվոր կողմին` ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին, խնդրեց հստակեցնել իր վստահորդի կատարած անօրինական գործողությունները որոնք են, որոնց դադարեցման վերաբերյալ ոստիկանները պահանջ են ներկայացրել:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի, ոստիկանները օգոստոսի 23-ին երեկոյան 6-ի սահմաններում Վահագն Մինասյանից պահանջել են չխախտել հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը, չգոռալ, չաղմկել եւ չխաթարել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
«Նշված օրը 18: 00-ի սահմաններում է Վահագնը իր բողոքն արտահայտել է բարձրախոսով եւ նման կերպ բողոքի արտահայտելը խոչընդոտել է քաղաքապետարանի աշխատողներին, անցորդներին շեղել է, ոստիկանները պահանջել են գոնե բարձրախոսով հայտարարություններ չանել»,- պատմեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Հետո ասաց, որ քաղաքապետարանի անհայտ քաղաքացուց էլ են այդ օրը այդ ժամին ահազանգ ստացել, որը հայտնել է, որ նստացույցի մասնակիցները խանգարում են իրեն աշխատել:
Պատասխանող կողմը խնդրեց ներկայացնել իրավական ակտը, որով արգելված է բարձրախոսով արտահայտվելը:
Բայց դատարանը նպատակահարմար չգտավ այդ հարցը ու հանեց:
Պարոն Զեյնալյանը ներկայացրեց նաեւ հակընդդեմ հայց`ճանաչել Վահագն Մինասյանի խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքների փաստը եւ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Նա նաեւ ասաց, որ ակցիայի ողջ ընթացքում ներկա են եղել հավաքի մասնակիցների թիվը գերազանցող ոստիկաններ, որոնք արգելել են իր վստահորդին իր բողոքն արտահայտել բարձրախոսով , չեն ներկայացրել որեւէ իրավական հիմք, ուժի կիրառմամբ տարել են ոստիկանական բաժանմունք, ոստիկաններն առանց հիմնավորման վերցրել են նրանց սեփականություն հանդիսացող բարձրախոսը ու մինչեւ օրս չեն վերադարձրել: Ըստ նրա, ոստիկանները չեն ներկայացրել` ոչ պաշտոն, ոչ` կոչում, ոչ էլ` անուն, ազգանուն. «Երեք ժամ է պահվել բաժնում ու չի կարողացել իր կամքով հեռանալ, նրան չեն ապահովել ու չեն պարզաբանել պաշտպան ունենալու իրավունքի մասին»:
Ոստիկանության ներկայացուցիչները չընդունեցին հակընդդեմ հայցի այն հատվածը, որ ոստիկանների թիվն ավելի մեծ է եղել մասնակիցների թվից, այդ օրը այդ ժամին ակցիան խաղաղ բնույթի է եղել: «Ոստիկանի պահանջը մի քանի անգամ է եղել, պատասխանողը շարունակել է, դրա համար ոստիկանների կողմից միջոցներ են ձեռնարկվել.,- բացատրեց ոստիկանության իրավաբանը: Հետո վստահեցրեց, որ ոստիկանության ծառայողները տվյալ դեպքում պարտադիր պարզաբանել են, որ դրանց բարձրախոսով խոսելու շարունակությունը խաթարում է հասարակական կարգը:
Ոստիկանության ներկայացուցիչները չկարողացան ասել, արդյոք ոստիկանները ներկայացրել են իրավական հիմք, երբ Վահագն Մինասյանին արգելում էին չխոսել բարձրախոսով:
Դատական նիստի ավարտին որոշվեց, որ հայցվորը պետք է հիմնավորի ոստիկանների պահանջների օրինական լինելը եւ այն, որ բերման ենթարկելիս ոստիկանները ներկայացրել են իրենց գործողությունների իրավական հիմքերը:
Հայցվոր կողմը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Վահագն Մինասյանին եւ ոստիկան Գոռ Սահակյանին, որը օրինական պահանջն է ներկայացրել ակտիվիստին:
Պատասխանող կողմն էլ միջնորդեց դատական գործին կցել իրենց ներկայացրած դեպքի տեսագրությունը եւ որպես վկաներ հարցաքննել ակտիվիստներ Գոռ Առաքելյանին, Սուրեն Սահակյանին, որը նույն օրը նույն ժամին բերման է ենթարկվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ