Վերա Թարիվերդիեւան՝ անվանի ամուսնու եւ հայաստանյան համերգի մասին
Մեր հայրենակից, ճանաչված կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիեւը արվեստի աշխարհ եկավ 1950-ականների վերջին՝ Ռոդիոն Շչեդրինի, Անդրեյ Պետրովի, Սերգեյ Սլոմինսկու եւ մյուսների հետ: Նրա ստեղծագործական դիապազոնը ընդարձակ է, ընդգրկում է երաժշտարվեստի գրեթե բոլոր ժանրերը, այդ թվում՝ օպերա, բալետ, կամերային, գործիքային կոնցերտներ, խմբերգեր, ռոմանսներ, կինոերաժշտություն: Կոմպոզիտորն առավել հայտնի է շուրջ 130 ֆիլմերի համար գրած իր երաժշտությամբ՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ», «Հեյ, ո՞վ կա այդտեղ» եւ այլն: Երեւանում վերջին անգամ Թարիվերդիեւի ստեղծագործությունները ռուս երաժիշտների մեկնաբանմամբ հնչել են 2010թ., իր ուսուցչի՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը դարձյալ ըմբոշխնեց թարիվերդիեւյան մեղեդային երկերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ հրավիրված ռուս եւ հայ մենակատար երաժիշտների ուղեկցմամբ: Համերգը վարում էր կոմպոզիտորի այրին (այս լուսանկարը նրանց վերջինն է)՝ «Միքայել Թարիվերդիեւ» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիեւան:
«Ես տեսնում ու հստակ զգում եմ Միքայելի ներկայությունը: Այստեղ էլ նա բազմոցին նստած է ծխափողը ձեռքին… Իմ առջեւ է խելացի, առեղծվածային, հարազատ մի մարդ: Նրա ներկայությամբ ես նույն երկչոտն եմ: Ինչպես ժամանակին, հիմա էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինձ իրավունք չեմ վերապահում դատողություններ անել նրա մասին, բնութագրել նրան: Մի բան հաստատ է՝ բարի, ազնիվ, տաղանդավոր այդ անձնավորությունը մշտապես, դարձյալ ազնիվ ու տաղանդավոր իր ստեղծագործությունների մասնակիցն էր դարձնում բոլորիս: Գիտեմ, որ նրա երաժշտությունը հանրահայտ է, իսկ իմ սրտում է այն բաբախում յուրաքանչյուր վայրկյան, հանգիստ չտալով ինձ, ինչպես կատարվում էր նրա հետ»,- «Առավոտի» հետ զրույցը այսպես սկսեց տիկին Թարիվերդիեւան: Շարունակելով խոսքը՝ նշեց, որ ամբողջ մասնագիտական կյանքը Թարիվերդիեւը անցկացնելով Մոսկվայում, մշտապես մնացել է հայ՝ նա իր մեջ էր կրում հայկական մշակույթի ծածկագրերը: «Նրա կյանքի իմաստը երաժշտությունն էր: Երբ Միքայելի հետ աշխատում էինք «Ես պարզապես ապրում եմ» գրքի վրա, որը հրատարակվեց նրա կյանքից հեռանալուց հետո, հաճախ էր դիմադրում իր անձնական կյանքի մանրամասներին անդրադառնալու իմ խնդրանքին, ասելով՝ քո կամ ընթերցողի ինչի՞ն են պետք դրանք, ավելի լավ է իմ մասին երաժշտագիտական գիրք գրիր: Այդուհանդերձ, առիթը բաց չէր թողնում՝ պատմելու ծնողների եւ իր գերդաստանի մասին: Օրինակ, ըստ ընտանեկան ավանդույթի, Թարիվերդիեւի նախնիները Հայաստան են եկել Չինգիզ Խանի զորքի հետ, ուր եղել են մեծ թվով քրիստոնյաներ: Նրա նախապապերից մեկը եղել է հազարապետ: Հայրը՝ Լեւոնը, ծագումով Ղարաբաղից էր, Թբիլիսի էր եկել Բաքվից, որտեղ սովորել էր ֆինանսական ակադեմիայում ու հենց այդտեղ էլ ծանոթացել Սաթենիկ Հակոբովնայի հետ…»,- պատմեց մեր զրուցակիցը: Վերա Թարիվերդիեւան հիշեց 2000-ականների վերջերին Շուշիում կայացած թարիվերդյանական երեկոն. «Դեռեւս կիսաքանդ այդ քաղաքը անհավանական էներգիա ունի: Շատ եմ ցանկանում, որ Թարիվերդիեւի երաժշտությունը հաճախ հնչի Հայաստանում, այստեղ շատ են դարերից եկած ու ներկայիս մշակութային արժեքները: Այս այցիս ժամանակ էլ շփվեցի Երիտասարդական նվագախմբի ու նրա գեղարվեստական ղեկավարի՝ Սերգեյ Սմբատյանի հետ: Ըստ իս, այս երեկոն հիանալի էր… Հաստատ կարող եմ ասել, որ նման երիտասարդներով Հայաստանն ունի հիանալի ապագա»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, երբ ռուսաստանյան մամուլը կոմպոզիտորի մահվանից (1996թ.) մեկ տարի առաջ նրա անունը ընդգրկել էր Ռուսաստանի սեքս խորհրդանիշների ցանկում, տիկին Թարիվերդիեւան ժպտալով պատասխանեց. «Դա նորմալ է, ես խանդոտ չեմ: Իհարկե, երկար տարիներ վայելելով փլեյբոյի եւ բարձրաշխարհիկ մարդու համբավ, տարօրինակ կլիներ, որ նման տղամարդը չնկատվեր… Թարիվերդիեւն ապրում էր սիրո օրենքներով՝ թե կյանքում, թե երաժշտության մեջ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ