Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են զբաղված ՀԱՊԿ-ը եւ Նիկոլայ Բորդյուժան

Հունվար 29,2014 12:38

ՀԱՊԿ-ին չե՞ն հետաքրքրում հայ-ադրբեջանական  սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունները

Մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական շփման լարվածության ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները ուշագրավ տեղեկություն հրապարակեցին: «Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով»՝ հաղորդեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, ընդ որում՝ հավելելով, որ նշյալ տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Ամեն առիթով, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հարց են ուղղում Հայաստանի անվտանգության պաշտպանության, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ հակամարտության բռնկման հնարավորությունների դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, նա մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թե հայ գործընկերների հետ ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ուժային կառույցները անհրաժեշտության դեպքում այդ անվտանգությունը կարողանան ապահովել արդյունավետությամբ:

Իհարկե, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մշտապես նշում է, որ ԼՂ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի, որ իրենք իրավիճակին տիրապետում են, զարգացումներին հետեւում են, սակայն, քանի որ խնդրի կարգավորման դերը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ը դեմ է, որ որեւէ մեկը կամ որեւէ այլ կազմակերպություն խառնվի այդ հարցին:
Անցյալ ամռանը՝ հունիսի վերջերին, Բորդյուժան եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների խորացման մասին վկայող 20 կետանոց պայմանագիր: Պայմանագրի ստորագրումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Ա. Բաղդասարյանը նշեց, որ այս պայմանագրով նախատեսվում է մեր անվտանգության համակարգի համալիր միջոցառումների լայն ցանկ, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլեւ Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջեւ: Հայտնի դարձավ, որ Հայաստանում օդուժը ընդլայնվելու է, եւ ոչ միայն օդուժը, այլեւ ռազմաօդային պաշտպանության համակարգն է արդիականացվելու, վերազինվելու, վերազինվելու է նաեւ 102-րդ ռուսական բազան, ռուսական սահմանապահ ստորաբաժանումը:

Նույն օրը Բորդյուժան, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին՝ նշեց. «Այն միջոցները, որ ձեռնարկում է ՀՀ-ն՝ իր անվտանգության պահպանման համար, եւ այն, որ այդ խնդրում նրան մշտապես օգնում են ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը՝ 102-րդ ռազմական բազայի, սահմանապահ ուժերի եւ ռազմատեխնիկայի ինտենսիվ մատակարարման առումով, եւ որպես օգնություն՝ համապատասխան տեխնիկայի մատակարարումը եւ համատեղ ուսումնավարժանքները, այդ ամենը ապացուցում են, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով պաշտպանված է, եւ մեր երկրի անվտանգության բազմաէշելոն համակարգը թույլ է տալիս, որ մենք հանգիստ առաջ նայենք եւ զբաղվենք երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներով»:

ՀԱՊԿ-ը ի՞նչ գործողությունների կդիմի, եթե կոնֆլիկտային իրավիճակը ղարաբաղյան ճակատում սրվի՝ այս հարցը Բորդյուժային բազմիցս ուղղվել է, նա անվերջ կրկնել է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, կարող է օգտագործել իր իրավունքը՝ ստանալ հավաքական անվտանգությանն ուղղված օգնություն իր գործընկերների կողմից. «ՀԱՊԿ-ն ունի ոչ միայն ուժային, այլեւ քաղաքական ներուժ՝ իրավիճակի վրա ազդելու համար: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կստանա ամեն անհրաժեշտ օգնություն` որպես կազմակերպության լիիրավ անդամ»: Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երեւանին՝ 2012-ի ամռանը կայացած Երեւան-Մոսկվա-Կիեւ-Աստանա-Քիշնեւ հեռուստակամրջի ժամանակ հավաստիացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Հավելենք նաեւ, որ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է նշված անդամ-պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է (նշված անդամ-պետության) անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը), մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին, որոնց արդյունքում գնդակոծվեցին հայկական բնակավայրեր, վիրավորվեց մեկ խաղաղ բնակիչ, իսկ ԼՂ-ի ու Ադրբեջանի սահմանին հակառակորդի իրականացրած դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: ՀԱՊԿ-ը ոչ միայն որեւէ հայտարարություն չտարածեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների առնչությամբ, այլեւ պարզվում է, որ այս կազմակերպությունում տեղյակ էլ չեն վերջին իրադարձություններին:

Օրերս «Ազատություն» ռ/կ-ն կապ էր հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով նրան, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջեւ շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ: Զայնետդինովն ասել է, որ զինված ընդհարումների մասին ինքը առաջին անգամ է տեղեկանում՝ «Ազատություն» ռ/կ-ից, ու հետեւաբար որեւէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաեւ չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում: Եվ սա այն դեպքում, երբ 2010թ. հայ-ռուսական ռազմական պայմանագրով մեր երկրում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044-ը, եւ Մոսկվան, փաստորեն, ստանձնել է Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունը:
Խոսքը պաշտոնական Բաքվի կողմից հաստատված տեղեկության մասին է, որ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով: Այսինքն՝ ՀՀ «ռազմավարական դաշնակիցը» ոչ միայն չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, այլեւ տեղյակ էլ չի, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Եվ մենք դեռ զարմանում ենք, որ Մաքսային միության անդամ մյուս երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը, որոնք նույնպես ՀԱՊԿ անդամներ են, ԼՂ խնդրի կապակցությամբ հարցեր են հնչեցնում՝ ուղղված Հայաստանին:

Ինչո՞վ են զբաղված ՀԱՊԿ-ը եւ Նիկոլայ Բորդյուժան… Այս հարցի պատասխանը, թերեւս, տրվել է անցյալ ամիս՝ ՀԱՊԿ կլոր սեղանի ընթացքում: ՀԱՊԿ-ը լծված է ԱՊՀ երկրներում Արեւմուտքի կազմակերպած «գունավոր հեղափոխությունների» հակազդեցությամբ՝ դեկտեմբերի 20-ին հայտնեց ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը: Կլոր սեղանի մասնակիցները եզրակացրել են, որ «Ռուսաստանի արեւմտյան հակառակորդները» միջազգային կառույցների միջոցով շահարկում են ընտրությունների դիտարկումը, ակտիվորեն ազդում են համացանցից օգտվողների վրա, հ/կ-ների եւ ԶԼՄ-ների միջոցով հանրային տրամադրության խեղաթյուրված պատկեր են ձեւավորում: Կլոր սեղանի մասնակիցները ՀԱՊԿ-ին խորհուրդ էին տվել «հակաքարոզչական մեխանիզմներ մշակել», իսկ Ռուսաստանին՝ չամաչել հարեւան երկրների ներքաղաքական կյանքի վրա ազդելուց: Քննարկման արդյունքում որոշվել է արտաքին միջամտություններին եւ «գունավոր հեղափոխություններին» հակազդելու առաջարկությունների ցուցակ կազմել, որը կուղարկեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին: Մասնավորապես ՀԱՊԿ-ը կառաջարկի «արգելափակել բացասական տեղեկատվությունը, որը նպաստում է երկրի ներսում լարվածության ուժգնացմանը, ինչը հեղափոխության աղբյուրն է»: Հատկանշական է, որ կլոր սեղանը կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031