Այսօր՝ հունվարի 28-ին, Ազատության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես Գասպարին, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ արձակվեցին:
Արա Նեդոլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մեղադրում էին իրավական պահանջը չկատարելու մեջ, եւ ինքն էլ իր հերթին դիմում է գրել, որ ոստիկանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը:
Պարոն Նեդոլյանի խոսքերով՝ իրենց ձերբակալությունը տեղի է ունեցել խոսակցության ընթացքում. «Այսինքն՝ ոստիկանն ասում է մեզ՝ «Դուք ուզում եք խոչընդոտել միջոցառումը», մենք բացատրում էինք, որ մենք միջոցառման մասնակից էինք եւ չէինք խոչընդոտում, հենց այդ զրույցի ընթացքում մեզ ձերբակալեցին: Դրանով խախտված էին մեր քաղաքացիական իրավունքները եւ, ինձ թվում է, ոստիկանի կողմից տեղի էր ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, ինչը ես պահանջեցի քննել»:
Վարդգես Գասպարիին ազատ արձակեցին 30 րոպե ուշացումով, այդ փաստը նա բացատրեց նրանով, որ պահանջել է իրեն տրամադրել փաստաթղթերի պատճենները, որին ի պատասխան , ոստիկանները բռնություն գործածելով նրան մտցրել են միկրոավտոբուս եւ ոստիկանության բաժանմունքից քիչ այն կողմ դնելով գետնին հեռացել են:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնությունը ակցիա էր կազմակերպել Ազատության հրապարակում՝ որպես բողոքի նշան խաղաղ պայմաններում հայոց բանակում մահացող զինվորների առկայության փաստի դեմ: Իսկ այդ ժամանակ բարձրաստիճան զինվորականները եւ երկրի ղեկավարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում վայելում էին Բանակի օրվան նվիրված տոնական համերգը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ