Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
Հայկական բանկը ստեղծվեց ոչ թե խաղաղ պայմաններում, այլ փաստացի պատերազմական թոհուբոհում, նորանկախ հանրապետության ամենախնդրառատ ու ծանր շրջանում։ Դեռեւս 1990 թվականից, «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» համապատասխան դրույթների հետեւողական իրականացմամբ, բանակի ստեղծման համար արդեն իսկ կատարվել էին կարեւոր աշխատանքներ։ 1992թ. հունվարի 28-ին կառավարության ընդունած «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշումը դե ֆակտո հիմնված բանակի դե յուրե արձանագրումն էր։
Պարտադրված պատերազմի հրամայականների թելադրանքով պետականության այլ կառույցների թվում բանակի կայացումն ու հզորացումը նորանկախ երկրի ժողովրդավարական իշխանության եւ ողջ ժողովրդի համար դարձավ առաջնահերթ, գուրգուրանքի առարկա խնդիր։ Հենց դրա, ինչպես նաեւ ճշգրիտ արտաքին քաղաքականության ու ճկուն դիվանագիտության համատեղման շնորհիվ հնարավոր դարձան հաղթանակները, երկրի հուսալի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու անվտանգության ապահովումը։
Բանակի մարտունակությունը, հաղթանակներն ու հաջողությունները, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված էր ի սկզբանե նրանում ներդրված բարոյահոգեբանական բարձր պատրաստակամությամբ եւ օրինապահությամբ։
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրեսը ցավով ու ափսոսանքով արձանագրում է, որ ներկա ռեժիմի պայմաններում բանակը ներքաշվել է քաղաքականության մեջ, դարձել ընտրակեղծարարության ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք։ 2008թ. մարտի 1-ին, ժողովրդավարական բողոքի ալիքի` մարդկային զոհերի հանգեցրած ճնշման ընթացքում, սահմանադրության կոպիտ խախտմամբ, բանակը ռեժիմի կողմից որպես գործիք օգտագործվեց սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների դեմ։ Դա մի կողմից՝ ծանր հարված էր բանակի հեղինակությանը, մյուս կողմից՝ նրա բարոյական հոգեբանությանը, ինչը կարեւոր այս կառույցում խորացրեց կոռուպցիան, հաճախադեպ դարձրեց ինքնիրավչությունը, կանոնակարգային խախտումները՝ հանգեցնելով բանակի մարտունակության անկմանը եւ հաճախադեպ ցավալի զոհերի։
Հայ Ազգային Կոնգրեսը պայքարել ու պայքարելու է ինչպես պետական մյուս կառույցների, եւ առաջին հերթին բանակի՝ սահմանադրորեն եւ օրենքներով սահմանված գործառույթներին վերադարձնելու, նրա նախկին հեղինակությունն ու համբավը վերականգնելու համար։ Դրա միակ ճանապարհը շարունակում է մնալ իշխող ավազակապետական ռեժիմի հեռացումը, օրինակարգ իշխանության հաստատումը, սահմանադրական կարգի վերականգնումը։
Հայ Ազգային Կոնգրես