Հայկական բանակի տոնը ազատամարտիկ Արտաշես Հակոբյանի կյանքում ամենակարեւոր օրերից է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ինքը` Արտաշեսը: «Ամեն ինչի համար պարտավոր ենք մեր հերոս ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքը տվեցին էս օրվա համար»:
Ազատամարտիկը 5-րդ բրիգադի կազմում կռվել է Մարտակերտի, Լաչինի, Գորիսի, Շամշադինի, Շահումյանի, Նոյեմբերյանի շրջաններում: Նա արժանացել է «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, սակայն մինչ օրս չունի ազատամարտիկի կարգավիճակ։
Մինչ պատերազմի մեկնարկը զինվորական կրթություն էր ստանում Ռուսաստանում: «Լինելով պրոֆեսիոնալ զինվորական՝ Արցախյան գոյամարտի ժամանակ որոշեցի հետ գամ՝ որպես հայրենիքիս պաշտպան»։
Նա զինադադարի կնքումից մեկ տարի հետո, իր խոսքերով, առանց որեւէ պարզաբանման հեռացվել է բանակից: «Ես 95 թվականից 2001 թվականը փորձեցի վերականգնել իմ զինվորական կոչումը, բայց աստիճանազրկեցին որպես շարքային»։
Աշխատանքը կորցնելու, ծանր ապրումների հետեւանքով ազատամարտիկը սրտի մի քանի կաթված է ստացել և այժմ նա վիրահատության կարիք ունի:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում