Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աճուրդները թափանցիկ չեն, իսկ ԴԱՀԿ-թեժ գիծ էլ գոյություն չունի

Հունվար 29,2014 14:00

Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ արդեն 39-40 աստիճան ջերմության մեջ այրվում էի, ու էլ այդ ցրտի մեջ ի վիճակի չէի դիմանալու եւ պայքարը շարունակելու, ես բղավում էի հեռախոսի մեջ ու պահանջում, որ վերը թվարկված բոլոր սրիկաները հենց այդ պահին պատասխան տան իրենց անօրինակությունների համար:

Անկախ նրանից, թե օրենքում ինչ է գրված սեւով սպիտակի վրա, դա երբեք չի հուզել որոշակի պաշտոնատար այրերի, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնյա աշխատակիցներին: Բոլոր տիպի գործերը, ներառյալ աճուրդի գործընթացը, իրականացվում է կամայական ձեւով, այսինքն, արվում էր այնպես, ինչպես իրենք էին ցանկանում, իսկ աճուրդի դեպքում «յուղոտ պատառները» բաժին էին ընկնում իրենց կամ իրենց ծանոթներին եւ այդպես կարելի շարունակել թվարկումը: Անդրադառնանք աճուրդի գործընթացին, որը կարծես թե ավելի թափանցիկ է դարձել ու ավելի հասանելի մեզ նման «հասարակ մահկանացուներիս» համար, համենայնդեպս, առերեւույթ:
Ծանոթանալով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային ինտերնետ կայքում հրապարակային սակարկությունների միջոցով վաճառվող անշարժ գույքի ցանկին, առաջարկել եմ հորաքրոջս մասնակցել աճուրդին: Երեւանի, Նոր-Նորքի 9-րդ զանգվածի 24 շենքի թիվ 77 բնակարանի աճուրդին մասնակցելու նպատակով ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով եւ ժամկետում՝ 13.12.2013թ. դրամարկղային մուտքի թիվ 1059 անդորրագրով լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով 564. 984 ՀՀ դրամ նախավճարի գումար ենք վճարել ստորաբաժանման դրամարկղ եւ հորաքույրս՝ Գ. Դ.-ն, գրանցվել է համակարգում, ինչի արդյունքում տրամադրվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակցի թիվ Ջ 038 քարտը, համաձայն որի, ծածկագիրն էր թիվ 47z6vLJ3x5, իսկ ծածկանունը 4831:
16.12.2013թ. վերջինս աճուրդում ճանաչվել է հաղթող:

17.12.2013թ. թիվ 1082 դրամարկղային մուտքի անդորրագրով հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ ենք վճարել եւս 10. 834. 698 ՀՀ դրամ, որպես լոտի գնման գին՝ հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Նույն օրը, գումարը վճարելուց անմիջապես հետո անձամբ զանգահարել եմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետի ժ/պ Հովհաննես Տոնոյանին, առաջարկելով առանց ժամանակ կորցնելու ստորագրել հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին համապատասխան արձանագրությունը, վերջինս պատասխանել է, թե արձանագրությունը դեռեւս աճուրդի բաժնից իրենց չի տրամադրվել եւ չեն կարող ստորագրել այն տվյալ օրը` առաջարկելով գնալ տուն եւ սպասել իրենց զանգին: Քանի որ հորաքույրս Երեւան էր եկել Տաշիրից եւ չէր կարող կրկնակի անգամ եռօրյա ժամկետում կտրել նույն ճանապարհը, ինչպես նաեւ չէր կարող մնալ Երեւանում՝ թողնելով իր աշխատանքը, համառեցի, պնդեցի, իսկ այնուհետեւ երկար բանակցությունների արդյունքում համոզեցի, որպեսզի նույն օրը հարկադիր կատարողը եւ հորաքույրս ստորագրեն արձանագրությունը: Զանգել եմ աճուրդի բաժին եւ խնդրել արձանագրությունը հրատապ ուղարկել Ավան եւ Նոր-Նորք բաժին, ինչն արվել է: Մի քանի ժամ սպասել ենք ԴԱՀԿ շենքի առաջին հարկում, վերջապես մեզ հրավիրել են բաժնի պետի ժ/պ մոտ, ուր հորաքույրս ստորագրել է արձանագրությունը, իսկ հարկադիր կատարող Կարեն Խաչատրյանը հարկ անգամ չհամարեց մեզ հետ բառ փոխանակելու, կամ մեր ներկայությամբ արձանագրությունը ստորագրելու:

ԴԱՀԿ Ավան եւ Նոր-Նորք բաժնի պետի ժ/պ Հ. Տոնոյանը, մեզ հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելու առաջարկին ի պատասխան ասաց, որ պետք է Գլխավոր հարկադիր կատարողը հաստատի լիազորագիրը հարկադիր կատարողի անվամբ, նոր միայն իրենք մեզ հետ կգան նոտարական գրասենյակ՝ պայմանագիրը կնքելու, եւ առաջարկեցին գնալ տուն եւ հանգիստ սպասել իրենց զանգին:

Մինչեւ օրվա վերջ զանգ չստանալով՝ հաջորդ օրը, 18.12.2013թ. առավոտյան ներկայացել ենք ԴԱՀԿ, ուր որեւէ մեկը մեզ պատասխան չի տվել, թե ինչո՞ւ են խուսափում հորաքրոջս հետ պայմանագիրը կնքելու: Բոլոր նրանք, ում հետ փորձել ենք իրավիճակի ճշտում կատարել, պատասխանել են, որ իրենք տեղյակ չեն եւ իրավասու չեն մեր հարցերին պատասխան տալ, իսկ հարկադիր կատարողը հայտարարեց, թե գլխավոր հարկադիր կատարողը դեռեւս լիազորագիրը չի ստորագրել: Քանի որ հորաքույրս այդքան երկար Երեւանում գտնվել չէր կարող, աշխատանքային օրվա վերջին դուրս եկանք ԴԱՀԿ-ից եւ գնացինք նոտարական գրասենյակ, որտեղ որդուն՝ Ա. Դ.-ին լիազորեց վերը նշված գործարքի հետ կապված հանդես գալ իր անունից:

19.12.2013թ. առավոտյան ժամը 9-ից Ա. Դ. եւ ես գտնվել ենք ԴԱՀԿ շենքի առաջին հարկում եւ, կրկին ոչ մի հստակ պատասխան չստանալով, աշխատանքային ժամի ավարտից հետո ժամը 18:00 գնացել ենք տուն: 20.12.2013թ. առավոտյան ժամը 9-ից գտնվել ենք ԴԱՀԿ ծառայությունում, ու թեեւ եռօրյա ժամկետի վերջին օրն էր, սակայն հարկադիր կատարողը, բաժնի ժ/պ Հ. Տոնոյանը շարունակում էին հրաժարվել պայմանագիրը կնքել, ավելին ծուլանում էին անգամ պատասխանել մեր զանգերին, իսկ, երբ պատահաբար վերցնում էին ներքին հեռախոսը, լսում էին մեր ձայնը, կոպիտ պատասխանում էին, թե «խանգարում եք», կամ «մի զանգեք», կամ «իրավասու չենք որեւէ պատասխան տալու», կամ «ոչինչ չգիտենք», կամ «ասել էինք գնացեք ու սպասեք, դուք էլ գնացեք ու սպասեք», կամ «լիազորագիրը պատրաստ չէ»: Ա. Դ.-ն, գրանցվելով հերթապահ մասում, մտավ աճուրդի բաժին, ուր հեռախոսը փոխանցեց աշխատողին, որը ինձ ասաց, որ իրենք իրենց աշխատանքը կատարել են պատշաճ, իսկ մնացածի պատասխանատվությունն ընկնում է հարկադիր կատարողի վրա, եւ իրենք մեզ ոչինչով օգնել չեն կարող:

Զանգահարել եմ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Եգանյանին, որը լսելով ինձ եւ տեղեկանալով, որ պայմանագիրը կնքելու օրենքով սահմանված ժամկետը լրանում է հենց այդ օրը ժամը 18:00-ին, մյուս հեռախոսով կապվեց Հ. Տոնոյանի հետ եւ հարցրեց, թե ի՞նչ կա մեր գործից: Հաջորդ հարցին, թե կնքելո՞ւ են արդյոք մեզ հետ հիշյալ պայմանագիրը, լսափողից լսվեց Հ. Տոնոյանի պատասխանը. «Ոչ, պարոն Եգանյան, կարելի՞ է գալ Ձեզ մոտ»: Պատասխանելով՝ այո, Եգանյանը դիմեց ինձ եւ խնդրեց 5 րոպեից զանգահարել եւ խոստացավ պատասխան տալ:

5 րոպե հետո եւ մինչեւ աշխատանքային օրվա ավարտն անընդմեջ զանգահարել եմ Եգանյանին, որը հեռախոսը վերցնելուն պես անջատում էր, ինչպես իր ենթակա աշխատողները: Հերթական զանգից հետո վերցրեց քարտուղարսուհին եւ ասաց, որ պարոն Եգանյանը գլխավորի մոտ խորհրդակցության է: Արդեն զայրույթից զանգահարել եմ գլխավորի ընդունարան եւ պահանջել, որ վերջինս պատասխանի հեռախոսով կամ ընդունելություն կազմակերպի: Քարտուղարուհին հայտնեց, որ գլխավորի մոտ ընդունելություն չկա, իսկ պատասխանել չի կարող, քանի որ տեղում չէ եւ գնացել է տուն: Քարտուղարուհին, ի պատասխան իմ զսպված զայրույթի, պահանջեց, որ այլեւս իրեն այլեւս չզանգահարեմ եւ չանհանգստացնեմ, քանի որ իրենք մեզ օգնել չեն կարող: Դե, կարծում եմ, պարզ էր, որ այս հեռախոսահամարները ձեռք բերելը այնքան էլ դյուրին բան չէր, քանի որ, շենքի ներսում դրանք պահպանվում էր պետական գաղտնիքի նման: Մինչեւ հիշյալ զանգերը իրականացրեցի, դարձավ ժամը 19: 00-ն, երբ ԴԱՀԿ-ի շենքում այլեւս գրեթե աշխատակից չէր մնացել: Մեր «ընկերները» հերթապահ մասի ոստիկաններն էին: Այդ օրվան հաջորդեցին շաբաթ եւ կիրակի ոչ աշխատանքային օրեր: Երկուշաբթի օրը՝ 23.12.2013թ., կրկին առավոտյան շուտ շնչակտուր հասանք ԴԱՀԿ, կրկին սառույց էր, եւ բոլորը խուսափում էին մեզ հետ բառ փոխանակել: Անընդմեջ զանգահարում եւ հոգնեցնում էի Եգանյանի հեռախոսավարուհուն, որը վերջապես հարկ համարեց փոխանակելու մի նախադասություն. «Որոշվել է, որ Ձեր հարցի պատասխանը կտա աճուրդի բաժնի պետը»: Անմիջապես զանգահարեցի աճուրդի բաժնի պետին, փափագելով գոնե որեւէ պատասխան ստանալ, թեկուզ բացասական, որ գոնե դուրս գայինք այս չիրազեկված վիճակից: Արդեն անհանգստացնում էր նաեւ վճարված գումարների ճակատագիրը: Աճուրդի բաժնի աշխատակցուհին հայտնեց, որ պետը մեզ ընդունել չի կարող, քանի որ պատրաստվում է գնալ խորհրդակցության: Մենք գիտեինք, որ խորհրդակցությունը սկսվում էր 40 րոպեից, ուստի պնդեցինք, սակայն աճուրդի բաժնի պետը անդրդվելի մնաց, ստիպված էինք համաձայնել եւ սպասել մինչեւ խորհրդակցության ավարտը: Այդ ընթացքում զանգել եմ ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ, որտեղ հայտնել են, որ իրենք չեն զբաղվում ԴԱՀԿ-ի գործերով եւ առաջարկել են զանգել ԴԱՀԿ-ի թեժ գիծ: Ես արդեն զանգել էի ԴԱՀԿ -ի թեժ գիծ, որը արդյունք չէր տվել: Անելանելի վիճակից ելնելով՝ փորձել եմ կապվել նախարարի հետ եւս, դե, ինչպես գիտեք, ապարդյուն: Մինչեւ ժամը 13:00 սպասեցինք եւ իմացանք, որ խորհրդակցությունն արդեն ավարտվել է: Արդեն անհամբեր եւ շատ մրսած զանգեցի աճուրդի բաժին, ուր ինձ աշխատակցուհին հայտնեց, որ պետը մեզ ընդունել չի կարող, քանի որ դուրս է գալիս: Չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, բառի բուն իմաստով սառը ցնցուղ էր առանց այդ էլ սարսափելի ցուրտ միջանցքում, եւ նյարդերս տեղի տվեցին: Ես բղավում էի ու պահանջում, որ վերը թվարկված բոլոր սրիկաները հենց այդ պահին պատասխան տան իրենց անօրինակությունների համար:

Չգիտես որտեղից հայտնվեց գլխավորի օգնականը եւ էլի ինչ որ կերած խմած պաշտոնյա, որոնք իմ տեղատարափ հարցերին ի պատասխան ասացին, որ մեզ հետ գործարքը չի կնքվելու, եւ մեր գումարները կվերադարձնեն ամբողջությամբ: Զայրույթի մեջ ես շեշտեցի, որ պետք է վերադարձնեն ոչ միայն գումարները, այլեւ նախավճարի կրկնապատիկը եւ հատուցեն բոլոր վնասները: Զարմացած հայացք գցելով վրաս՝ նրանք ասացին, իսկ որտե՞ղ է գրված: Օրենքից անտեղյակ այդ պաշտոնյաներին մատնանշեցի ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը եւ հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի դրույթները: Հետագայում մեզ մոտեցավ բաժնի պետի ժ/պ Հ. Տոնոյանը եւ բառացի ասաց. «Փաստաթղթերը թերի լինելու եւ ժամկետը մեր մեղքով բաց թողելու պատճառով, աճուրդը համարում ենք անվավեր եւ պարտավորվում ենք վերադարձնել Ձեր գումարներն ամբողջությամբ»:

Հայտնում եմ նաեւ, որ տան վերը նշված գումարների մեծ մասը տարբեր բանկերից ստացված վարկեր էին, որոնց դիմաց վճարվել են տոկոսներ եւ միջնորդավճարներ, իսկ մյուս մասը արտարժույթով էր, որի նկատմամբ կատարվել է արտարժույթի առուվաճառք: Դրանց արդյունքում կրել ենք հսկայական վնասներ (առկա են բոլոր փաստաթղթերը):
Այս խաբեությունների գլխավոր հեղինակը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է եւ նրա կամակատարներ Ավան եւ Նոր Նորք բաժնի պետի ժ/պ Հովհաննես Տոնոյանն ու նույն բաժնի հարկադիր կատարող Կարեն Խաչատրյանը:

Մեր միջնորդությամբ նյութեր են նախապատրաստվել Մաշտոցի ոստիկանությունում՝ մեղավոր պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ այս խայտառակ անօրինականությունները կանխելու խնդրանքով:

ԱԼԼԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031