Վերջին 22 տարիների ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի ղեկավարը պաշտոնական այցով այցելել է Անկարա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Անկարայում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Նա հայտարարել է, որ «Նման իրադարձությունները հիշել միշտ էլ հիվանդագին է, բայց պարտադիր», եւ շարունակելով խոսքը՝ հայտնել, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք կընդունի:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Ֆրանսուա Օլանդի կոչը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հայտարարության կարեւոր մասն այն էր, որ արվեց Անկարայում: Պարզ է, որ եթե արվեր Փարիզում, այլ ազդեցություն կունենար: Դրա գլխավոր արդյունքը կլինի այն, որ Թուրքիայի հասարակությունում փոփոխություններ կլինեն եւ այդ հայտարարությունն իր հետքը կթողնի Թուրքիայում: Դա ոչ միայն այն պատճառով, որ Ֆրանսիան լուրջ երկիր է, այլեւ այն, որ պաշտոնական այցի ժամանակ է ասվել Ֆրանսիայի նախագահի կողմից: Գլխավոր ազդեցությունն էլ կլինի այն, որ այս խնդիրը Թուրքիայի հասարակությունում լուրջ քննարկման առարկա կդառնա ու սա դրական է, քանի որ ի վերջո Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Հաջորդ հարցին էլ`թուրք-ֆրանսիական հարաբերությունները չե՞ն վատանա այդ կոչից հետո, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարաբերություններն առանց այդ էլ լավ չէին, դրանց փչանալը ո՞րն է: Եվ հետո, քանի որ սա պաշտոնական այց է, ուրեմն Ֆրանսիայի նախագահը գիտեր, որ կարող է նման բան լինել ու չեմ կարծում, որ հարաբերությունները եղածից ավելի շատ կփչանան: Եվ եթե Ֆրանսուա Օլանդը կրկնեց այն թեզերը, որոնք ասվում էին Փարիզում ու Անկարայում, ապա կարծում եմ՝ դրան ինչ որ չափով պատրաստ էր Թուրքիան: Ես այս ամենում միայն դրականն եմ տեսնում, ակնհայտ է, որ Ֆրանսիան գիտի, որ Թուրքիան սկսում է պատրաստվել այն իրողությանը, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եվ սրա վկայությունն է նաեւ այն, ինչը Երեւանում ասաց Դավութօղլին: Այնուամենայնիվ` ինքը շոշափեց ցեղասպանության հարցը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ