Հայոց ազգային բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ծրագրել է ամբողջ տարվա ընթացքում հայրենասիրական միջոցառումներ անցկացնել հանրապետության տարածքում տեղակայված զինվորական ստորաբաժանումներում:
Մեկնարկը տրվեց Նուբարաշենի վարչական շրջանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսում: Ստորաբաժանման անձնակազմի հետ հանդիպմանը, որի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգվեց օրերս ԼՂՀ սահմաններից ազերիների հատուկ նշանակության ջոկատների գրոհը հետ մղելիս եւ նրանց զգալի կորուստներով փախուստի մատնելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը, «Հայոց Արծիվներ» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը սպաներին եւ շարքային զինվորներին կոչ արեց միշտ զգոն լինել ու պատրաստ՝ հակառակորդի նենգություններին դիմակակայելուն եւ համախմբվելով Հայոց պետականության գաղափարի շուրջ՝ արժանապատվորեն պահպանել պետական սահմանը: «…Արժանի հետեւորդները լինենք այն ամենի, ինչը որպես պարգեւ տրվել է մեզ. այն է` հայրենիք, որպես բացարձակ արժեք, որը վեր է ամեն արժեքներից»:
Խաչիկ Ասրյանը միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով պարգեւատրեց զինվորական կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Իշխան Մաթեւոսյանին, հատուկ Հայոց ազգային բանակի այս տոնահանդեսին մասնակցելու եկած օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանին, արժեքավոր հուշանվերներ հանձնեց նրա որդուն` Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանին, կորպուսի բարձրաստիճան եւ կրտսեր սպաներին, ժամկետային ծառայության ժամանակ աչքի ընկած շարքային զինվորներին:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ