«Դատարկ կոչերն ու հայտարարությունները հոգնեցնում են, եւ ես չեմ հավատում Օլանդին, որը տասնամյակներ շարունակ խաբեության մեջ է պահում ոչ միայն ֆրանսահայերին, այլեւ ամբողջ հայությանը: Բացի այդ մենք շատ լավ գիտենք, թե ինչ վերաբերմունք ունի նա հայկական հարցի նկատմամբ եւ դա պրակտիկորեն տեսել ենք: Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին, ապա սրա հետ կապված, արդեն որ երրորդ տարին է խաբեությունը շարունակվում է, ֆրանսիացիները իբրեւ թե գտել էին խոչընդոտ, իսկ ինքն էլ իբրեւ նախագահ չէր կարող այն անցկացնել: Հիմա գնացել Անկարա կոչ է արել, որ ինչ, երբ այդ օրենքը հենց ինքը չի ընդունել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, մեկնաբանելով Ֆրանսուա Օլանդի` Անկարա կատարած այցի ժամանակ, Թուրքիայի իշխանություններին արված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ կոչը:
Սերգեյ Շաքարյանցի ձեւակերպմամբ Ֆրանսուա Օլանդի կոչը զրո հայտարարություն էր ու այն ոչինչ չի տա մեզ` «Միայն մի դեպքում ինչ-որ բան կարող է տալ, դա այն է, երբ հենց ինքը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը ու այն քաղաքական պատճառահետեւանքային կապ կունենա, բայց դատարկ կոչերը արդեն զզվելի է: Այդ հայտարարության գինը զրո է, քանի որ տասնամյակներ շարունակ շատերն են նման կոչերով հանդես եկել: Ոչ մի հանցագործ չի մեղանչում իր արարքի համար եւ չի ընդունում իր մեղքը, Թուրքիան հենց այսպես է վարվում: Թուրքիայի վրա կարող են ազդել ոչ թե այս եւ այլ կոչերը, այլեւ սանկցիաները, որ արեւելյան աշխարհը կիրառում է այս կամ այն երկրի դեմ, բայց Ֆրանսիան երբեք պատրաստակամ չի եղել սանկցիա կիրառել Թուրքիայի դեմ»:
Սերգեյ Շաքարյանցն էլ հանդես եկավ իր կոչով, շեշտելով`« Ես կոչ եմ անում հայերին մոռանալ, որ Ֆրանսիան ինչ-որ բան է անելու, որովհետեւ եթե նա ցանկանար ինչ-որ բան անել հայերի օգտին, ապա դա վաղուց արած կլիներ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ