Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղը զրկվել է պոլիկլինիկա ունենալու հնարավորությունից, ինչ է թե Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրաձայնել է առողջապահության նախարարության` հիվանդանոցներում պետպատվեր տեղաբաշխելու գործընթացում կատարվող չարաշահումների մասին:
Տիկին Սարգսյանի` ատկատների մասին հայտարարությունը «թանկ» նստեց ոսկեւանցիների վրա, համենայնդեպս, այդպես է կարծում պատգամավորը:
Ըստ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամի, նախարարության բյուջեի քննարկման ժամանակ, պատգամավորը ներկայացրել էր սահմանամերձ Ոսկեւան գյուղի վիճակը, որի հիվանդներն ամեն մի թեթեւ բուժօգնության համար, տեղում առաջնային բուժօգնության օղակ չունենալու պատճառով, ամբողջ սահմանային գծով գնում հասնում են Նոյեմբերյան քաղաք: Ընդ որում, ինչպես պատգամավորն ասաց, ոչ միայն Ոսկեւանի, այլ նաեւ Բաղանիսի, Ոսկեպարի գյուղացիները. «Այստեղ ամենամեծ գյուղը Ոսկեւանն է, եւ ներկայացրել էի, որ այդտեղ անհրաժեշտ է ամբուլատորիա ստեղծել: Պարոն Դումանյանն այդ քննարկման ժամանակ, ասաց, որ կուսումնասիրեն իրավիճակը, եւ իրոք, շատ օպերատիվ մարդ էր ուղարկել տեղում խնդիրը պարզելու: Հետո ինձ ասաց, որ տիկին Սարգսյան, իրոք պոլիկլինիկայի անհրաժեշտությունը կա, մենք ունենք խնայված միջոցներ եւ հունվարից կնախաձեռնենք շինարարությունը: Բայց Լյուդմիլա Սարգսյանը հնչեցրեց ատկատների թեման, եւ պարզվեց, որ Ոսկեւանը զրկվել է ամբուլատոր պոլիկլինիկա ունենալու հնարավորությունից: Ի դեպ Ոսկեւանը իմ ծննդավայրը չէ, բայց իմ հայրենիքն է, բայց ես նույնկերպ բարձրաձայնելու էի այլ գյուղերի մասին, եթե ամբողջական տեղեկատվություն ունենայի»:
Տիկին Սարգսյանի պատմելով, Ոսկեւանի գյուղապետն անհանգստացել էր, որ հունվարին, ինչպես որ խոստացվել էր, շինարարության ոչ մի շարժ չի նկատել, հետո Տավուշի մարզպետարանից պարզել է, որ մի քանի գյուղերում պոլիկլինիկա ստեղծելու ծրագրում ներառված են եւ հաստատված են 2 գյուղեր, իսկ Ոսկեւանն այդ ծրագրում չկա. «Հիմա հարց է առաջանում, արդյոք Դերենիկ Դումանյանի համար առաջնայինը սահմանամերձ գյուղի բնակիչների առողջական խնդիրների լուծումն է, թե` վերաբերմունքը Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ: Եթե առաջնայինը իմ նկատմամբ վերաբերմունքն է, որի պատճառով պիտի տուժեն 3-4 գյուղի բնակիչներ, ապա այստեղ արդեն ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս կարելի է վերաբերվել մի նախարարի, որը հրապարակավ հայտարություն է անում պոլիկլինիկայի մասին, դրա ականատեսն էին մի շարք պատգամավորներ, իսկ այսօր պարզվում է, որ նա իր խոսքը չի հարգում, եթե իհարկե, այս վիճակն այսպես շարունակվի: Իսկ եթե այսպես շարունակվի, ես կհամարեմ, որ այսուհետ Դերենիկ Դումանյանի հրապարակավ հնչեցրած ոչ մի խոսքի պետք չէ հավատալ: Բայց հույս ունեմ, որ պարոն Դումանյանը, միգուցե մի փոքր ուշացած, բայց կնախաձեռնի Ոսկեւանի պոլիկլինիկայի շինարարությունը»:
Կարդացեք նաև
Տիկին Սարգսյանի` ատկատների մասին հայտարարությանը հետեւեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի` Լյուդմիլա Սարգսյանին դատի տալու հայտարարությունը, ապա նաեւ նախարարության կողմից բժշկական օգնության որակի եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման հանձնաժողով ստեղծելու հայտարարությունը:
Այս առնչությամբ էլ տիկին Սարգսյանն ասաց. «Ես ուրախ եմ պարոն Դումանյանի համար, ինձ համար էլ եմ ուրախ, որ հնարավորություն եմ տվել այսպես հրապարակային, հանրային գործունեություն ծավալելու, հանձնաժողովներ ստեղծելու, քննելու հիվանդանոցներում վիճակը: Բայց ես ավելի շատ կհարգեի պարոն Դումանյանին, եթե ինքը հուշեր դատախազությանը, թե ինչպե՞ս պետք է գտնել հիվանդանոց-նախարարություն կապը եւ եթե հերքվեր ատկատի մեխանիզմի կիրառումը, ես միայն ուրախ կլինեմ, բայց սպասենք, տեսնենք ինչ կլինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ