Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Հովակիմյան. «Ես ուզում էի ապացուցել բոլորին, որ կինը ևս կարող է ծառայել բանակում»

Հունվար 28,2014 15:47

ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայող Արմինե Հովակիմյանը ծնողներին ստել էր, թե ինքը բանակում համակարգչային բաժնում է աշխատում, սակայն տնից հաճախակի բացակայությունների ու մի շարք այլ խնդիրների պատճառներով այլևս հնարավոր չէր թաքցնել իրողությունը: Եվ նա ծնողներին խոստովանում է ճշմարտությունը, որը հալած յուղի պես չի ընդունվում. «Սկզբում ծնողներս խնդրեցին ինձ հրաժարվել ծառայությունից, որովհետև ես արդեն ունեի մասնագիտություն և աշխատանք (աշխատում էր որպես իրավաբան): Վերջիվերջո տեսնելով իմ եռանդը, հաջողությունները, պատվոգրերն ու պարգևատրումները՝ սկսեցին հպարտանալ ինձնով և այլևս չընդդիմանալ»,-պատմում է նա:

Մեկ երեխայի մայր, նախկինում իրավաբան Արմինե Հովակիմյանն այսօր ավագ սպա և պարաշյուտային գծով հրահանգիչ է: Պատմում է՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու մասին երազել է մանկուց, նրա մեջ հայրենասիրություն սերմանել են ընտանիքի անդամները՝ պապիկը. «Պապս ինձ համար միշտ օրինակ է եղել, նա ինձ հետաքրքիր դրվագներ էր պատմում պատերազմի կյանքից, թե ինչպես են տեղադրել ականները, ինչ պայթեցումներ են արել և այլն: Ես լսում էի ու ափսոսում, որ այդ թվերին ծնված չեմ եղել: Մեծանալուն պես հասկացա, որ պատերազմը միայն արհավիրքներ է բերում, բայց բանակում ծառայելու երազանքս երբեք չմարեց»,- պատմում է Արմինե Հովակիմյանը: Հավելում է. «Դեռ մանկուց շատ բաներ եմ սովորել պապիցս, օրինակ՝ ինչպես գտնել հետքերը»:

snapshot-2

ՀՀ զինված ուժեր ներգրավվելու հնարավորություն Արմինե Հովակիմյանին ընձեռվում է այն ժամանակ, երբ դեռ աշխատում էր նախկին մասնագիտությամբ: Այդ ընթացքում նա բազմիցս մասնակցում է հրաձգության մրցույթների, զբաղեցնում առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները:

Պատմում է, որ բանակում ծառայելու մասին որոշումը կատարում է ընկերուհու հետ մեկտեղ, որը ևս կիսում էր նրա ցանկությունը. «Մենք երկուսս էլ ուզում էինք ծառայել, սակայն ընկերուհիս շուտ նահանջեց, չդիմացավ ծանրաբեռնվածությանը: Իսկ ես ուզում էի բոլորին և առաջին հերթին ինձ ապացուցել, որ կինը ևս կարող է ծառայել բանակում, նա ֆիզիկապես ոչնչով չի զիջում տղամարդուն»,-պատմում է Հովակիմյանը և հավելում, որ դրանում նա արդեն իսկ համոզվել է:

snapshot-3

Հարցին, թե որպես կին և մայր արդյո՞ք դժվարություններ ունեցել է այս ընթացքում, պատասխանում է. «Այո, ծառայությունն այնքան էլ հեշտ չէ, օր է եղել, որ նույնիսկ լաց եմ եղել: Ընտանիքն ու ծառայությունը համատեղելը ևս շատ դժվար է, որովհետև երբեմն շատ ուշ եմ վերադառնում կամ մի քանի օրով բացակայում եմ տնից: Ամեն դեպքում երեխայիս խնամելու հարցում ինձ օգնում է մայրս»: Արմինե Հովակիմյանը հավաստիացնում է, որ ընտանիքն ու ծառայությունն, այնուամենայնիվ, համատեղելի են:

Իսկ այն հարցին, թե պատերազմի դեպքում պատրաստ է ընտրություն կատարել ընտանիքի և մարտի դաշտի միջև, պատասխանում է. «Ինձ պետք է, որ ընտանիքս հասկանա ինձ, ես պատրաստ եմ կռվել հակառակորդի դեմ»: Նա վստահեցնում է, որ կանայք կարող են ծառայել ինչպես տարբեր ստորաբաժանումներում, այնպես էլ կռվել մարտի դաշտում: «Պետք չէ կարծել, թե կինը թույլ սեռի ներկայացուցիչ է, նա բանակից ոչինչ չի հասկանում, կռվից, ճակատամարտից և պատերազմից գլուխ է պահում: Կինը ֆիզիկապես ոչնչով չի զիջում տղամարդուն, բացի այդ, կանայք ավելի մեծ կամքի ուժ ունեն, եթե իրենց առաջ նպատակ են դնում, անպայման հասնում են դրան»,-ասում է նա:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031