Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերենիկ Դումանյանը չի կարող ինձ դատի տալ: Դումանյանին նույնիսկ համակրում եմ»

Հունվար 28,2014 18:16

Օրերս առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է բժշկական օգնության որակի եւ կոռուպցիոն ռիսկերի վերահսկման հանձնաժողով:

Արդյոք այս հանձնաժողովի ստեղծման պատճառը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի` հիվանդանոցներում եղած 50-10% ատկատների մասին հայտարարությո՞ւնն էր:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորն ասել էր. «Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին: Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր»:

Հիշեցնենք, որ տիկին Սարգսյանի այդ հայտարարությունից հետո էլ, Դերենիկ Դումանյանը հայտարարել էր,  որ դատի է տալու տիկին Սարգսյանին:

Այս հանձնաժողովի ստեղծման եւ իրեն դատի տալու մասին թեմայի առնչությամբ տիկին Սարգսյանն Aravot.am-ին ասաց. «Նախ Դերենիկ Դումանյանը չի կարող ինձ դատի տալ, որովհետեւ ես ասել եմ` ըստ շրջանառվող տեղեկությունների, ես փաստեր չեմ բերել, որ հետո էլ այդ փաստերի վրա ինձ վարկաբեկելու հիմքով դատի տային: Դումանյանը միամտություն է ունեցել, որ նման կարծիք է արտահայտել, ինքը պիտի հասկանար, որ ես ՀՀ օրենսդրությամբ որեւէ պարտավորություն չունեմ ինչ-որ փաստարկներ ներկայացնելու, կամ որեւէ մեկին վկայակոչելու: Ես ասել եմ այն, ինչ որ գիտեմ, եւ որի մասին գիտեն շատ շատերը: Բայց հայտնի փաստ է, որ համակարգում ինչ որ մարդիկ երբ սկսում են ընդվզել կամ բարձրաձայնել խնդիրը, նրանք այլեւս այդ համակարգում չեն աշխատում»:

Տիկին Սարգսյանի  դիտարկմամբ, ինքը` որպես պատգամավոր, առաջնորդվելով քաղաքացիների շահերով, այլ բան չէր կարող անել, քան ատկատների մասին բարձրաձայնել. «Ես բացարձակ ցանկություն չունեմ այս քրեաօլիգարխիկ համակարգին պաշտպանելու, առավելեւս մի վարչախմբի, որի վարչապետը Տիգրան Սարգսյանն է: Իսկ անձամբ Դերենիկ Դումանյանի նկատմամբ նույնիսկ համակրանք ունեմ»:

ԱԺ պատգամավորի կարծիքով, Դումանյանը միամտորեն է ասել, որ տիկին Սարգսյանին դատի է տալու, եւ որպեսզի տղամարդու խոսքը գետնովը չտա, փորձում է դրա «տակից դուրս գալ». «Դրա համար դիմել է դատախազություն, որպեսզի դատախազությունը ստուգի` հիվանդանոցներում ատկատները 5-10 տոկո՞ս են, թե`ոչ: Այսինքն, ըստ էության, ինքը ընդունում է, որ ատկատ կա, բայց միայն հիվանդանոցում ատկատ չի կարող լինել, ատկատը երկու կողմ ունի: Հետեւաբար, եթե փորձում են դատախազությանը հուշել, թե ստուգեք, նախ պետք է գտնել հիվանդանոց-նախարարություն կապը. ինչ կերպ են տրամադրվում պետպատվերները, ինչ սկզբունքներով ու ինչ առաջնահերթություններ են հաշվի առնվում, արդյոք պահպանվո՞ւմ է տեխնիկական զինվածությունը, բժշկական կադրերի ապահովումը, մարդկանց սպասարկման բարձր մակարդակը եւ այլն: Ես վստահ եմ, որ նախարարությունը ոչ մի մոնիտորինգ երբեք չի անցկացրել, որովհետեւ դա իրեն պետք չի, հակառակ դեպքում այդ մեխանիզմը չի աշխատի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031