Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանը անդամակցելու արդյունքում զգալիորեն կթանկանան մսամթերքը, կաթնամթերքը, հացը, պանիրը, կարագը եւ ձեթը. «Հայկական ժամանակ»

Հունվար 29,2014 10:59

Շարունակենք ներկայացնել այն ապրանքների ցանկը, որոնք զգալիորեն կթանկանան Մաքսային միությանը անդամակցելու արդյունքում։ Սկսենք հացից մեր հանապազօրյա։ Ըստ էկոնոմիկայի նախարարության կազմած ցանկի, ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան է ներկվում տարեկան միջինը 28 միլիոն դոլարի ցորեն։ Ցորենը ներկայումս գործող ՀՀ օրենսդրության համաձայն մաքսատուրքով չի հարկվում։ Իսկ ահա ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ներկրվող ցորենը կհարկվի 5 տոկոս մաքսատուրքով։ Այսինքն, նշված 28 միլիոն դոլարի ցորեն ՀՀ սահմանը հատելուց հետո դրա գինը միանգամից կբարձրանա 5 տոկոսով կամ 1.4 միլիոն դոլարով։ Իսկ դա նշանակում է, որ համամասնորեն կթանկանա նաեւ այդ ցորենից թխված հացը, պատրաստված մակարոնեղենը եւ այլն։

Բայց ցորեն տեսականորեն կարելի է աճեցնել նաեւ մեր երկրում, բայց բրինձը ոչ մի կերպ այստեղ չի աճում։ Եվ մենք ներկրել ու շարունակելու ենք ներկրել բրինձ։ Ոչ ՄՄ անդամ երկրներից տարեկան Հայաստան է ներկրվում 6.1 միլիոն դոլարի բրինձ, որը նույնպես ներկայումս ազատված է մաքսատուրքից։ Բայց ՄՄ անդամ դառնալուց հետո այն հարկվելու է 13.3 տոկոս մաքսատուրքով։ Թե ինչու են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը որոշել, որ առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող բրինձը պետք է հարկվի մաքսատուրքով, այն էլ 13.3 տոկոս, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ այդ երկրներում նույնպես արդյունաբերական ծավալներով բրինձ աճեցնել հնարավոր չէ։ Ու այդ անտրամաբանական որոշումը ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավտոմատ կերպով տարածվելու է նաեւ Հայաստանի վրա։ Եվ 6.1 միլիոն դոլարի բրինձը ՀՀ սահմանը հատելուն պես դրա գինը միանգամից բարձրանալու է ավելի քան 800 հազար դոլարով կամ 13.3 տոկոսով։ Ճիշտ այդքանով էլ բրինձը թանկանալու է մեր խանութներում։

Հասանք բուսական յուղին՝ ձեթին։ Մեր խանութներում վաճառվող բուսական յուղերի մեծամասնության վրա ռուսական անվանումներ են։ Սակայն էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեղեկանքի համաձայն, ոչ ՄՄ անդամ երկրներից տարեկան Հայաստան է ներկրվում հսկայական քանակությամբ բուսական յուղ՝ 17.7 միլիոն դոլարի։ Ներկայումս այդ ապրանքը հարկվում է 10 տոկոս մաքսատուրքով։ ՄՄ անդամ դառնալուց հետո մաքսատուրքը կաճի 5 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ 17.7 միլիոն դոլարի ձեթը սահմանը հատելուց հետո կթանկանա եւս 900 հազար դոլարով։ Խանութներում էլ այդ ձեթը կթանկանա 5 տոկոսով։

Սրան էլ ավելացնենք ավելի քան 7 միլիոն դոլարի մարգարինը, որը ներկայումս տարեկան կտրվածքով ներկրվում է ոչ ՄՄ երկրներից։ Այդ սննդամթերքի տարբեր տեսակների մաքսատուրքը կբարձրանա 5-ից 8.3 տոկոսով։ Եվ այդքան էլ խանութներում կթանկանա այդ ապրանքը։ 5 տոկոսով էլ կթանկանա այսպես կոչված «կակաո– կարագների» գինը։ Պարզվում է, այդ ապրանքատեսակից հսկայական ծավալներով է Հայաստան ներկրվում ներկայումս՝ տարեկան մոտ 5 միլիոն դոլարի։

Մսամթերքի, կաթնամթերքի, հացի, պանրի, կարագի, ձեթի այսպիսի թանկացումները գուցե պատճառ հանդիսանան, որ մենք ազգովի նստենք դիետայի վրա ու առավոտից իրիկուն թեյ խմենք։ Բայց «թեյային դիետան» նույնպես թանկանալու է։ Ներկայումս Հայաստան ներկրվող թեյը հարկվում է 10 տոկոս մաքսատուրքով։ ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը կդառնա 18.1 տոկոս։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031