Հատված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցից:
– Պարոն Օհանյան, օրերս Դուք հայտարարեցիք, որ 2013-ին հայոց բանակում մարդկային կորուստները 32%-ով նվազել են։ Սակայն միայն 2014թ. հունվար ամսվա ընթացքում արձանագրված դեպքերը, մասնավորապես հունվարի 13-ին Մհեր Խլղաթյանին հոսպիտալում ծեծի ենթարկելու դեպքը, ինչպես նաեւ հունվարի 20-ին մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված Էդիկ Շահնազարյանի տարօրինակ մահը, կարծես թե չեն հաստատում այդ միտումը։ Միգուցե Ձեզ ճիշտ չե՞ն ներկայացնում իրավիճակը։
– Գիտեք, զինված ուժերը իր հնարավորություններով, իր կառավարման համակարգով եւ վերահսկման մեխանիզմներով այնպիսին է, որ անհնար է պաշտպանության նախարարին որեւէ հարցում ճիշտը չզեկուցել կամ իրավիճակը խեղաթյուրել։ Քանի որ մենք վերահսկողության բազմաթիվ մեխանիզմներ ունենք՝ մեր իրավապահների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով զբաղվող հրամկազմի, հետախուզական մարմինների, ինչպես նաեւ անընդհատ հանկարծակի ստուգումների իրականացման միջոցով բացահայտելու այն թերությունները, որոնք գոյություն ունեն զինված ուժերում։
– Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ հայոց բանակում կատարվող դեպքերի առնչությամբ ՊՆ ներկայացրած տեղեկատվությունն ու իրականությունը հաճախ համատեղելի չեն լինում։
Կարդացեք նաև
– Այդ դեպքերի մեծ մասը պահի ազդեցության տակ կատարվող հանցագործություններ են։ Շատ դեպքերում իրար հետ բավականին լավ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ խոսակցության մեջ են մտնում, եւ այդ կեղծ հայհոյանքների պարտավորվածությունների տակ գտնվելով՝ տեղի են ունենում նման դեպքեր։ Իզուր չէ, որ ես 2014 թվականը հայտարարել եմ այդ արատավոր բարքերի վերացման տարի։ Արատավոր բարքերն են, որ միջանձնային հարաբերություններում պահի մեջ այնպիսի իրադրություն են ստեղծում, որ զինվորները գնում են հանցագործությունների։ Մենք պարտավոր ենք դրա դեմ պայքարել՝ մարդկանց համոզելով, զինծառայողի հոգու մեջ մտնելով։ Պարտավոր ենք ե՛ւ մենք, ե՛ւ ծնողները, ու դրա համար է, որ ես համատեղ պայքարի կոչ եմ անում բոլորիս։ Դրանից զատ՝ նաեւ պարտավորվելով բարձրացնել մեր հրամանատարների պատասխանատվությունը՝ որպես վերջնական վերադաստիարակողի կամ զտիչ դերակատարություն իրականացնողի:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում