Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեռական կյանքի վարագույրից անդին. Մեդալի տարբեր կողմերի մասին. «Մեդիալաբ»

Հունվար 29,2014 13:07

Երբ մեքենայով Աշտարակից դեպի Երևան ուղևորվող երկու ընկերներ մայրուղուց պատահական մի կնոջ իրենց մեքենայով Երևան բերելու համար օգտվում էին վերջինիս մատուցած ծառայություններից, իրենց մտքով էլ չէր անցնում, որ որոշ ժամանակ անց  հայտնվելու են Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում՝ իրենց հետ բերելով՝ մեկն իր կնոջը, մյուսը՝ զուգընկերուհուն: Բոլորի մոտ էլ հայտնաբերվեց սիֆիլիս:

Սեռավարակներից խուսափելու երեք ճանապարհ կա. ժուժկալություն, հավատարմություն և պահպանակի օգտագործում. կարծում է կենտրոնի սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը:

«Սակայն մենք գիտենք, որ պետք չի ծխել, բայց ծխում ենք,- «Մեդիալաբին» ասում է նա,- մարդը գիտի, որ պետք է պաշտպանվել, բայց չի պաշտպանվում. գիտելիքը կա, բայց չկա կիրառությունը:

Հովհաննիսյանն ասում է, որ պահպանակ չօգտագործելու համար հիվանդները երբեմն բերում են ծիծաղելի փաստարկները. «ինքը ամուսնացած է. դժվար իր մոտ սեռավարակ լիներ», «ես իրեն ճանաչում եմ. չէր կարող իր մոտ նման բան լինել», «ինքը մեր հարևանն է» և այլն:

Սեռավարակների հիմնական բացասական ազդեցությունը  վերարտադրողական առողջության վրա է և սեռավարակը չբուժելու դեպքում մարդը երեխա չի կարող ունենալ:

Ըստ սեռավարակաբանի՝ անպտղության զգալի տոկոսը պայմանավորված է վատ բուժված կամ ընդհանրապես չբուժված սեռավարակներով:

«Քանի որ, օրինակ քլամիդիոզի դեպքում մարդը կարող է գանգատ չունենալ, մինչդեռ պրոցեսը գնում է շագանակագեղձում, ամորձիներում, հեշտոցում, փողերում կամ ձվարաններում,- մեկնաբանում է նա,- մարդը կարող է մեկ-մեկ ցավեր ունենա, բայց դե կարող է մրսած լինի, իսկ ո՞վ չի մրսում: Ու շարունակվում են չհետազոտվել մինչև ամուսնության երկրորդ տարին, երբ պարզում են, որ երեխա չեն ունենում»:

Խոսելով հանրության՝ այս ոլորտի թերիրազեկվածության մասին, Հովհաննիսյանը նշում է երկու կարևոր հանգամանք, որն, ըստ իրեն՝ ունի լավ և վատ կողմ:

«Եթե մարդիկ իմանան, որ սեռավարակից կարելի է շատ հեշտ բուժվել, ապա աջ ու ձախ կսկսեն վարակվել,- մեկնաբանում է նա,- մյուս կողմից բժիշկները կսկսեն քիչ փող աշխատել. դա կանխամտածված չի ներկայացվում»:

Սեռավարակից մարդ չի մեռնում. պետք չէ այս հիվանդությունները չափազանց լրջացնել ու վախենալ. պնդում է Հովհաննիսյանը:

Ի՞նչ կա թաքնված սեռական կյանքի վարագույրից անդինկամ ոլորտի հիմնախնդիրները

Թեպետ հայ հասարակությունը պահպանողական է, սակայն սեռավարակաբանի կաբինետում որոշ ժամանակ անցկացնելուց հետո կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ կա արտաքուստ պահպանողական համարվող հասարակության վարագույրից անդին:

Հովհաննիսյանի տղամարդ այցելուներից մեկը արդեն 7-8 տարի շարունակաբար յուրաքանչյուր Նոր տարվա նախօրեին գալիս է հետազոտվելու: Թե ինչու է նա ընտրել հատկապես Նոր տարվա նախօրեն, հավանաբար, գիտի ինքը, սակայն սույն  անձնավորությունը տարվա մեջ ունենում է մի շարք պատահական հարաբերություններ, որի ժամանակ նա գործածում է պահպանակ, և ունի ևս երկու զուգընկերուհի, որոնց հետ նա պահպանակ չի գործածում, քանի որ վստահաբար գիտի, որ վերջիններիս կյանքում ինքը միակն ու անկրկնելին է:

Սեռավարակաբանն ասում է, որ սա շատ սովորական ու տարածված դեպք է. «մենք բազմաթիվ այցելուներ ենք ունենում, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում 15 տարբեր զուգընկերներ են ունեցել»:

Այդուհանդերձ, Հովհաննիսյանի կարծիքով, սեռական ոլորտին առնչվող թեման Հայաստանում պարուրված է գաղտնի շղարշով և շատ քիչ ինֆորմացիա կա, նաև հենց այն պատճառով, որ հիվանդությունների այս խումբը ամոթալի է համարվում և հանրությունում վատ վերաբերմունք կա դրանց նկատմամբ:

«Եթե մեկը ատամնաբույժի կարիք ունի, կարող է զանգել ու ծանոթից հարցնել, բայց միևնույն ժամանակ շատ քչերն են, որ կհարցնեն լավ վեներոլոգի տեղը. դա ընդունված չէ»,- մեկնաբանում է նա:

Սեռավարակաբանը պնդում է, որ հիվանդների մի մեծ խումբ խուսափում է հետազոտվել, որովհետև վախենում է, որ կհաստատվեն իր կասկածները՝ սեռավարակ ունենալու մասին:

«Հիվանդ ունեմ, որ պատմում էր, թե միզուկից 6 ամիս արտադրություն ուներ և ամեն միզելուց կյանքի կեսը գնում էր, բայց չէր գալիս ստուգվելու,- պատմում է նա,- սեռական հիվանդությունների նկատմամբ տարածված սխալ ընկալում կա, որ դրանք չափազանց լուրջ հիվանդություններ են. հիվանդ կա, որ սրտի իշեմիա ուներ և դրանից չէր վախենում, բայց երբ քլամիդիոզ հայտնաբերեցինք՝ մահու չափ վախենում էր»:

Քլամիդիոզը այս խմբի հիվանդություններից ամենատարածվածներից է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, սակայն այս դեպքում խնդիրն այն է, որ այն կլինիկորեն չի դրսևորվում և դրա կրողը հիմնականում գանգատներ չի ունենում:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես մարդը պետք է իմանա, որ սեռավարակ ունի: Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մինչև տասը տարի առաջ գոյություն է ունեցել բազմաթիվ հարցերից բաղկացած մի սխեմա, համաձայն որի պարզում էին մարդու՝ սեռավարակ ունենալու ռիսկայնության աստիճանը:

«Հիմա բոլոր հարցերը հանվել են և մնացել է բացառապես միայն մեկը. եթե ունեցել ես անպաշտպան սեռական հարաբերություն, ուրեմն շանս ունես վարակվելու»,- ասում է նա:

Հետաքրիքր է նշել, որ մինչև 1990թթ. Հայաստանում քլամիդիոզ չի ախտորոշվել, որովհետև չկային համապատասխան սարքավորումներ, իսկ մարդկանց մոտ այն հայտնաբերվելուց նշվել է որպես ոչ գոնոկոկային հիվանդություն, որը կլինիկորեն նման է գոներեային, բայց գոնորեա չէ:

Մեկ այլ խնդիր է այն, որ գանգատ ունենալու դեպքում մարդը դիմում է ոչ թե համապատասխան մասնագետի, այլ գնում է դեղատուն՝ հարցնելով թե բորբոքման համար ինչ դեղ խորհուրդ կտան:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031