Արտակ Ավդալյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա ապրիլի 8-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Նա մեղադրվել էր «Ջիփ գրանդ չերոկի» մակնիշի 55 ՕՕ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով հետիոտն Գոհարիկ Ավալյանին Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի ենթարկելու, անզգուշությամբ նրան մահ պատճառելու համար: Վերաքննիչ դատարանը գործը ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով քննելու համար: Դատավոր Վ. Ռշտունուց հետո գործը քննում է այս գործով երրորդ դատավորը՝ տիկին Մելքոնյանը: Արտակ Ավդալյանի պաշտպանությունն իրականացնում էին Զարուհի Վարդանյանն ու Ռուբեն Բալոյանը, իսկ տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել հանգուցյալի ամուսինը՝ Արամ Հակոբյանը: Նա հայտնեց, որ ունի լրացումներ քաղհայցի հետ կապված, խնդրեց դատարանից, որպեսզի ժամանակ տրամադրվի այդ կապակցությամբ: Նախորդ դատարաններում նա հանդես է եկել 2 մլն դրամ գումարի պահանջով: Ի դեպ, գործի նյութերում դրված է Գոհարիկ Ավալյանի քրոջ՝ Հասմիկ Ավալյանի ցուցմունքը, որը գործով անցել է որպես վկա եւ նա ասել էր, թե տեսել է քրոջը վրաերթից անմիջապես առաջ՝ փողոցը հատելիս: Ուշագրավ հետեւության էր հանգել վերաքննիչ դատարանը, որն արձանագրել էր հետեւյալը. «Միեւնույն ժամանակ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված տվյալներով հնարավոր չէ հաստատված համարել, որ Հասմիկ Ավալյանը տեսել է իր քրոջը՝ Գոհարիկ Ավալյանը, հենց վրաերթից անմիջապես առաջ, փողոցը հատելիս, քանի որ բացառված չէ, որ Գ. Ավալյանը դրանից հետո նույն ուղղությամբ փողոցը կրկին հատելիս լինի եւ վրաերթը կատարված լինի հենց այդ ժամանակ: Հետեւաբար դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի դատողությունները, որ Ավալյանի ցուցմունքը վերաբերելի ապացույց չի կարող համարվել վրաերթի պահը որոշելու համար, հիմնազուրկ չէ»:
Դատարանը ստացել էր դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին եզրակացությունը: Այս կապակցությամբ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ ինքը զրկված է եղել փորձագետին հարցեր եւ առարկություններ անելու հնարավորությունից եւ որ խախտվել են իրենց՝ պաշտպանական կողմի իրավունքները, համաձայն որի՝ փորձագետին կարող են ուղղել հարցեր, իմանալ, թե ով է հասցեատերը, կարող են բացարկ հայտնել քննիչին, միջնորդել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն:
Ի դեպ, վիճարկվում էր այն հարցը, թե եթե ասֆալտը գտնվեր թաց վիճակում, ճանապարհատրանսպորտային տվյալ իրադրության պայմաններում ջիփի վարորդը ունե՞ր տեխնիկական հնարավորություն՝ վրաերթը կանխելու համար:
Մեղադրողը առարկեց պաշտպանական կողմի այն դիտարկումը, թե դատարանն ինքն է բացահայտ խախտել քրեական դատավարության օրենքը որոշելով փորձագետներին տալ իր հարցերը: Իսկ փաստաբան Զարուհի Վարդանյանը նկատեց, որ իրենց միջնորդության ելակետային տվյալները այլ են եղել:
Կարդացեք նաև
Ռուբեն Բալոյանն իր զարմանքը հայտնեց փորձագիտական եզրակացությունն այդքան արագ դատարանին տրամադրելու համար: Նա ասաց, որ սովորաբար փորձագիտական բյուրոյում ամիսներ են տեւում այդ եզրակացությունը ստանալու համար, իսկ դատավորը՝ տիկին Մելքոնյանն ասաց, որ եթե արագության հետ կապված հարցեր կան, ապա կարող է կողմը դիմել փորձագիտական բյուրոյին:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ հունվարի 22-ին հարցում է եղել փորձագիտական կենտրոնին եւ հունվարի 29-ին ստացվել է գրություն պատասխանը: Նա զուգահեռներ անցկացրեց ՀՀ փորձագետների ազգային բյուրոյի լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձագիտական եզրակացության եւ ՀՀ փորձագիտական կենտրոնից կողմից ստացված պատասխանի միջեւ: Նա միջնորդեց, որպեսզի փորձագիտական կենտրոնի պատասխանը կցվի քրեական գործին որպես ապացույց: Դատախազն առարկեց այս միջնորդությանը, ասելով, որ այն ձեռք չի բերվել օրենքով սահմանված կարգով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից:
Պաշտպանական կողմը «դիտողություն արեց» մեղադրական կողմին, որ իր բոլոր առարկությունները չի հիմնավորում:
Իսկ մեզ հետ զրույցի ժամանակ Բալոյանն ասաց, որ դատարանը խախտեց իր իրավունքները եւ որ ինքը «ժեկ-ի թուղթ» չի ստացել փորձագիտական կենտրոնի կողմից:
Քրեական գործով իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը խնդրել էր հայտնել, թե որքան է թաց ասֆալտի պայմաններում ավտոմեքենայի դանդաղեցման աճի նորմատիվային ժամանակի գործակիցը ավտոմեքենայի ընթացքը կտրուկ արգելակելու դեպքում, որքան է թաց ասֆալտի պայմաններում կայունացված նորմատիվային դանդաղեցման գործակիցը ավտոմեքենայի ընթացքը կտրուկ արգելակելու դեպքում: Դատական նիստը նշանակվեց փետրվարի 11-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ