Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. Այլընտրանքային էներգետիկա և էներգախնայողություն` ՀՀ համար ռազմավարական խնդիր

Հունվար 28,2014 15:51

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը facebook-յանիր էջում էներգախնայողության վերաբերյալ ծավալուն գրառում է կատարել, որը մեջբերում ենք ստորև.

«Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաև (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների և ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»:

Այստեղ կանգ չեմ առնի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հետ կապված սոցիալական և տնտեսական հետևանքների վրա, սա այլ վերլուծության թեմա է: Միայն կնշեմ, որ կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին: Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի այլ գլոբալ խնդրի վրա, որի մասին, ցավոք, գրեթե չի խոսվում:

Հայաստանը չունի գազի և նավթի բնական պաշարներ, և էներգակիրների թանկացման հետ կապված մեր դժգոհություններից պաշարներ միևնույն է չեն առաջանա: Այո, հասարակությունը պետք է պահանջի կառավարությունից ջանքեր գործադրել և ելնելով բնակչության տնտեսության շահերից կարգավորել էներգակիրների գները: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ էներգակիրների գները միջազգային շուկայում անընդհատ բարձրանալու միտում ունեն: Ուրեմն, Հայաստանի համար ռազմավարական խնդիր է դարձել մշակել և իրագործել ռազմավարական ծրագիր այդ ոլորտում:

էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների հրամայականը: Կարծում եմ, այդ ծրագրի մշակումը կառավարությունը պետք է սկսի երկրի էներգաաուդիտից:

Այսինքն, ճշգրիտ տեղեկություններ հավաքի օգտագործված էներգառեսուրսների ծավալների, էներգիայի արդյունավետության ցուցանիշների մասին և այլն: Համոզված եմ, որ այդպիսի աուդիտի արդյունքում պարզ կդառնա, որ Հայաստանը աշխարհի «ամենահարուստ» պետություններից մեկն ենք, եթե թույլ ենք տալիս և կենցաղում , և տնտեսության տարբեր ոլորտներում այսպես շռայլորեն էներգիա ծախսել:

Ի՞նչ պետք է մեզ հուշի աշխարհի առաջատար փորձը, ինչպե՞ս կարող ենք նվազեցնել մեր կախումը ներկրվող էներգակիրներից: Նախ, արդեն կարող ենք սկսել պարզ ծրագրերից, որոնք շատ մեծ ներդրումներ, տեխնիկական լուծումներ չեն պահանջում: Ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է:

Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: Լուծումներից մեկը նաև ժամանակակից էներգախնայող լամպերի օգտագործումն է: Քանի որ այդպիսի լամպերը դեռ բավականին թանկ են, ապա պետք է դրանց օգտագործման համար խրախուսման մեխանիզմներ ստեղծել, պետության կարիքների համար ապրանքներ գնելուց սահմանել էներգաարդյունավետության նվազագույն պահանջներ: Կարծում եմ, այստեղ պետական գնումների գաղափարախոսություն է պետք փոխել՝ համապատասխան կառույցներին հանձնարարել գնել միայն ժամանակակից էներգապահանջներին համապատասխանող ապրանքներ, նյութեր, սարքավորումներ:

Այդպիսի ծրագրեր գործում են աշխարհի շատ երկրներում, նույնիսկ էներգետիկ պաշարներով հարուստ Ռուսաստանում: Բոլորս գիտենք, որ զգալի ռեսուրսներ են ծախսվում շենքերի, տների ջեռուցման վրա: Բազմաբնակարան, ադմինիստրատիվ շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար աշխարհում օգտագործվում են տասնյակ էներգախնայող միջոցներ:

Նշեմ միայն մի քանիսը. ջեռուցման, տաք ջրի խողովակների ժամանակակից ջերմային մեկուսացման նյութերի օգտագործում, հողի տաքությունը օգտագործող ջերմային պոմպերի, արևային կոլեկտորների տեղադրում, այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործում են արևային ճառագայթումը բնակելի տարածքների լուսավորության ավելացման համար և այլն: Ժամանակակից շինարարությունում արդեն սկսել են օգտագործել էներգախնայող պատերի, առաստաղի, նույնիսկ ներկերի օգտագործմամբ տեխնոլոգիաներ: Մոտ տաս տարի է, ինչ տարբեր երկրներում կառուցվում են այսպես կոչված «Passive house»-ներ, այսինքն էներգախնայող տներ, որտեղ ձմեռը ջերմաստիճանը պահպանվում է առանց ջեռուցման համակարգերի, իսկ ամառը առանց օդորակիչների:

Հասկանալի է, որ այդպիսի նյութերի օգտագործմամբ շինարարություն իրականացնելը ավելի թանկ է: Ուրեմն այստեղ էլ կառավարությունը պետք է մշակի խրախուսման տարբեր մեխանիզմներ: Ամբողջ աշխարհում արդեն մեծ ծավալով օգտագործում են էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրները: Առաջին հերթին, դա արևային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արևային հատուկ մարտկոցների և կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա: Աշխարհում հատկապես շատ են օգտագործվում բարակ թաղանթային արևային պանելները:

Վերջին 10 տարում այդպիսի պանելների արտադրությունը այնքան է էժանացել, որ դրանք սկսել են մրցակցել էներգիայի այլ աղբյուրների հետ: Չմոռանանք նաև, որ արևային մարտկոցները չեն աղտոտում շրջակա միջավայրը, շատ ապահով են: Իսկ ամենակարևորն այն է, որ արևի էներգիան անվճար է: Շատերը մտածում են, որ արևային մարտկոցների օգտագործումը հասանելի է միայն հարուստ մարդկանց, բայց դա այդպես չի: Այն հարմար է հենց միջին եկամուտ ունեցող խավերի համար` մեկ անգամ գումար եք ծախսում և 25 տարի ձրի էներգիա եք ստանում:

Չմոռանաք, որ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը հավասարազոր է էներգառեսուրսների արտադրությանը, դա եկամտաբեր է և էկոլոգիապես մաքուր: Կարող ենք բերել Դանիայի օրինակը՝ վերջին 20 տարում այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 1,5 անգամ, իսկ էներգառեսուրսների տարեկան սպառումը այդ նույն ժամանակահատվածում չի աճել:

Կարելի է անվերջ թվարկել արդեն լայն օգտագործում ստացած էներգախնայող համակարգերը և այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչները: Ես միայն հետևյալ հանգամանքն եմ ցանկանում շեշտել: Վերը թվարկած ուղղությունները պարզ բիզնես ծրագրեր չեն, որպեսզի դրանցով զբաղվեն միայն գործարար շրջանակները: Կառավարությունը պետք է մշակի երկարատև ռազմավարական ծրագիր, որով նախատեսված կլինեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կօգտագործվեն տեխնոլոգիաների, ստանդարտների, մեթոդների, օրենսդրության, ֆինանսական օժանդակության համար: Այդ ծրագիրը պետք է անպայման նախատեսի համապատասխան տեղեկատվական եւ բացատրական աշխատանքներ հասարակության լայն շրջանակներում:

Ճշմարտության համար պետք է ասեմ, որ Հայաստանում որոշ աշխատանքներ տարվում են այս ոլորտում, ընդունված է նաև «Էներգախնայողության մասին» օրենքը: Բայց դա բավարար չի: Հաճախ որպես արդարացում բերվում է ֆինասական միջոցների բացակայության խնդիրը: Սակայն ճիշտ մտածված պետական գնային և տարիֆային քաղաքականությունը այս ոլորտում կարող է ապահովել մասնավոր ներդրումների մեծ հոսք: Ներդրումները կարող են կատարվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ համայնքային սեկտորներում:

Տեսեք, օրինակ, ինչ մեծ թափով Հայաստանում իրականացվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ ներդրողները պետության հստակ և օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ ստացան: Պետք չի նաև մոռանալ, որ Հայաստանում դեռ պահպանվել է ինժեներական առաջատար միտքն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է ներգրավել ծրագրի իրագործման մեջ: Անհրաժեշտ կլինի նաև ակտիվ համագործակցության հրավիրել բանկերին և լիզինգային ընկերություններին: Ճիշտ է, բանկերը մեծ փորձ չունեն էներգախնայողության մեջ ներդրումների կատարելու, այստեղի ռիսկերն հաշվարկելու, բայց պետական և միջազգային
կառույցների օժանդակությամբ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն:

Կարևորն այն է, որ պետք է հստակ գիտակցել. Երկրի և քաղաքացիների բարեկեցության աճը կարող է ապահովվել միմիայն էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմամբ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ: Ուրեմն տնտեսության էներգետիկ արդյունավետությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսական ռազմավարության գլխավոր խնդիրներից մեկը»,- իր մտքերն է գրառել Խաչատուր Սուքիասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Էներգոխնայությունը հակադարձ համեմատականէ բյուջեի համալրմանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031