Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևան քաղաքի վարչության անդամ, ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը, մեկնաբանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծի լարված իրավիճակը, նկատեց.
«Թող բոլորը հստակ իմանան, որ չնայած հայտարարված զինադադարին, ադրբեջանական ոտնձգությունները կրում են առօրյա բնույթ: Շատ լավ կլիներ, որ սահմանային կետերում բացի ժամկետային զինծառայողներից լինեն նաև պայմանագրային զինծառայողներ, ովքեր մեծ փորձ ունեն: Պետք է միշտ պատասխանեն սադրանքներին ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ լռեցնելու թշնամու կրակակետերը, որը որ կարծես թե կատարվում է: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Հայոց Բանակի նախկին, ներկա և ապագա բոլոր մարտիկներին՝ 22-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ միայն Հաղթանակներ»:
Խոսելով վերջին շրջանում ՍԴՀԿ-ի շարքերից վտարված Լյուդմիլա Սարգսյանի և մի խումբ նրա համախոհների կողմից նոր կուսակցություն ստեղծելու մասին, Վազգեն Սիսլյանը ընդգծեց.
«Իմ կարծիքով ՍԴՀԿ-ն իր 126-ամյա պատմության մեջ երբեք չի լուծարվել, որ ինչ-որ մեկը հայտարարի այն «վերակազմավորելու» մասին: Մայր կուսակցությունը կա, գործում և պայքարում է: ՍԴՀԿ-ի անունից խոսելու իրավունք ոչ մեկ, բացի կուսակցության ղեկավարությունից, չունի, առավել ևս մի քանի վտարվածներ: Կուսակցության պառակտման փորձերը դատապարտված են ձախողման և դավաճանություն են: Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»: