Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Շատ ենք հեռացել բռնցքամարտի հայկական դպրոցի ակունքներից»

Հունվար 29,2014 13:14

2013 թվականի նոյեմբերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը նոր նախագահ ընտրեց՝ մեր առաջատար մարզաձեւերից մեկի ղեկավարությունը վստահելով 2 օլիմպիական խաղերի, աշխարհի՝ 2 ու Եվրոպայի 4 առաջնությունների մասնակից, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին:

Անցած երկու ամիսներին ֆեդերացիայում արմատական բարեփոխումներ են կատարվել. ամբողջովին փոխվել են գործադիր կոմիտեի եւ հավաքականների մարզչական կազմերը:

Այս օրերին հանրապետության մեծահասակների եւ երիտասարդական հավաքականները (ընդհանուր առմամբ՝ 45 բռնցքամարտիկ) համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Aravot.am-ը այցելեց նրանց: Դահլիճում էր նաեւ ֆեդերացիայի նախագահը, որը մարզազգեստ հագած մասնակցում էր մարզումներին:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը նշեց, որ բոլոր փոփոխությունները միտված են մեր թիմերի հաջողությանը: «Ես չեմ ուզում ասել, թե նախկին մարզիչները քիչ կամ վատ են աշխատել: Պարզապես, նպատակահարմար եմ գտնում աշխատել այս նոր թիմի հետ, որին վստահում եմ:

Մեծահասակների գլխավոր մարզիչը բոլորին հայտնի Դավիթ Թորոսյանն է, որը, կարծում եմ, ռինգում իր մարտաոճով հայկական բռնցքամարտի ձեռագիրը կերտողներից  մեկն է: Այսօր մենք շատ ենք հեռացել հայկական ավանդական ակադեմիական բռնցքամարտի ակունքներից: Մերը խաղային ոճն է: Մեր բռնցքամարտում կար հնարք եւ հնարամտություն: Ուզում եմ, որ մեր տղաները վերադառնան հայկական բռնցքամարտին, այն ձեռագրին, ինչ մասին խոսում էր ամբողջ աշխարհը, որի հետ խուսափում էին հանդիպել աշխարհի ուժեղագույն թիմերը եւ անհատ բռնցքամարտիկները:

Դավիթ Թորոսյանի հետ աշխատում է Մանվել Գաբրիելյանը, որը ներկայացնում է բռնցքամարտի հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրին, որտեղ միշտ էլ աճել են բարձրակարգ բռնցքամարտիկներ, սակայն, անհասկանալիորեն հավաքականի մարզչական կազմում գյումրեցի մասնագետ չի եղել: (Մանվել Գաբրիելյանը երկար տարիներ եղել է Նիկոլայ Վալուեւի անձնական մարզիչը եւ ռուսաստանցի հսկան պրոֆեսիոնալ ռինգում հաջողություններ ունենալ սկսել է հենց նրա մոտ մարզվելով: Ա. Հ.): Երիտասարդների ավագ մարզիչը բազմափորձ Վազգեն Բադալյանն է՝ Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչը: Պարոն Բադալյանը հայկական բռնցքամարտին տվել է մեկ տասնյակից ավելի միջազգային կարգի բռնցքամարտիկներ: Հիմա բոլորին մեկ առ մեկ չեմ թվարկի, որպեսզի որեւէ մեկին չմոռանամ: Նրան օգնում է Արտյոմ Սիմոնյանը՝ աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Պրոֆեսիոնալ ռինգում նվաճել է աշխարհի չեմպիոնի փոքր գոտի: Արտյոմն իմ հասակակիցն է, Հայաստանի ազգային հավաքականում մենք թիմակիցներ ենք եղել: Նա տեխնիկական լավ բազա ունի: Համոզված եմ, որ շատ բան ունի փոխանցելու մեր այսօրվա բռնցքամարտիկներին: Հներից մնացել է Արման Հովհաննիսյանը, որը ղեկավարում էր պատանիների հավաքականը: Հրավիրվել է նաեւ Արշակ Ավարտակյանը, որն աշխարհի առաջնության մեդալակիր է: Ինչպես տեսնում եք, բոլորն էլ բռնցքամարտում երկար Ճանապարհ անցած ու փորձառու մասնագետներ են»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031