Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դավիթ Ափինյան. «Տրամաբանական չէ, որ ՀՀ-ն հայտնվի ամենառազմականացված երկրների 4-րդ հորիզոնականում»

Հունվար 28,2014 13:52

«Թվախաղ է տեղի ունեցել, չեմ կարող ասել, որ դա օբյեկտիվ է»,-Aravot.am-ի հարցին օբյեկտի՞վ է ՀՀ-ն ներկայացնել ամենառազմականացված երկրների շարքում չորրորդ հորիզոնականում, այսպես պատասխանեց «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը:

Հիշեցնենք, որ Global Militarization Index-ի 2013 թվականի վարկանիշի համաձայն` Հայաստանն իր ռազմական ծավալով զբաղեցնում է չորրորդ տեղը, Ադրբեջանը` 8-րդ, Վրաստանը՝ 54-րդ, Թուրքիան` 23-րդ, իսկ Իրանը` 28-րդ հորիզոնականը:

Դավիթ Ափինյանը հարցը դիտարկում է քարոզչական դաշտում ու նշում. «Գալ այդ եզրակացության՝ շատ հարաբերական է, հարաբերական է նաև այն, թե Հայաստանը 4-րդ, թե՞ 5-րդ տեղում է: Նախ` այդ ցուցանիշի ձևավորման սկզբունքները հայտնի չեն: Սովորաբար այդ սկզբունքները լինում են բնակչություն, սպառազինություն, առք և այլն, վերցնում են այդ հարաբերակցությունը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը հայտնվի չորրորդ տեղում, նման բան չի կարող լինել»:

Համեմատելով Ադրբեջանի սպառազինությունների ծավալների հետ՝ պարոն Ափինյանը փաստեց. «Ակնհայտ է, որ այսօր Ադրբեջանը քառակի ու հնգապատիկ անգամ ավելի մեծ ծավալներով սպառազինության գնումներ է իրականացնում համաշխարհային շուկայում: Ո՞նց կարելի է համեմատել, կամ ընդհանուր համընկնում գտնել, երբ բաց տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ն մի քանի անգամ ավելի քիչ է սպառազինություններ գնում և հանկարծ հայտնվում Ադրբեջանից առա՞ջ: Դա տրամաբանական չէ»: Այս առիթով ռազմական փորձագետը նշեց, որ դա կարող է նաև պատվիրված լինել ինչ-ինչ կազմակերպությունների կողմից, որ Հայաստանին ներկայացնեն բացասական երանգավորմամբ:

Մեր հարցին՝ ո՞ր կողմին կարող էր դա ձեռնտու լինել, գուցե Ադրբեջանի՞ն, պարոն Ափինյանը պատասխանեց. «Միանշանակ ասել, որ Ադրբեջանի կամ մեկ այլ կողմից է դա պատվիրված, հնարավոր չէ: Բայց մի բան հստակ է, որ սոցիալական հարցման ճնշման մեխանիզմ է տարվել՝ ՀՀ-ն ավելի շատ բացասական գույնով ներկայացնելու համար: Սակայն դրան լուրջ տեղիք տալ չի կարելի: Աշխարհում հարյուրավոր երկրներ կան, որոնք միանշանակ ՀՀ-ից առաջ են սպառազինություն գնելու ծախսերում, բայց ՀՀ-ն հայտնվել է չորրորդ տեղում: Նման դեպքերում պետք է մեխանիզմները ներկայացվեն»:

Հատկապես ո՞ւմ կարող է ձեռնտու լինել ՀՀ-ին այդպես ներկայացնելը, պարոն Ափինյանը պատասխանեց. «Չկա փաստատեղեկատվական նյութի նման աղբյուրի տիրապետում: Ուստի մնում ենք ընդամենը ենթադրությունների դաշտում: Համաձայն դրանց՝ դա կարող է շահավետ լինել օրինակ այն հակառուսական ուժերին, որոնք Հայաստանին համարում են Հարավային Կովկասում ՌԴ-ի կարևորագույն դաշնակից, և խնդիր կա որոշակիորեն երանգները ավելի խտացված ներկայացնել: Մեր հիմնական և գլխավոր հակառակորդների անունները չեմ ուզում տալ, քանի որ մեծ պատիվ կլինի նրանց համար: Չի բացառվում նաև այն տեսակետը, որ տվյալ հանդեսն իր սկզբունքներով ուսումնասիրություններ է իրականացրել Հարավային Կովկասի երկրներում, և Հայաստանը նման կերպ են որոշել ներկայացնել»:

Պարոն Ափինյանը շեշտեց նաև Վրաստանի հանգամանքը ու մանրամասնեց. «Այդ երկրում սպառազինությունների գնումը փակ ձևով է իրականացվում ու նրանց ռազմական բյուջեն երեք տարում մեկ միլիարդը գերազանցեց: Ուստի եթե բնակչություն և սպառազինությունների գնում հարաբերակցությունը վերցնենք, ո՞վ առաջ կլինի: Մի խոսքով ամփոփեմ՝ չեմ կարծում, որ այդտեղ օբյեկտիվ մի բան կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031