Այսօր ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը քննարկվեց Սերգեյ Մագնիտսկու գործը: Շվեյցարիայի պատվիրակ Անդրես Գրոսը (լուսանկարում) ներկայացրեց զեկույցը, որը վերնագրված էր «Հրաժարվել Մագնիստկու մարդասպանների անպատժելիությունից»: Պատվիրակը բավականին խիստ զեկույց էր պատրաստել, որտեղ Անդրես Գրոսը մի շարք փաստեր էր ներկայացնում Մագնիտսկու մահվան, նրա դատապարտման և գործի քննության վերաբերյալ: Զեկուցողի եզրակացությունն այն էր, որ Մագնիտսկու գործի բացահայտումը և նրա մահվան մեղավորների պատասխանատվության ենթարկելը առաջին հերթին հենց Ռուսաստանին է պետք՝ իր վարկանիշը բարձրացնելու համար: Բայց միևնույն ժամանակ զեկուցողը հայտարարեց, որ Ռուսաստանը Մագնիտսկու գործի արդար քննություն չի իրականացրել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մագնիտսկին Hermitage Capital հիմնադրամի աուդիտոր իրավաբանն էր, որը բարձրաձայնել էր Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների, իշխանությունների կողմից փողերի լվացման մի քանի դեպքերի մասին և չպարզված հանգամանքներում մահացել 2009-ին:
Մագնիտսկու գործի վերաբերյալ զեկուցումը բուռն քննարկման առարկա դարձավ Վեհաժողովի կողմից: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը քննադատական ելույթներ ունեցան՝ ուղղված Ռուսաստանին:
Շվեյցարացի պատվիրակ Լուք Ռեքորդոնը կոչ արեց Ռուսաստանին հավասարակշռություն պահպանել և իրականացնել գործի արդար քննություն:
Կարդացեք նաև
Շվեդիայի պատվիրակության անդամ Մարիետա Պուրբիքս-Լունդինը վրդովված հայտարարեց. «Ամոթ, ՌԴ իշխանություններին, որ պատասխանատվության չեն ենթարկել Մագնիտսկու մահվան մեղավորներին»:
Ռուս պատվիրակները միաձայն պաշտպանում էին ՌԴ-ի գործողությունները: Թամերլան Ագուզարովն այս կապակցությամբ ասաց հետևյալը. «Կոչ եմ անում ուշադրություն դարձնել նաև ռուսական կողմի փաստարկներին: Ուզում եմ, որ հաշվի առնեք, որ մարդը մահկանացու է և մարդիկ մահանում են ոչ միայն բանտում, այլև հանգստյան գոտում: Ուստի անհիմն է մեղադրել Ռուսաստանին, թե Մագնիտսկու մահվան մեղավորը ՌԴ իշխանություններն են»:
Ռուս մեկ այլ պատվիրակ Լեոնիդ Կալաշնիկովն անդրադառնալով քվեարկության դրված բանաձևին՝ նշեց, որ արդար չէ միայն մեկ երկրի կողմից ներկայացված տվյալների հիման վրա զեկույց ներկայացնել:
ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուտսկին մերժեց այն դիտարկումը, թե Մագնիտսկին իրավաբան էր: Նա ասաց, որ Մագնիտսկին հաշվապահ էր: Այնուհետև շեշտեց. «Մագնիտսկին դատապարտված չի եղել, ուստի ամոթանքը ուղղված է ոչ թե ՌԴ-ին, այլ նրանց, ովքեր զեկուցողին տվել են սխալ տեղեկատվություն»:
Չնայած ռուս պատվիրակները դեմ արտահայտվեցին նման բանաձևի ընդունմանը և Մագնիտսկու հարցը «քաղաքականացված» համարեցին, բայց Վեհաժողովի կողմից 151 «կողմ» ձայնով բանաձևն ընդունվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ