Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Օբաման ամենամյա ուղերձով է հանդես եկել. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 29,2014 10:30

«Այստեղ՝ Ամերիկայում, մեր հաջողության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ծնվելու պատահականությունը, այլ մեր աշխատանքային էթիկայի հզորությունը և մեր երազանքների շրջանակը»:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջև կանգնած տնտեսական խնդիրներին, ինչպես նաև այս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱՄՆ-ի նախագահը նշում է կատարել նաև այն ձեռքբերումների մասին, որոնց իր նախագահության ընթացքում հնարավոր եղավ հասնել Միացյալ Նահանգներում, ինչպես նաև այն ուղղությունների, որոնք անհրաժեշտ է զարգացնել՝ այս ձեռքբերումները պահպանելու նպատակով:

Նախագահ Օբաման խոսել է նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամսին՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ այն երկիրը, որի հետ կապում են իրենց հույսերն աշխարհի բազմաթիվ բնակիչներ:

Անդրադառնալով իր վարչակազմի նվաճումներին՝ նախագահ Օբաման հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է հինգ տարվա մեջ գործազրկության ամենացածր ցուցանիշը, վերականգնվել և աճում է անշարժ գույքի շուկան, իսկ արտադրության ոլորտում առաջին անգամ 1990-ական թվականներից աճ է գրանցվել:

«Երկրի ներսում արտադրվում է ավելի շատ նավթ, քան մենք գնում ենք աշխարհի մնացած մասերից, և դա տեղի է ունենում առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում: Մեր բյուջեի պակասորդը նվազել է գրեթե կիսով չափ: Եվ տասը տարվա ընթացքում առաջին անգամ գործարար աշխարհի առաջնորդները հռչակել են, որ աշխարհում Չինաստանն այլևս ներդրումներ կատարելու համար թիվ մեկ երկիրը չէ. այդ երկիրը Միացյալ Նահանգներն է», – հիշեցրել է նախագահ Օբաման՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով ինքը հավատացած է, որ այս տարին կարող է շրջադարձային տարի դառնալ Միացյալ Նահանգների համար:

«Նպատակաուղղված ջանքերի գործադրման հինգ տարվա արդյունքում Միացյալ Նահանգները շատ ավելի լավ է պատրաստ 21-րդ դարին, քան աշխարհի ցանկացած որևէ այլ երկիր», – մատնանշել է ԱՄՆ-ի նախագահը՝ հիշեցնելով ԱՄՆ-ի օրենսդիրներին, որ այս տարի ցանկացած որոշում կայացնելիս ինքներն իրենց պետք է հարց տան այն մասին, թե արդյոք նման որոշումները կնպաստեն, թե՝ կխոչընդոտեն այս գործընթացը:

«Արդեն մի քանի տարի այս քաղաքը [ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը] զբաղված է դաշնային կառավարության պատշաճ չափի շուրջ թշնամանքի հասնող բանավեճով: Այս բանավեճը կարևոր է. այն իր արմատներով տանում է մեր երկրի հիմնադրման ժամանակը: Սակայն երբ այս բանավեճը խոչընդոտ է դառնում մեր կողմից ժողովրդավարական նույնիսկ ամենահասարակ գործառույթներն իրականացնելու համար, երբ մեր միջև առկա տարաձայնությունների պատճառով դադարեցվում է կառավարության աշխատանքը կամ վտանգվում Միացյալ Նահանգների նկատմամբ լիարժեք վստահությունն ու հարգանքը, ապա դա նշանակում է, որ մենք ճիշտ չենք վարվում Ամերիկայի ժողովրդի նկատմամբ», – ասել է նախագահ Օբաման՝ որպես ԱՄՆ-ի նախագահ պարտավորություն ստանձնելով «բարելավելու Վաշինգտոնի աշխատանքը և վերականգնելու այն մարդկանց վստահությունը, որոնք մեզ գործուղել են այստեղ»:

«Դեմոկրատների և հանրապետականների աշխատանքի շնորհիվ այս Կոնգրեսն անցյալ շաբաթ վերջապես մշակել է այնպիսի բյուջե, որտեղ չեղյալ են հայտարարվել վերջին տարիներին կրթության նման առաջնահերթ ոլորտներում կատարված խորը կրճատումները: Ոչ ոք չի ստացել այն ամենն, ինչ ցանկանում էր, և մենք դեռևս կարող ենք անել առավելագույնը՝ ներդրում կատարելու համար այս երկրի ապագայի մեջ և միաժամանակ իրականացնելու բյուջեի հավասարակշռված կրճատումներ: Բյուջեի փոխզիջումը սակայն պետք է մեզ ազատություն տա կենտրոնանալու նոր աշխատատեղերի, այլ ոչ թե նոր ճգնաժամերի ստեղծման վրա», – կոչ է արել ԱՄՆ-ի նախագահը:

«Վաշինգտոնից դուրս ապրում են հազարավոր ամերիկացիներ, որոնք արդեն հոգնել են փակուղի մտած քաղաքական բանավեճերից, և որոնք առաջ են մղում այս երկիրը: Նրանք հավատացած են, և ես նույնպես հավատացած եմ, որ այստեղ՝ Ամերիկայում, մեր հաջողության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ծնվելու պատահականությունը, այլ մեր աշխատանքային էթիկայի հզորությունը և մեր երազանքների շրջանակը: Սա այն է, ինչ այստեղ է բերել մեր պապերին: Դրա շնորհիվ է գործարանի աշխատողի դուստրը դարձել Ամերիկայի ամենախոշոր ավտոարտադրողի գործադիր տնօրենը, պանդոկապանի որդին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը, իսկ միայնակ մոր որդին՝ աշխարհի լավագույն պետության նախագահը», – հիշեցրել է Օբաման՝ միաժամանակ նշելով, որ հնարավորությունները ստեղծում են իրենք՝ մարդիկ, և իր սերնդի համար ամենակարևոր նախագիծը Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող խոստումը վերականգնելն է:

«Մենք գիտենք, թե որտեղից է պետք սկսել. հնարավորության ամենալավ չափանիշը լավ աշխատանքի հասանելիությունն է: Տնտեսական զարգացումը թափ է հավաքում, և ընկերությունները տեղեկացնում են, որ այս տարի նախատեսում են ավելի մեծ թվով աշխատողների ընդունել: Եվ խոշոր արտադրողների կեսից ավելին տեղեկացրել են արտասահմանից աշխատատեղերը հետ բերելու հնարավորությունը քննարկելու մասին», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը, որը մատնանշել է նաև, որ Միացյալ Նահանգներում աշխատատեղերի հիմնական մասը ստեղծում են ձեռներեցներն ու փորք ձեռնարկությունները:

«Վերջին հինգ տարվա ընթացքում իմ վարչակազմը փոքր ձեռնարկություններին տրամադրել է ավելի շատ վարկեր, քան որևէ այլ վարչակազմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր արտահանողների իննսունութ տոկոսը փորք ձեռնարկություններ են, Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ նոր գործընկերությունները կօգնեն փոքր ձեռնարկություններին նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մենք պետք է աշխատենք համատեղ՝ պաշտպանելու համար մեր աշխատողներին, մեր շրջակա միջավայրը և բացելու համար նոր շուկաներ «Արտադրված է ԱՄՆ-ում» պիտակը կրող ապրանքներ համար», – հորդորել է ԱՄՆ-ի նախագահը՝ նշելով, որ «Չինաստանն ու Եվրոպան տեղում չեն դոփում, և մենք նույնպես չպետք է տեղում մնանք»:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031