Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ինքնակազմակերպված քաղաքացիներն են փոխում քաղաքականությունը

Հունվար 28,2014 13:30

Ըստ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ ինքնակազմակերպված քաղաքացիական ներուժը կարող է վերածվել լրջագույն քաղաքական գործոնի:

– Պարոն Մեհրաբյան, վերջերս հաճախ մատնանշում են Ուկրաինայում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, եւ փորձ է արվում արդարացնել Հայաստանի կատարած ընտրությունը սեպտեմբերի 3-ին, այն առումով, որ ահա՝ տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, իսկ մենք՝ փոքր Հայաստանով, կարո՞ղ էինք այլ ճանապարհ ընտրել․․․ Կա՞ն ճշմարտության հատիկներ նման մեկնաբանություններում:

– Իհարկե՝ ոչ, ո՛չ հատիկ կա նման մեկնաբանության մեջ, ո՛չ էլ մանավանդ ճշմարտություն: Ուկրաինացի ժողովուրդն այսօր կերտում է Ազատ Ուկրաինան, նրա նորագույն պատմությունը, դառնալով ազատության փարոս ոչ միայն հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի, այլեւ՝ Ռուսաստանի համար: Ինչ խոսք, այդ գործընթացն ուղեկցվում է ցավալի իրադարձություններով. իշխանությունը սանձազերծել է զանգվածային բռնություններ եւ արյունահեղություն, զոհվում են խաղաղ ցույցի դուրս եկած մարդիկ: Նրանք դարձել են Դիմադրության շարժման հերոսներ, որոնց անունով վաղը կկոչվեն փողոցներ եւ հրապարակներ:

Իսկ 20-ամյա Սերգեյ Նիգոյանը, որը զոհվեց Կիեւի Եվրոմայդանում, առհավետ եղբայրացրեց պայքարող Ուկրաինան պայքարող Հայաստանին: Քրեաօլիգարխիկ, կոռումպացված, հակաքաղաքակրթական ռեժիմների «Սեւ ինտերնացիոնալը», որը ձեւավորվել է նախկին ԽՍՀՄ գրեթե ողջ տարածքում պուտինյան ռեժիմի գլխավորությամբ եւ հովանավորությամբ, պարզ է, որ միջոցների մեջ ոչ մի խտրականություն չի դնելու, ոչ մի երկրում, լինի դա Ուկրաինան, թե Հայաստանը, թե այլուր: Մենք դրա ականատեսը եղանք Երեւանում Մարտի 1-ին, դրա ականատեսն ենք այսօր, երբ Կիեւում, ինչպես 2008-ի Հայաստանում, իշխանությունը սանձազերծել է ոստիկանական եւ քրեական տեռոր, որի արդյունքում զոհվել են քաղաքացիներ: Նույն ձեռագիրն է, նույն «արժեքներով» առաջնորդվող իշխանություններն են, որոնց անթաքույց հովանավորում եւ «ոգեշնչում» են Կրեմլի «հոգեւոր հայրերը»: Պարզապես իրողություններն են այլ Հայաստանում եւ Ուկրաինայում՝ պայմանավորված տարածաշրջանային առանձնահատկություններով: Դրանցից ամենագլխավորը. Ուկրաինան չունի Ղարաբաղյան հակամարտություն եւ Ուկրաինան անմիջական սահման ունի Միացյալ Եվրոպայի հետ: Եվ ինչ վերաբերվում է պնդմանը, թե Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ի որոշումն իբր «անխուսափելի» էր, մանավանդ դրան հիմնավորում բերելով Ուկրաինայի զարգացումները, ապա դա որեւէ քննության չի դիմանում:

Հայաստանը չորս տարի բանակցում էր ԵՄ հետ, եւ իշխանությունն ուներ ժամանակ եւ հնարավորություն՝ ներքին բարեփոխումներ անցկացնելու համար: Իշխանությունը զբաղված էր այդ ընթացքում իմիտացիայով, խաբեությամբ եւ ինքնախաբեությամբ: Իսկ ընդդիմությունն էլ, իր հերթին, ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ոչ միայն կարող էր, այլեւ պարտավոր էր հաղթաթղթի վերածելով՝ ստիպել իշխանությանը գնալ իրական փոփոխությունների: Մի քանի հարցով, որ հաստատապես պետք է ճնշում գործադրեր իշխանության վրա՝ մենաշնորհների վերացում, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում, դատական իշխանության իրական անկախության ապահովում, հարկային եւ մաքսային ոլորտների ազատականացում ի շահ մանր եւ միջին բիզնեսի եւ այլն: Ըստ էության, իշխանության իմիտացիայի ֆոնին, հենց ընդդիմությունն էր պարտավոր բացատրելու քաղաքացիներին, որ եվրոպական գաղափարը, որն Ազատության, Իրավունքի եւ Օրենքի գաղափարն է նաեւ, դա այն՝ այլընտրանք չունեցող ճանապարհն է, որը նաեւ բարեկեցություն է ապահովում հումք եւ ծով չունեցող Հայաստանում, որ չկա բարեկեցություն առանց ազատության: Փոխարենը մենք տեսանք համառ ձգտում համագործակցելու առավել «անունով» օլիգարխների, ռուսաստանյան ինչ-ինչ կասկածելի շրջանակների հետ:

Փաստորեն, եվրոպական գաղափարը մնաց քաղաքականապես «անտեր», չհաշված մի քանի փոքրաթիվ կուսակցություններին: Եվ հայաստանյան ընդդիմությունն, ընդհանուր առմամբ ավելի խամաճիկային գտնվեց, քան նույնիսկ իշխանությունը, որի «բարեմասնությունները» մեզ վաղուց արդեն քաջ ծանոթ են: Այնպես որ, սեպտեմբերի 3-ի՝ այդ փոքրոգի, նվաստացուցիչ եւ վտանգավոր քայլին արդարացում կամ բացատրություն լինել չի՛ կարող:

– Կառավարության նիստում անցյալ շաբաթ հաստատվեց Մաքսային միության եւ Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ-ի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի՝ «ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը: Իշխանությունները նշեցին, թե մեկ-երկու օրվա աշխատանք՝ տեխնիկական հարցեր ու ճշգրիտ թարգմանությունն է մնացել ավարտի հասցնել: Արդարացվա՞ծ է այդ փաստաթուղթը հանրությունից գաղտնի պահելը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հրապարակայնացումը պահանջողների պակաս չէր զգացվում:

– «Մաքսային միություն» կոչված այդ բռնապետությունների դաշինքին միանալու՝ Հայաստանի իշխանության որոշումը ոչ միայն ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների իրական շահերի հետ, այլեւ ուղղակի հակասում է դրանց: Եւ այդ խայտառակ գործընթացի «ճանապարհային քարտեզը» հրապարակելը, բնականաբար, այդքան էլ հեշտ եւ հաճելի բան չէ: Գուցեեւ հրապարակեն, եւ դա լինի մի բյուրոկրատական, ոչինչ չասող մի փաստաթուղթ, որը կքողարկի այս, իրականում՝ ինքնիշխանության կորստի, ազգային նվաստացման, «անշլյուսի» գործընթացը, պարզապես ծառայելով որպես ծխածածկույթ: Իսկ ԵՄ հետ համաձայնագրի հրապարակումը պահանջողներն, այո՛, հիմա լռում են, այլեւս չեն պահանջում թե՛ այդ, թե ՄՄ-ն անդամակցության փաստաթղթերի հրապարակումը: Ավելին, ներկայիս լռությունը նման է մի «լռության դավադրության», որի ներքո էլ տեղի է ունենում այս կապիտուլյացիան՝ «Սուվերենություն՝ իշխանության պահպանման դիմաց» սկզբունքով: Իսկ ընդդիմության որոշ շրջանակների անբովանդակ, չպարտավորեցնող եւ ըստ, էության անվնաս, կոչերը Սերժ կամ Տիգրան Սարգսյանի հեռանալու վերաբերյալ, (կարծես թե նրանք էլ հուզվեցին ու հեռացան դրանից հետո) հաղորդում է այս գործընթացին պահանջվող թամաշայի անհրաժեշտ չափաբաժինը եւ ֆոնը:

– 2014-ի հունվարից ՌԴ-ում ուժի մեջ մտան օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու եւ այնտեղ մնալու օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ ՌԴ-ում ոչ ավելի քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկիրը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է սա համապատասխանում Եվրասիական ինտեգրացիայի մասին ՌԴ իշխանությունների կողմից պարբերաբար հնչող նպատակներին:

– Անշուշտ, սա դրական միտում է: Բնականաբար, այս նոր կարգը հակասում է այդ «եվրասիական ինտեգրացիա» կոչվածի տրամաբանությանը: Ռուսաստանցիների շրջանում բարձրացել է ոչ միայն հակամիգրանտական տրամադրությունների ալիք, ինչը միանգամայն բացատրելի է, այլեւ շատ ռուսներ արդարացիորեն մեղադրում են իշխանություններին կոռուպցիոն դրդապատճառներով այդ՝ ներգաղթյալների բազմամիլիոնանոց «հեղեղը» խրախուսելու մեջ: Այս ամենն ուղեկցվում է ամենաայլանդակ դրսեւորումներով եւ երկիրը տանում դեպի ֆաշիզացիա: Ուստի Կրեմլի կայսերապաշտները չէին կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Մյուս կողմից, սա դրական միտում է նաեւ Հայաստանի տեսանկյունից: Օլիգարխիայի կողմից ունեզրկված, հացի խնդիր ունեցող հայաստանցին այլեւս լրջորեն կմտածի. մնալ Հայրենիքում, պայքարել որպես քաղաքացի հանուն իր եւ իր զավակների ազատության եւ իրավունքների, թե՞ առաջնորդվել վարչապետի խորհրդով՝ բռնել արտագաղթի ճամփան, որպեսզի հանկարծ «հեղափոխություն չլինի»:

– Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել այդ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա զիջո՞ւմ է իշխանության կողմից, հասարակական շրջանակների պայքարը տվե՞ց իր պտուղները, թե՞ իշխանություններն ընդամենը ժամանակավորապես են նման հետքայլ անում:

– Իհարկե, սա զիջում է իշխանության կողմից: Հունվարի 18-ի աննախադեպ բազմամարդ հանրահավաքը, որը, վստահ եմ, վերջինը չէ, ստիպեց իշխանությանը հետքայլ կատարել: Սակայն, սա ժամանակավոր զիջում է, եւ իշխանությունը, ինչպես եւ «100 դրամ»-ի շարժման ժամանակ, ընկրկելով, սպասելու է հարմար առիթի, որպեսզի այնուամենայնիվ «տակից սղացնի» այս չարաբաստիկ օրենքը: Պետք է չկորցնել զգոնությունը, մեծացնել ճնշումը, շարունակել թույլ չտալ, որպեսզի տարբեր քաղաքական խմբավորումներ փորձեն ծառայեցնել այս փայլուն շարժումն իրենց նեղ կուսակցական նպատակներին: Բացի դրանից, այս շարժումը ցույց տվեց, թե որքան կարեւոր է քաղաքացիների ինքնակազմակերպումը, օրինական, խաղաղ եւ զանգվածային պայքարի ներուժի մեծացումը: Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ ինքնակազմակերպված քաղաքացիական ներուժը կարող է վերածվել լրջագույն քաղաքական գործոնի, որը միայն այդպես կարող է ստիպել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը հաշվի նստել իր շահերի հետ, բացառել նրանց ստվերային գործարքներն իր շահերի եւ ապագայի հաշվին, երկարաձգելով քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունը, ինչի ականատեսը մենք եղանք Հայաստանում մի քանի տարի առաջ, եւ ծառայել իրենց՝ քաղաքացիներին, այլ ոչ թե զբաղվել, ասենք, «եւ-եւ»-ի իմիտացիոն աճպարարությամբ կամ «քաղաքագիտական վերլուծությամբ», որոնք անխուսափելիորեն ավարտվում են անփառունակ վերջաբանով: Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պարտավոր ենք սերտել այս դասերը, եւ մենք չունենք այլ ճանապարհ: Միայն ինքնակազմակերպված քաղաքացիներն են ընդունակ ի շահ իրենց փոխել քաղաքականությունը, ներքին թե արտաքին: Միայն այդպես մենք կարող ենք արժանանալ իրապես Ազատ եւ Անկախ Հայաստանին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031