Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցած տարի 10 000 ձեռնարկություն է փակվել. «Հայոց աշխարհ»

Հունվար 29,2014 12:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 18-ին տեղի ունեցած փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը։ Վարչապետը նշել էր, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչեւ 1 տոկոս նվազեցնելն է՝ ապահովելով նաեւ բոլոր գործարքների փաստաթղթավորում։ Վարչապետին զարմացրել էր այն, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով` վարչապետը հանձնարարել է խնդիրը քննարկել գործատուների հետ: Հատված ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   -Պարոն Մակարյան, շրջանառության հարկը կոչված էր պարզեցնելու վարչարարությունը եւ հեշտացնելու տնտեսավարողների կյանքը: Կարելի՞ է ասել` այն չծառայեց իր նպատակին:

-«Շրջանառության հարկի մասին» օրենքը լավն է, այն իսկապես հեշտացրեց վարչարարությունը:
Խնդիրն այլ տեղ է: Երբ ներմուծվեց նոր հարկատեսակը` շրջանառության հարկը, ոչ ոք չէր հաշվարկել, որ արդյունավետ չգործող ձեռնարկությունները խնդիրներ կունենան: Նախկինում դրանք շահութահարկ էին վճարում, եւ եթե շահույթը չնչին էր` իրենք հարկ գրեթե չէին վճարում: Բայց շրջանառության հարկի ներմուծման դեպքում ձեռնարկությունը, անկախ շահութաբեր լինելուց, պետք է հարկ վճարի` կախված շրջանառության չափից:

Քանի որ Հայաստանում ավելի մեծ թիվ են կազմում ցածր արտադրողականությամբ ու արդյունավետությամբ գործող ձեռնարկությունները, ապա շրջանառության հարկի պատճառով ընկերությունները լրացուցիչ հարկային բեռի տակ են ընկել: Միգրացիայի եւ աղքատության պատճառով նվազեց մարդկանց գնողունակությունը: Փոքր բիզնեսը հայտնվեց անհավասար մրցակցության մեջ:

2013-ին առեւտրի ոլորտում գործող փոքր ձեռնարկությունների 18 տոկոսը` գրեթե 10 000 ձեռնարկություն, փակվեց: Այսինքն՝ մենք միանգամից կորցրինք նվազագույնը 10 000 աշխատատեղ: Տարբեր ասոցիացիաներ, այդ թվում՝ մենք, բարձրաձայնեցինք խնդրի մասին: Կառավարությունը հանգեց այն եզրակացության, որ պետք է շրջանառության հարկը իջեցնել մինչեւ 1 տոկոս:

-Վարչապետին զարմացրել էր, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: 

-Շատ ՓՄՁ-ներ միգուցե համաձայն չեն այս փոփոխությանը, քանի որ փոքր բիզնեսի` առեւտրի ոլորտի ձեռնարկությունները միշտ նշում են, որ խոշոր ներկրողներն իրենց փաստաթղթեր չեն տրամադրում: Իսկ պետությունը նշում է` եթե փաստաթղթեր չունես` պետք է ստուգումների կամ տուգանքների ենթարկեմ:

Այդ պատճառով շատ ՓՄՁ-ներ մտածում են` ավելի լավ է շրջանառության հարկը մնա 3,5 տոկոս, բայց իրենց փաստաթղթերի առումով չանհանգստացնեն: Մենք գտանք կոմպրոմիսային լուծում: Առաջարկեցինք, որ ընկերությունը կամավոր ձեւով ընտրի` եթե կարող է 80 տոկոս փաստաթղթավորել, ապա կունենա 1 տոկոս հարկում: Եթե փաստաթղթերի 60 տոկոսն ապահովի՝ հարկումը 2 տոկոս կլինի, եթե ընդհանրապես չցանկանա փաստաթղթավորել՝ մտածելով, որ դա գլխացավանք է իր համար՝ կմնա 3,5 տոկոսի ռեժիմի տակ:

Նախկին տարբերակը վտանգավոր էր նրանով, որ կառավարությունը փոքր եւ խոշոր բիզնեսներին «հանում էր միմյանց դեմ»: ՓՄՁ-ն ինքը պետք է խոշորից փաստաթղթեր պահանջեր: Խոշորն էլ չէր տրամադրում այդ թղթերը` ասելով` չես ուզում, չեմ մատակարարի: Իսկ դա հանգեցնում էր փոքր բիզնեսի ոչնչացմանը:
Խոշոր բիզնեսն այլեւս փոքրին չէր տրամադրում, ասենք, ծխախոտ, շաքարավազ… իսկ ՓՄՁ-ները հիմնականում դրանով են առեւտուր անում: Ուստի ստիպված շատերը համակերպվում էին խոշորի` փաստաթղթեր չտրամադրելու ավանդույթի հետ:
Նոր տարբերակով նպաստում ենք փոքր ու խոշոր բիզնեսի միջեւ աշխատանքային մշակույթի ձեւավորմանը: ՓՄՁ-ն կձգտի փաստաթղթեր պահանջել խոշորից, խոշորն էլ կփորձի դրանք տրամադրել:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031