Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում սպանված զինվորի մայրը ապտակեց ու հարվածեց իրեն հրող ոստիկանին (Տեսանյութ)

Հունվար 28,2014 19:54

«Ինչո՞ւ չեն թողնում գնանք, տեսնենք՝ ում են պատվոգրեր տալիս: Ում են մեդալներ , խրախուսական պարգեւատրումներ տալիս, տեսնենք որ մի զինվորին սպանողին են հերթական անգամ պատվոգիր ու խրախուսական տալիս»,- այսօր  Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ բողոքում էին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը: Նրանք դիմադրում էին ոստիկանական պատին ու ոստիկանների հրմշտոցին:

Հիշեցնենք, որ թատրոնում այսօր Բանակի օրվան նվիրված տոնական համերգ էր, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ սեւազգեստ մայրերը ցանկանում էին տեսնել համերգի մասնակից ՊՆ նախարարին, ՀՀ նախագահին՝ հիշեցնելու բանակում մահացած իրենց որդիների չբացահայտված գործերը:

Նրանք ոստիկանների հետ երկար վիճեցին, նրանց անվանեցին «Սերժի շներ», հետո  ճեղքեցին ոստիկանական պատն ու փորձեցին թատրոնի գլխավոր մուտքին հասնել Մաշտոցի պողոտան շրջանցելով:

IMG_2353

MHM84796-copy

IMG_2347

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում, փողոցն էլ շրջանցենք, նույն բանը կլինի:  Ինչ անենք, մեզ գցենք մեքենաների տակ: 4 մամայից էսքան վախենո՞ւմ եք, մի հսկայական բանակ են մի  քանի պատնեշանոց բերել մեր դեմ կանգնեցրել: Թող գնան հայոց բանակում, այ, որ Ղարաբաղում դիվերսիաներով հարձակվում են մեր երեխեքի վրա, թող գնան սահմանները, մեր երեխեքին պաշտպանեն… պահանջում ենք մեր երեխաների սպանության մեղավորներին պատժել, մեզ հանգիստ չկա, չենք հանգստանալու,  պայքարելու ենք, ինչո՞ւ չեն պատժում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Մահացած զինվորների մայրերին ոստիկանները, փողոցից հրելով, մայթ բերեցին, իսկ Նանա Մուրադյանը զայրացավ ու շրջվեց մի քանի անգամ հարվածեց ու ապտակեց  իրեն հրող ոստիկաններին:

Հետո ոստիկաններից մեկը հանձնարարեց 4 հրեշտակի իր հետեւից գնալ՝  ուղեկցելու փողոցն անցնող մայրերին:

Նանա Մուրադյանն էլ հեգնեց՝ գոնե հրեշտակները վանկերի բաժանեք. «հրեշ եւ տակ, ու ասեք հրեշներ եկեք իմ հետեւից»:

Երկար քաշքշոցից հետո մայրերին թույլատրեցին հասնել Ազատության հրապարակ:

 

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031