Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձախ ուժերը միավորվում են՝ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար

Հունվար 28,2014 16:48

Օրերս Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հաղորդագրություն էր տարածել , որում ասվում էր, որ ՍԴՀԿ-ն ու ՀԴԿ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Ձախ ուժերի ստեղծման հարցում:

Հաղորդագրության մեջ ասված էր, որ երկու կուսակցությունների ղեկավարները՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հանդիպել եւ քննարկել են երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, պայմանավորվել Ձախ ուժերի միություն ստեղծելու մասին:

«Առավոտը» ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ր նման միության ստեղծման անհրաժեշտություն, եւ ինչո՞ւ հենց այդ երկու կուսակցությունները: «Ես նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ Ձախ ուժերի միավորումը միշտ անհրաժեշտություն ենք համարել: Այսօր չէ, որ փորձեր են արվում՝ միավորվելու: Պարբերաբար փորձեր եղել են: Իսկ հիմա երկրի սոցիալ-տնտեսական վիճակը պահանջում է, որ սոցիալ-դեմոկրատներն իրար հետ ավելի լուրջ համագործակցություն սկսեն, առավել եւս, որ հենց մե՛ր ծրագրերը կարող են երկիրը այս ծանրագույն վիճակից դուրս բերել, եթե, իհարկե, կարողանանք հասնել դրանց իրականացմանը»:

Մեր հարցին՝ միավորում ստեղծելը ՀԴԿ-ի՞ նախաձեռնությունն է, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Նախաձեռնությունը բոլորինս է, որովհետեւ որպես այդպիսին կոնկրետ նախաձեռնություն չկա, բայց միավորման գաղափարը միշտ եղել է: Մի քանի տարի առաջ մենք հնչակների հետ համատեղ խորհրդաժողով արեցինք կառավարության նիստերի դահլիճում, շարունակում էինք քննարկումները: Հետո այդ հարաբերությունները ինչ-ինչ պատճառներով սառեցին, բայց հիմա վերսկսելու ենք: ՍԴՀԿ-ն նոր երիտասարդ ղեկավար ունի, եւ կարծում եմ, որ ավելի հետեւողական կգտնվեն կշարունակենք համագործակցությունը»:

Իսկ այլ ձախակողմյան ուժերի հետ նույնպես բանակցո՞ւմ եք միավորման շուրջ՝ մեր այս հետաքրքրությանն ի պատասխան՝ ՀԴԿ ղեկավարն ասաց, որ նման բանակցություններ կան՝ ինչպես կուսակցությունների, այնպես էլ հասարակական սեկտորի, ինչպես նաեւ՝ առանձին անհատների հետ:

Պարոն Սարգսյանն ասաց, որ համախմբման առանցքը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, քանի որ «այդ ոլորտը մեր երկրի համար բախտորոշ նշանակություն ունի եւ հզոր արտագաղթի պատճառ է, որը հրատապ լուծում, քաղաքականության փոփոխություն է պահանջում:

Հետաքրքրվեցինք՝ իսկ արտաքի՞ն քաղաքականությունը փոփոխության կարիք չունի՞, չունե՞ն ծրագրեր՝ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ, ինչին ի պատասխան ՀԴԿ ղեկավարն ասաց. «Արտաքին քաղաքականության վեկտորի հետ կապված մենք առանձնապես բարդույթ չունենք, հիմնական խնդիրը ներքինն է, որովհետեւ եթե պետությունը չամրապնդվի, արտաքին քաղաքական վեկտորը ոչ մի նշանակություն չունի: Եթե պետությունը թույլ է, միշտ կախյալ վիճակում կլինի ի՞նչ կապ ունի, թե որ արտաքին քաղաքական վեկտորին եք ապավինում: Գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս հասնել նրան, որ երկրում ժողովրդի մեծամասնությունը վստահի իշխանությանը, եւ փորձի նրա ձեռնարկած ծրագրերն իրականացնել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեզ միայն պակասում է՝ ձախ Հարութը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031