Լրահոս
Օրվա լրահոսը

1978

Հունվար 29,2014 14:20

Ընդհանրապես ընդունված է համարել, որ եթե որեւէ երկրում համախառն ներքին արդյունքը բնակչության մեկ շնչի հաշվով ավելանում է, ուրեմն կյանքի որակն էլ է բարձրանում: Այսինքն՝ մարդիկ գնալով ավելի ու ավելի լավ են ապրում:

Վերջերս, սակայն, մասնագետները ավելի ու ավելի հաճախ են փաստում, որ անմիջական կապ չկա տնտեսական աճի եւ կյանքի որակի միջեւ: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը խոսեց, այսպես կոչված, հայաստանյան ֆենոմենի մասին՝ տնտեսությունն այն ժամանակ աճում էր երկնիշ թվերով, բայց մարդիկ, չգիտես ինչու, բոլորովին չէին զգում դա ու շարունակում էին դժգոհել: Եթե հիշում եք, այն ժամանակվա Հայաստանի նախագահն էլ զարմացավ՝ ինչպես կարելի է ասել, որ մարդիկ ավելի լավ չեն ապրում, եթե տնտեսությունն անընդհատ զարգանում է բարձր տեմպերով: Բայց դա այդպես էր: Նախկին նախագահը հիմա էլ է շատ բաների վրա զարմանում, բայց դա նորմալ երեւույթ է:

Խոսքն այն մասին չէ, որ այդ տնտեսական աճը ինչ-որ մեկի կամ մի քանիսի, կամ Հրանտ Բագրատյանի ասած 40 ընտանիքի գրպանն է գնում: Պարզապես կյանքի որակը միայն ՀՆԱ-ի աճով չի կարելի չափել: Մասնագետներն այսպիսի օրինակ են բերում՝ ենթադրենք, դուք ձեր հողամասում լոլիկ եք աճեցրել, ողջ տարին չարչարվել եք, բայց վերջապես հավաքել եք ձեր ընկերներին, բարեկամներին ու հյուրասիրում եք նրանց այդ լոլիկից պատրաստած սալաթը: Համաձայնեք՝ անմահական հաճույք, բավարարվածության այնպիսի զգացում, որը հաճախ չի, որ ունենում ենք: Նկատեք՝ պոմիդոր աճեցնելով՝ դուք ՀՆԱ-ն չեք մեծացնում:

Իսկ հիմա պատկերացրեք, որ խանութից եք գնում լոլիկը ու կրկին հյուրասիրում: Համաձայնեք՝ առանձնապես ոչ մի բավարարվածության զգացում էլ չկա, թեեւ սուպերմարկետից պոմիդոր գնելով՝ դուք ՀՆԱ-ն հաստատ մեծացրիք:

Այս ամենից ելնելով՝ Ավստրալիայի Կանբերայի համալսարանի գիտնականները մշակել են, այսպես կոչված, ՄԱՔՈՒՐ կամ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ցուցիչ՝ մի ցուցանիշ, որով գնահատվում է կյանքի որակը: Եվ պարզվել է, որ այս ցուցանիշը ամենաբարձրն է եղել 1978 թվականին, իսկ դրանից հետո մինչեւ հիմա միշտ ավելի ցածր է եղել:

Հիմա, իհարկե, անմիջապես էլ կսկսեք վերհիշել, թե՝ լավ, այդ ի՞նչ է եղել 1978 թվականին, որ դա համարվում է վերջին տասնամյակների ամենալավ տարին: Առանձնապես ոչինչ էլ չի եղել: Մի բանով է հիշարժան այդ թվականը, երեւի շատերն էլ արդեն մոռացել են՝ 1978 թվականին կաթոլիկ աշխարհն ունեցել է երեք Պապ՝ կյանքից հեռացավ Պողոս VI-ը, նրան փոխարինեց Հովհաննես Պողոս I-ը, բայց նա ապրեց ընդամենը 33 օր, ու սեպտեմբերին Հռոմի պապ ընտրվեց Հովհաննես Պողոս II-ը:

Հա, ու մեկ էլ Արգենտինան սեփական դաշտում դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Համաձայնեք, սա այնքան էլ բավարար չէ 1978 թվականը ամենալավ տարի հռչակելու համար: Պարզապես ավստրալացի մասնագետները փաստում են, որ ուղիղ 35 տարի առաջ՝ 1978 թվականին, մարդկանց կարողությունը, աշխատավարձը, աշխատանքը եւ երջանկության զգացումը առավել հավասարակշռված էին:

Իրենց ցուցիչը մշակելիս ավստրալացիները հաշվի են առել 24 գործոն՝ անհատական սպառումը, բարձրագույն կրթության որակը, հանցագործության մակարդակը, ծառայությունների որակը, գործազրկության ցուցանիշը, ավտովթարների թիվը, օդի աղտոտվածությունը եւ այլն, եւ այլն… Նույնիսկ հասարակական տրանսպորտի ուղեվարձի չափը: Հիշո՞ւմ եք՝ 78-ին որքան արժեր մեզ մոտ ավտոբուս նստելը՝ 5 կոպեկ: Տրամվայը, կարծեմ, նույնիսկ ավելի քիչ էր…

Իհարկե, մենք ուրույն երկրում էինք ապրում, որտեղ պետությունն իր վրա էր վերցրել ծախսերի մեծ մասը՝ երեւի ոչ ոք հիմա չի էլ հիշում, թե գազի ու էլեկտրականության համար որքան էինք վճարում, որովհետեւ բառիս բուն իմաստով կոպեկներ արժեր: Ու, համաձայնեք, ամեն ինչ չէ, որ լավ էր այդ երկրում: Մի անգամ, երբ ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովի հետ բախտ վիճակվեց զրուցելու, նա, իմ կարծիքով, դասական բան ասաց՝ «Մի ասեք անընդհատ, թե ինչ լավ էր այն ժամանակ, միշտ հիշեք նաեւ՝ ինչ վատ էր այն ժամանակ»:

Իհարկե, բոլորը չէ, որ համաձայն են ավստրալացիների հաշվարկման այս մեթոդաբանության հետ: Համաշխարհային բանկի փորձագետներն, օրինակ, պնդում են, որ 35 տարում հսկայական առաջընթաց է գրանցվել մարդկանց կենսամակարդակում, ու հիմա մարդիկ, բնականաբար, ավելի լավ են ապրում, քան 78-ին: Չվիճենք:
Մի հարց տամ ձեզ: Իսկ մեր այս նորանկախ պետության պատմության մեջ, ձեր կարծիքով, ո՞րն էր ամենալավ տարին: Եթե ինձ այդ հարցը տաք, շատ հստակ կպատասխանեմ՝ 1990 թվականը: Ու ոչ թե այն պատճառով, որ երբ Արամ Մանուկյանը 90-ի ամռանը կարդում էր Անկախության հռչակագիրը, ես էլ շատերի նման քիչ էր մնում արտասվեի:

Պարզապես այն ժամանակ կար անսահման ու վառ հեռանկարի զգացում: Նոր, շատ լավ պետություն ենք կառուցելու: Հետո սկսվեց պատերազմը, կեղծված ընտրությունների շարանը, հոկտեմբերի 27, մարտի…

Կա՞ արդյոք հիմա հեռանկարի այդ երանելի զգացումը, որն ունեինք 90-ականների սկզբին…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ցավոք սրտի ՉՈՒՆԵՆՔ

  2. Վալոդ says:

    Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: Հաճելի կլիներ ավելի հաճախ կարդալ այսպիսի հոդվածներ «Առավոտի» էջերում, ուր հեղինակը պարզապես կիսվում է ընթերցողի հետ առանց սեփական եսը շոյող բարոյախրատական քարոզների:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031