Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին

Հունվար 29,2014 12:14

Ինչպես հայտնի է՝ երկու օր առաջ ԵԽԽՎ-ն ընտրեց նոր նախագահ` Լյուքսեմբուրգցի Անն Բրասերին: Որքանով այս ընտրությունը դրականորեն կազդի մեր երկրի ուղղությամբ տարվող քաղաքականության վրա և ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ ԵԽԽՎ ղեկավարությունից, այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանի հետ.

Տիկին Նաղդալյան, Դուք որպես ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած , ԵԽԽՎ ներկայիս ղեկավարի հետ ժամանակին նաև միևնույն քաղաքական խմբում համագործակցելով , հավանաբար, կարող եք նախնական գնահատական տալ այս ընտրությանը

– Նախ, շնորհավորում եմ տիկին Բրասերին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ և ցանկանում , որ իր նախագահության շրջանը եվրոպական արժեքների կայացման և հաստատման այս առաջատար ատյանում աչքի ընկնի նոր ձեռքբերումներով արդարության, մարդու և ազգերի ազատության, հավասարության և աշխարհն առաջ տանող մյուս պրոգրեսիվ գաղափարների հաղթանակի գործում:

Նաև շնորհավորում եմ ԵԽԽՎ-ի իմ բոլոր կոլեգաներին կազմակերպության 27-րդ նախագահ` Անն Բրասերին ընտրելու առիթով, ով հայտնի է որպես սկզբունքային, շիտակ, լայնախոհ և հանդուրժողական , իմ խորին համոզմամբ` ազնիվ և հեղինակավոր, բառիս ուղիղ իմաստով քաղաքական գործչի օրինակ:

Վստահ եմ, որ իր նախագահությունը միտված է լինելու ԵԽ-ի հիմնական սկզբունքների ` մարդու իրավունքների, դեմոկրատիայի, օրենքի գերակայության և այլ արժեքների հետագա խորացմանը, կարծում եմ, առանձնապես կարևոր է, որ նահանջեն այնպիսի երևույթներ, ինչպիսիք կրկնակի սկզբունքներն են, երկակի ստանդարտների կիրառումը:

Ես երկար տարիներ եմ ճանաչում տիկին Բրասերին` լինելով նրա հետ մեկ քաղաքական խմբում և խմբի բյուրոյում` Լիբերալների և դեմոկրատների ալիանսում /ԱԼԴԵ/, որը վերջին 4 տարիներին ինքն էր ղեկավարում, ծանոթ եմ նրա բազմաթիվ ելույթներին և իր մասնակցությամբ քննարկումներին խմբի և բյուրոյի նիստերում,  առիթներ ունեցել եմ համոզվելու, որ արդարամտության և սկզբունքայնության մարմնավորում է: ԵԽԽՎ 2-րդ կին նախագահն է, այս առումով ևս հուսով եմ, որ նրա պաշտոնավարումը կբերի բարության, զգայունության, սրտացավության, հումանիզմի այն տարրերի գերակշռումը, որ կրում են կանայք` բնությամբ իրենց վերապահված առանձնահատկությունների շնորհիվ: Դրանք այսօր շատ անհրաժեշտ են մարդկային հասարակությանը:

Միաժամանակ ընդգծեմ, որ իր կատարած աշխատանքները, որպես կանոն, այնպիսին են, որոնցում պահանջվում է քաղաքական և մարդկային անկոտրում կամք: Այդպիսին էին , օրինակ, Թունիսում իր իրականացրած աշխատանքները, միջազգային կառույցներում քաղաքական կոռուպցիայի, խավիարային քաղաքականության և դրա անընդունելիության դեմ ունեցած ելույթներն ու ձեռնարկած քայլերը:

Տիկին Բրասերը տարբեր առիթներով եղել է ՀՀ-ում և քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին, ինչպես նաև մեր ազգային խնդիրներին:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031