Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «ՍԴ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում»

Հունվար 29,2014 11:50

«Այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, այն ընդամենը երկու ամիս է տևելու, մինչև ՍԴ-ի հերթական վճիռը կայանա: Զարմանում եմ այն հրճվանքի վրա, որը ՍԴ որոշումին հետևեց: Կասեցնելը ՍԴ-ի պարտականությունն էր»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ՍԴ-ի՝ հունվարի 24-ի որոշմանը՝  կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ, այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:

Փաստաբան Նորայր Նորիկյանը խնդիրը դիտարկեց քաղաքական, սոցիալական և իրավական տեսանկյուններից ու նշեց. «ՍԴ-ն հունվարի 24-ին ընդունել է բացառապես իրավական որոշում: Բայց հնարավոր չէ դրա մեջ քաղաքական բաղադրիչ չգտնել: Այս որոշումն ուղղված է հասարակական տրամադրությունների շոշափմանը: Պատահական չէ, որ մի քանի օր առաջ նախագահը հայտարարեց, թե տարիներ հետո այս ռեֆորմը կհանդիսանա պատմական»:

Արձագանքելով` տիկին Բախշյանն ասաց. «Գուցե նախագահի ասածն էլ դա է, թե վատ է լինելու, զգույշ եղեք, խելոք եղեք: Փաստորեն, ատկատը որպես տնտեսական համակարգի շարժիչ ուժ է դառնում: Այս օրենքի ընդունումը հասարակական պայթյունի կհանգեցնի»:

Իրավաբանն էլ վրդովվեց, թե ինչն էր խանգարում կառավարությանը օրենքը վերլուծվել, առավել պրոֆեսիոնալների կողմից մատչելիորեն մատուցել հասարակությանը: Այնուհետև կասկածի տակ դրեց, թե արդյոք մեզ նման օրենք անհրաժեշտ էր, ինչպիսի սոցիալական ռիսկեր ու վտանգներ է այն պարունակում և արդյոք ժամանակավրեպ չէ:

Նորայր Նորիկյանը նկատեց, թե ՍԴ որոշումը մեծամասամբ պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե հասարակությունը և շահագրգիռ կազմակերպությունները ինչպիսի քայլեր կձեռնարկեն: Նա խորհուրդ է տալիս բոյկոտից մինչև համազգային գործադուլի դիմել:

Այն հարցի առնչությամբ, թե ՍԴ-ն ի վերջո ի՞նչ որոշում կընդունի, պարոն Նորիկյանն ասաց. «ՀՀ նախագահը նաև իշխող կուսակցության ղեկավարն է և կառավարության պատասխանատվության կրողը: Ուստի որոշ ճնշումների ներքո ՍԴ-ն որոշակի սրբագրումներ է անելու օրենքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031