Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։
ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն տարի նոր թափով ու նոր ծրագրերով է սկսում աշխատանքը, և 2013թ. վերջին խնդիր էր դրված կատարել որոշակի փոփոխություններ։ Ընդ որում, փոփոխությունների հարցը բարձրացրել էին հենց ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները, այն է՝ թարմացնել, երիտասարդացնել կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունները։
Կարեն Ավագյանն իր խոսքում կոչ արեց երիտասարդ հանրապետականներին շարունակել նվիրված աշխատանքը։ «Եթե չեղավ նվիրվածություն, պրոֆեսիոնալիզմ, ընկերական միջավայր, աշխատանքը չի ստացվի։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այսօր Հայաստանում ամենահզոր, ամենաազդեցիկ երիտասարդական կառույցներից է, ինչը հենց նվիրվածության արդյունքն է։ Մեզ վստահված է աշխատանքի բավականին մեծ ծավալ, ու պետք է ամեն ինչ անենք` այդ վստահությունն արդարացնելու համար։ Իսկ դրական արդյունքներ գրանցելու լավագույն ձևաչափն ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտն է։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մեր այն ընկերները, ովքեր նոր են համալրում կուսակցական կառույցների ղեկավար պաշտոնները, հասկանան, որ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, որտեղ անդամագրվում են ինչ-որ բանի արժանանալու համար։ Կուսակցությունը միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը պետք է կարողանա ինչ-որ բան տալ»,- ասաց Կարեն Ավագյանը։
Կարդացեք նաև
Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ՀՀԿ Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ մարզի երիտասարդական կառույցների նորընտիր ղեկավարները կշարունակեն նույն արդյունավետությամբ աշխատել։
Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահը պատասխանեց լոռեցի երիտասարդներին հետաքրքրող հարցերին, քննարկվեցին առաջիկա ծրագրերը։ Հանդիպման վերջում Կարեն Ավագյանը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության մի խումբ անդամների՝ երիտասարդական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն