Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեգործությունից՝ սոցիալական բիզնես

Հունվար 29,2014 13:49

Հիշո՞ւմ եք, ժամանակին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սեւան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին: Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար դրական PR ապահովելով եւ նկատի ունենալով, որ այդ բարեգործությունը պետք կգա իր հետագա քաղաքական ծրագրերում:

Կոնկրետ այս պարագայում գումարները իզուր էին ծախսված, որովհետեւ բացի բարեգործություններ անելուց եւ «ժողովրդի մասին մտածողի» իմիջ ձեռք բերելուց, քաղաքական հավակնություններ ունեցողը ընտրությունների ժամանակ պետք է փող բաժանի, լուծի մարդկանց սոցիալական խնդիրները: Իսկ Տիգրան Կարապետովիչը, եթե նույնիսկ նման ցանկություն ունենար, պիտի դրա համար ստանար իշխանության թույլտվությունը, որովհետեւ ընտրակաշառք հնարավոր է բաժանել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները դրա վրա աչք են փակում: Մի խոսքով՝ Սեւանում թոշակառուներին խորոված հյուրասիրելն այդպես էլ իր նպատակին չհասավ:
Այս մոդելի պատճառով «բարեգործություն» բառը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, եւ բարեգործության «շահառուների» հրապարակային «շնորհակալություններն» էլ հնչում են չափազանց կեղծ եւ բռնազբոսիկ: Դրա համար էլ, երբ դերասան Հայկ Մարությանը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական հավակնություններ չունի, սրտանց ցանկացավ օգնել «հացի խնդիր» ունեցող մարդկանց՝ կազմակերպելով շրջիկ ճաշարան, դա նույնպես քաղաքացիներից ոմանց մոտ կասկածներ առաջացրեց եւ նույնիսկ «նախագիծ» անվանվեց: Ինչը դարձյալ բնական է. համընդհանուր կեղծավորության պայմաններում ոչ ոք ոչ մի բանի չի հավատում:

Բարեգործությունը, անշուշտ՝ իր մաքուր, ոչ օլիգարխիկ ձեւով, իր տեղը պետք է ունենա: Բայց շատ երկրներում, այդ թվում՝ Բրիտանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, այն ձեւափոխվում է սոցիալական բիզնեսի: Այդ գաղափարը Հայաստանում, որքան գիտեմ, առաջին անգամ հնչեցրել է պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Սոցիալական բիզնեսն ուղղված է սոցիալական խնդիրների մեղմացմանը: Մի կողմից՝ այն պետք է լինի ինքնաֆինանսավորվող, մյուս կողմից՝ օգնի սոցիալապես խոցելի կոնկրետ խմբերին, ասենք՝ կանանց, հաշմանդամներին, հեռավոր գյուղերի բնակիչներին, նույն թոշակառուներին եւ այլն: Նման ձեռնարկատիրության տարրեր եղել են դեռեւս 19-րդ դարում, իսկ 1990-ականներից սկսած խնդիրը մշակվել է նաեւ տեսական մակարդակով:

Այսպիսով մեր գործարարները՝ իրենց բարեգործությունների համար դիֆերամբներ լսելուց բացի, կարող են նաեւ իսկապես բարի գործեր անել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Սոցիալական բիզնեսը բավականին արդյունավետ կիրառվում է տարբեր երկրներում ։ Սակայն կարծում եմ, որ մեզ մոտ այն կվերածվի ատկատների և փողերի լվացման կենտրոնների։ Մի թէ մեր օլիգառխները որոնք անտարբեր կամ ավելի շուտ առհամարանքով են վերաբերվում սոցիալապես խոցելի խավին, կարող են անշահախնդիր բարեգործություն անել։ Կիսում եմ Ձեր կարծիքը’ որ շոու սարքելը ոչ մի կապ չունի բարեգործության հետ։

  2. Վահան says:

    Այս պարագայում կցանկանայի անդրադառնալ թեմայի հետ կապ չունեցող մի արտահայտությանը` հեռավոր գյուղեր: Իմ աշխարհընկալմամբ Հայաստանում չեն կարող լինել հեռավոր կամ մոտիկ բնակավայրեր; Հայաստանում ոչ մի վայր չի կարող լինել ավելի Հայաստան կամ պակաս Հայաստան, հետեւաբար այդ վայրերն էլ չեն կարող լինել հեռու կամ մոտիկ, ինչպես ասենք Գերմանիայում ոչ Մյունխենն է հեռու, ոչ Բեռլինը, ոչ էլ Համբուրգը: Հեռու ինչի՞ց: Բայց Գերմանիան ինքը կարող է հեռու լինել Հայաստանից, Պերուից: Հայաստանն էլ կարող է հեռու լինել Իսլանդիայից, Վիետնամից: Այսպես կոչված այդ հեռու բնակավայրերը կարելի է անվանել սահմանամերձ, բարձ լեռնային, անտառային, դաշտային, ցածրադիր ու չգիտեմ էլի ինչպիսի, բայց ոչ երբեք հեռու կամ մոտիկ…ինչի՞ց հեռու, Երեւանի՞ց….սա էլ հենց աղավաղում է մեր աշխարհընկալումը…..

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Խոսքն ընդհանրարպես համաշխարհային փորձի մասին էր, ոչ թե Հայաստանի: Բայց ես էլ էի այն բառի մասին մտածում՝ գրելիս: Ուզում էր գրել «դեպրեսիվ շրջան», բայց դրա հայերեն հոմանիշը չգտա:

  3. Garegin says:

    Նախ ՀՀ օրենսդրությամբ հստակեցված չէ, թե ովքեր և ինչպիսի գործոնների առկայության պայմաններում կարող են բարեգործությամբ զբաղվել և առհասարակ ինչը կարելի է բարեգործություն համարել: Եթե անհատը, գործարարը, քաղաքական գործիչը կամ որևէ մեկը դա անում է դրական PR ապահովելու, հարկերից խուսափելու, բիզնեսում բարենպաստ պայմաններ ստանալու կամ այլ խնդիրներ լուծելու համար /իհարկե ոչ ոք այդ մասին բացահայտ չի ասի, դա կարելի է եզրակացնել միայն ընթացքի վերլուծության արդյունքում/, ապա դա կարելի է օգնություն, հասարակությանը մասնահանում կամ որևէ այլ բան անվանել, բայց ոչ բարեգործություն: Հավանաբար բարեգործություն կարելի է համարել միայն օրինական բիզնեսից կամ օրինական ճանապարհով ձեռք բերված գումարից կամ եկամուտից մարդկանց կամ կազմակերպություններին ցուցաբերած անշահախնդիր օգնությունը: Այսինքն չի կարելի անօրինական բիզնեսից կամ թաքցրած հարկերից և տուրքերից առաջացած ֆինանսական կամ նյութական միջոցները բաժանել ու բարեգործություն անվանել: Իմ կարծիքով դա կարելի է միայն պետական մակարդակով անել, մնացած բոլոր պարագաներում անհատի համար նվաստացուցիչ է, չնայած ինքը ստիված օգտվում է այդ առաջարկից: Սոցիալական բիզնեսը կարելի է ընդունել, եթե դա միտված լինի կարիքավորների աշխատունակ մասին աշխատանքով ապահովելուն:

  4. Maxim says:

    Թողած դաժան իրականությունը՝ ընկել եք բառախաղերի ետևից, թե՛ հեռու ու մոտիկ չեն լինում։
    Երկիրը դրված է՝ հանցագործ մարդանմանների կողմից մշակված ծրագրի իրականացմանը։ Որքան՝
    աղքատություն, այնքան՝ հլու հնազանդություն, իսկ հետևանքների մասին, ոչ մի դատողություն։
    Վաղուց ասված է, որ աղքատությունը ամենածանր հիվանդություններից մեկն է, որտեղ փոխվում է
    մարդու հոգեկան աշխարհը։ Այսօրվա Հայաստանցին պարտադրված իրեն վաճառում է 5000 դրամով, ևս 5 տարի ստրկության պայմանագրով, և նա իրեն արդեն համարում է վաճառված և դրանից բխող բոլոր ողորմելի վիճակները։

  5. marine says:

    Բարեգործությունը ինքնին չափազանց խոցելի բնագավառ է:Նույնիսկ մայր Թերեզայի գոր-
    ծունեությունը իր մահից ու սրբացվելուց տարիներ անց ոչ միանշանակ մեկնաբանություն-
    ներ ունի:Գործք Առաքելոց Ղուկաս Ավետարանչի գլուխ 5-ի Անանիայի եվ Սափիրայի մա-
    հը բարեգործությունից հետո տարակուսանքի զգացողություն է թողնում:Բարեգործության
    դաշտում Աստծուն եվ մամոնային ծառայածի հայտնվելը անհարթ,սահուն չի ընկալվում:
    Շարժայի կառավարիչ շեյխի 5միլիոն $ նվիրատվությունը Տավուշի մարզի քրիստոնեական
    համալիրի վերանորոգման համար շարքային երևույթներից չէր երևի/մամուլի արձագանք-
    ներից պարզ է,որ վերանորոգումը համարժեք չէ շեյխի հիացմունքի արժանի քայլինՄ/:Այ –
    սինքն,անկախ բարեգործության իրականացման ձևերից ու սխեմաներից արդյունքը պետք
    է համարժեք լինի մտահղացմանը:Ցավոք Բարեգործ-վերջնական սուբյեկտ կամ օբյեկտ
    գործընթացը ՀՀ -ում հեռու է Օկկամի ածելու սկզբունքից:Ավելորդ չեմ համարում մի դի-
    տարկում իմ փորձից՝միջանկյալ օղակում գործում են անգլերենին տիրապետող ոչ մաս –
    նագետներ:Կա չգրված օրենք ԱՄՆ-ում և այլ կայացած երկրներում՝ժլատների բիզնեսը
    կամ շոու բիզնեսը բարեհաճության չի արժանանում:Կարծում եմ սոցիալական բիզնեսի
    դրսևորման ձև էր Բիլլ Գեյթսի,ՈՒորրեն Բաֆֆեթի և այլոց ,,կամավոր,,միլիարդանոց
    նվիրատվությունները:Երևի նմանատիպ ակումբ կձևավորվի նաև մեզ մոտ: Գլոբալիզա –
    ցիոն համասեռ դաշտում խաղի կանոնները նույնն են: Իսկ սոցիալական բիզնեսը ներկա-
    յացնող կառույցները հավանաբար իրենք կընտրեն ծիսական վայրի կամ ,,ձկնորսական ցանցի,,տարբերակը:Մարզերում ֆիլանտրոպիայի ակտերը շատ ավելի տեսանելի են և
    հաճախ անեկդոտային պատկեր են ներկայացնում՝լուսանկարչական սարքերով զինված
    ջիպերի շարասյուններ վերջնական աննշան արդյունքով,ընդորում Դիլիջան-Կրիվոյ մայ- րուղու երկայնքով մարզային ադմինիստրատիվ գզիրների ու դեհումանիզացված քեթխու- դեքի ունեցվածքի անթաքույց ցուցադրման ֆոնի վրա…Ծանր,տանջալից թեմաներ եք
    առաջադրում պարոն խմբագիր,բայց ոչ անլուծելի…Հրեշներ ծնող բանականության քունը
    անվերջ չի կարող շարունակվել:

  6. Արման says:

    Զզվեցրեցին իրենց <>: Եթե չթալանեն, մեր ժողովուրդը ոչ մի բարեգործության կարիք չի ունենա: Մեր ժողովուրդը արժեք ունեցող, արժեք ստեղծող ժողովուրդ է: Ժողովրդից թալանածի մի չնչին մասը որպես ողորմություն տալը բարեգործություն չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031