Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովի հրաժարականից մեկ օր անց Կիևի կենտրոնում, որտեղ զանգվածային ցույցեր են անցկացվում, դրությունը չի փոխվել: Գրում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Գրուշևսկո փողոցում, որտեղ տեղի էին ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև բախումները, այժմ հանդարտ է: Մոտ 40 իրավապահ է հերթապահում բարիկադների մոտ, նույն քանակությամբ էլ նրանց թիկունքում է:
Ցուցարարները ժամանակ առ ժամանակ անվադողեր են այրում, իրավապահներն էլ իրենց հերթին հանգցնում են այն:
Եվրոպայի հրապարակի Ուկրաինայի տունը, որն անցել է ցուցարարների տրամադրության տակ, համալրված է պարետի, վիրաբուժության սենյակներով, խոհանոցով, ճաշասենյակով, գրադարանով, ջեռուցման և ցուցարարների համար նախատեսված հանգստյան կետերով, ինչպես նաև գործում է սրճարան:
Կարդացեք նաև
Այսօր շարունակվում է հունվարի 28-ին սկսված խորհրդարանի արտահերթ նիստը, ինչպես նաև սկսվել է կառավարության ժողովը, որը գլխավորում է վարչապետի առաջին տեղակալ Սերգեյ Արբուզովը: Նա ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները:
Կառավարության նիստը բացելով՝ Արբուզովը նշել է, որ իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են ճգնաժամից դուրս գալու միջոցներ գտնել: Նա ցավակցել է զոհվածների հարազատներին ու ցավ հայտնել, որ շատերն են տուժել Կիևի բախումներից, այդ թվում՝ լրագրողները, և հույս է հայտնել, որ այլևս ոչ ոք չի տուժի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը` vinnitsaok.com.ua-ից