«Ցանկանում եմ, որ մեր բանակը միշտ հզոր լինի»,- Հայկական բանակի 22-ամյակի առթիվ իր մաղթանքը հղեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Նա եկել էր Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ մասակցելու օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգին:
«Հիմա էլ շարունակում եմ ծառայությունս»,- ասաց պարոն Օսիկյանը:
1969 թվականին ծնված Վարդան Վլադիմիր Սերգեյիչը նույնպես եկել էր մասնակցելու տոնական համերգին: Մեզ հետ զրույցում նշեց՝ ուրախ է, եղել է հայկական բանակի կողքին կազմավորման առաջին օրերից, հպարտությամբ նշեց, որ այն ստեղծվել է ազգին նվիրված կամավորների շնորհիվ: Իր մասին էլ ասաց. «1991 թվականին Մոսկվայից հավաքել եմ զինվորական ընկերներիս, ում հետ ես ծառայել էի: 91-93 թվականներին ԼՂՀ-ում մասնակցել եմ ռազմական գործողություններին: «Միայնակ գայլեր» զորամիավորման հրամանատարն եմ եղել: Դուշման Վարդանի հետ եմ կռվել, Ջիվանի, Բեկորի հետ: Մասնակցել եմ Շուշիի գրավմանը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ռազմական գործողությունն իրականացրել ենք հրաշալիորեն՝ առանց կորուստի, առանց վիրավորների: Վերցրել ենք Ջանհասանն ու Քյոսալարը, ինչի համար հիմա հպարտ ենք»:
Գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանն էլ բանակի մասին ասաց. «Հայոց բանակը ազդեցիկ է, ուժեղ է, ամբողջ աշխարհի գուրգուրանքը վայելող՝ սկսած սփյուռքահայերից, ինքը ազատարար բանակ է, հիմքերի վրա ստեղծված բանակ է, մեզ ազգի հիմքերի, ինքը ազգային բանակն է, իրա յուրաքանչյուրը շունչը մեր շնչառությունն է, յուրաքանչյուր դժվարությունը մեր դժվարությունն է, պիտի հաղթահարենք միասին, պիտի սիրենք, հարգենք եւ նեցուկ լինենք, ուրիշ կերպ չի լինի»:
Կարդացեք նաև
Զինված ուժերի երգի-պարի համույթում իր ծառայությունն իրականացնող կրտսեր սերժանտ Լուսինե Մարգարյանն էլ կարեւորում է կնոջ դերը բանակում: «Մեծ հպարտություն է եւ անվերջ պատասխանատվություն, որովհետեւ ոնց որ սահմանում կանգնած զինվորի, այնպես էլ մեր համար, ամեն ինչ շատ պատասխանատու է, որովհետեւ դու չես աշխատում, դու ծառայում ես միշտ»,- ասում է նա եւ բանակին է ամենակարեւորներից՝ խաղաղություն է մաղթում:
Կրտսեր Սերժանտ Պողոսյան Մարիաննան էլ կարեւորում է զինվորականի դերը մեր կյանքում, ասում է, որ բանակը պետք է հպարտ լինի իր զինվորներով. «Մենք օրեցօր դրա ապացույցն ենք տեսնում: Հուսով եմ՝ ինքը անհամբեր չի լինի, համբերություն եմ մաղթում, եւ ինչպես բոլորը՝ կապույտ երկինք»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ