Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին լոմով է կռիվ գնացել

Հունվար 28,2014 16:11

Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր մանրամասներ է ներկայացնում հունվարի 22-ին լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու եւ Գորիսում «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի միջադեպի մասին:

«Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա լոմով ջարդուխուրդ արել նրան, պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ: Վերջինիս մի կերպ է հաջողվել փրկվել»,- ասաց պարոն Հարությունյանը: Նրա տեղեկություններով, Ոստիկանությանը դեռ չի հաջողվել հայտնաբերել ոչ Մայիս Խաչատրյանին ոչ էլ տուժող Վիտալիկ Մեսրոպյանին:

 

Պարոն Հարությունյանի խոսքով. «Դա նույն Մայիս Խաչատրյանն է, որը անչափահասի տարիքը բոլորելուց կարճ ժամանակ անց իր հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, բազմաթիվ դանակահարվածներով սպանել է Գորիսի բնակիչ, երեք անչափահաս երեխաների հայր Հովհաննես Բադալյանին: Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեծ մասի հանցանքներին չզիջող այդ ոճրի համար Էյներ Խաչատրյանը մեկ օր նույնիսկ չի ազատազրկվել, իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է ընդամենը 12 տարվա ազատազրկման, որից 6,5 տարին կրել է արտոնյալ պայմաններում, իսկ 5,5 տարին էլ հանվել է Սերժ Սարգսյանի ողորմածությամբ:

Հիշեցնենք, որ առանձնակի ծանրության այդ հանցագործությունից ընդամենը օրեր անց է իրենց հորեղբայրը` տխրահռչակ Լիսկան, նշանակվել Սյունիքի մարզպետ: Մայիսը արժանավոր որդին է Հոպոպի` Սերոբ Խաչատրյանի, որը տղայի կալանքի ժամանակ էլ է հեղինակել բազմաթիվ հանցանքներ, մասնավորապես 2007-ի ապրիլին Գորիսի հանրախանութում օրը ցերեկով փորձել է բռնաբարել գորիսեցի աղջկա:

Մայիս Խաչատրյանն է իրեն հանցակից Էյներ Խաչատրյանի նվիրած ավտոմեքենայով 2010 թվականի դեկտեմբերի 5-ին Գորիսի կենտրոնում վրաերթի ենթարկել Երեւանի բնակիչ Տարոն Գալասյանին, պատճառել նրա կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ, ինչի հետեւանքով նույնիսկ մի քանի վիրահատությունից հետո շարունակում է մնալ հաշմանդամ եւ մինչ օրս գամված է անկողնում: Այս հանցանքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:

Յուրա Մանուչարյանի հորեղբորորդին` Լիսկայի մորաքրոջ թոռ Գրիգոր Մանուչարյանն է 3 տարի առաջ Խաչատրյաններին պատկանող եւ 19 տարի ապօրինի գործող, չգրանցված, հարկեր չկատարող օբյեկտում գազանաբար, կացնահարելով սպանել (ըստ Սամվել Հարությունյանի, լուրջ կասկածներ կան, որ այդ հանցանքը միայն ինքը չի կատարել) Իրանի քաղաքացուն, նրա կտրատված դին նետել մերձակայքով հոսող Վարարակն գետը, ինչի համար ենթարկվել է ընդամենը 13 տարվա ազատազրկման եւ սպասում է Սերժ Սարգսյանի հրամանագրով ներվելու իր հերթին»:

Պարոն Հարությունյանը թերահավատորեն է մոտենում ոստիկանությանը, որ իր նշած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ կձեռնարկի. «Պետք չէ ապավինել այն ոստիկանությանը, որը դեռեւս չի հայտնաբերել ոչ Մայիս Խաչատրյանին ոչ էլ նրա զոհ` Վիտալիկ Մեսրոպյանին: Կամ հայտնաբերելու են, որ ի՞նչ անեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031