Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն քննարկում է ինտերնետի ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա

Հունվար 29,2014 14:27

Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվեցին ժողովրդավարության զարգացման հարցում տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությանն ու դերակատարությանը նվիրված հարցեր:

Նիդերլանդցի պատվիրակ Հանս Ֆրանկենն այս թեմայով զեկույց ներկայացրեց, որին հետևեցին պատվիրակների ելույթները նույն թեմայով: Ըստ Ֆրանկենի` թեև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինտերնետը թույլ են տալիս ապահովել երկխոսություն քաղաքացիական հասարակության և քաղաքական գործիչների միջև, սակայն միևնույն ժամանակ վտանգ կա, որ սոցիալական մեդիան կօգտագործվի հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար:

Հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի մեծ թափով զարգացումը համարեց ժողովրդավարական գործընթացներում կարևորագույն բաղկացուցիչ ու նշեց. «Ինտերնետի դերակատարությունը ժամանակակից կյանքում չի կարող թերագնահատվել: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են ցանկացած հարցի վերաբերյալ կարծիքների փոխանակության, տարածման և ստացման հիմնական միջոցները: Դրանց շնորհիվ հնարավոր է կազմակերպել հասարակական երկխոսություն հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ: Բայց տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են նաև վտանգավոր զենքի վերածվել, եթե հայտնվեն սխալ ձեռքերում»:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ ինտերնետ դաշտում պատասխանատվության և հաշվետվողականության բացակայությունը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ, ինչը կարող է լուրջ վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը:

Ինտերնետ դաշտի կարգավորման հարցը ըստ հայ պատվիրակի` բարդ գործընթաց է: Այս առիթով նա նշեց, որ պետք է գործի տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կազմված թիմ, որը վերահսկողություն կիրականացնի այդ դաշտում: Բարձրացվեցին նաև անանուն աղբյուրներից տարածվող տեղեկատվությունից բխող խնդիրներ: Արփինե Հովհաննիսյանը փաստեց. «Հաճախ սոցիալական ցանցերում տեղադրվում են մարդու արժանապատվությունը և բարի համբավը վնասող տեղեկություններ: Դրանք հիմնականում տեղադրվում են կեղծ էջերից և անանուն հասցեներից: Ամենևին չեմ կարծում, թե ինտերնետ տարածքում ծագած այս խնդիրները պետք է լուծել գրաքննության միջոցով, բայց միևնույն ժամանակ պետք է անել հնարավորինը, որ չոտնահարվի մարդկային արժանապատվությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031