Լրահոս
Օրվա լրահոսը

Ու գամված ենք այս հողին…

Հունվար 28,2014 12:59

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ

Սկիզբը 

-Ի՞նչ գնահատական կտաք ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյան-վարչապետ Տ. Սարգսյան փոխհրաձգությանը, որը վերջին շրջանի ամենաինտրիգային բանավեճը կարելի է համարել: Ի դեպ, այն մեկնաբանող տարբեր տրամաչափի գործիչներն այս համատեքստում հաճախ են հիշատակում, ընդ որում՝ նաեւ ուռճացնում Պուտինի գործոնը:

– Անդրադառնալով այդ հարցին, նաեւ՝ վերեւում ասածս հաստատելու համար ուզում եմ տիպական մի օրինակ բերել. էներգետիկայի նախարարը պատասխանում է Ռոբերտ Քոչարյանին. մի տեսակ հաթաթա տալով նրան, որ ինքնին ծիծաղելի է, ըստ էության, ասում է հետեւյալը՝ եթե կարծում է, Պուտինն իրեն կպաշտպանի, սխալ է հաշվարկել, որովհետեւ Պուտինն արդեն շատ լավ է մեզ հետ: Նախ՝ ինչ է նշանակում «մեզ հետը», ինքը ով է: Ստրուկի նախադասություն է, ես չէի ուզենա, որ իմ կառավարության մեջ այդպիսի անդամ լիներ, որը համարձակվեր նման նախադասություն ասել իմ պետության թեկուզ նախկին ղեկավարին, իմ պետությանը, իմ ժողովրդին: Ցավոք, մեր ժողովրդի մեջ մի տեսակ կա, որ շարունակ հաշվում է երեքնուկի թերթիկներով՝ մեզ սիրում են, չեն սիրում: Չեն ասում՝ իսկ ես սիրո՞ւմ եմ, թե՞ ոչ: Այնքան վիրավորված էի: Այս մարդը բազմաթիվ սխալներ է գործել ԱԺ վերջին նիստերում՝ սկսած գազային անհեթեթ ձեւակերպումներից: Դրանք բոլորն իրեն ներում եմ: Այս մեկը չեմ ներում, որովհետեւ իր համար Լենինի դամբարանն ու Պուտինն են վերին ճշմարտություններն ու Աստծո փոխանորդները: Բա այդպիսին պիտի լինի՞ կառավարության անդամը, այն էլ՝ մեզ համար կենսական ոլորտի ղեկավար…
Այսօր ամենահեշտ բանն է ասել՝ պատճառը նախագահի թուլությունն է: Ես էլ ասեմ, ես որ հավատում եմ Սերժ Սարգսյանին, համաձայն չեմ, որ նա կառավարության մեջ պիտի հանդուրժի նման մարդկանց: Գիտեք, դրսից շատ ընկերներ ունեմ, երբ հարցնում են` այս կամ այն պաշտոնյան ինչպիսինն է, արդեն չեմ համարձակվում ասել` սրան հավանում եմ կամ՝ հակառակը, ասում եմ` ամեն օր լողանում է: Դա սարսափելի այլախոսություն է: Որպեսզի կարողանամ շատ վատ բան չասել, բայց ուզում եմ լավ բան ասել ու վախենում եմ, թեպետ վախկոտներից չեմ, ուղղակի չգիտեմ` վաղը ինչ կլինի, ասում եմ` ամեն օր ինքը լողանում է, արդեն քաղաքակրթվել է: Բայց դա դեռ չի նշանակում, որ գոհ ու երջանիկ ենք:

-Վերադառնանք Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան բանավեճին:

– Անցած 25 տարիների ամենաակտիվ պետական- քաղաքական գործիչներից մեկն է Ռոբերտ Քոչարյանը եւ զարմանալի է՝ հենց այդ մարդը որեւէ բան է ուզում ասել, փոխանակ հետը նորմալ, հանգիստ բանավիճեն, ասեն, պարոն Քոչարյան, այս կամ այն հարցում քեզ հետ համաձայն չենք եւ այլն, այնպես, ինչպես մնացած բոլորի հետ, նրան մի տեսակ որպես աղետ գցում են ասպարեզ, մի մասը ձեռքերը շփելով, ուրախությամբ, մյուս մասն էլ՝ սարսափահար: Ի վերջո, մոռանալով շատ կարեւոր մի հանգամանք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրով ու սրով անցած ճանապարհ ունեն եւ պետք չի նրանց փոխարեն հարաբերությունների ճշտման մասին ախտորոշումներ անել: Մարդ է, որն ունի իր կարծիքը: Ինչպես ես եմ ասում՝ ամաչում եմ, որ Արմեն Մովսիսյանը մեր կառավարության անդամ է, ինքն էլ ասում է՝ ամաչում եմ, որ Տիգրան Սարգսյանն է մեր վարչապետը: Ընդամենը կարելի է նրա հետ բանավիճել: Ու բացի այդ, Սերժ Սարգսյանը ուժեղ մարդ է, եւ տեղից ելնողի պաշտպանության կարիքը չունի: Երկուսով նախորդ քսան տարիների համատեղ աշխատանքի ընթացքում (պատերազմ, շրջափակում եւ այլն), վստահ եմ, բազմիցս բանավիճել են իրար հետ, բայց, ի վերջո, եկել են համաձայնության: Այլապես մեր ազգային ամենամեծ ձեռքբերումը` արցախյան հաղթանակը չէինք ունենա: Մտնել ոչ տեղին դրված ստորակետի պես այդ պատմությունների մեջ, ճիշտ չի, ավելորդ լարում է մթնոլորտը, բանավեճը լուրջ առճակատում դարձնում, որի ոչ կարիքը ունենք, ոչ էլ դրա ժամանակն է: Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է որեւէ պաշտոն զբաղեցնել, սակայն համոզված եմ, որ նա միշտ էլ մնալու է քաղաքականության մեջ` իր սեփական ուրույն ասելիքով, անկախ նրանից, թե դա ում է հաճելի կամ տհաճ: Նա հեռացավ որպես քաղաքական ասպետ: Ես ուզում եմ, որ այդ կերպարից ինքը դուրս չգա: Նույնն էլ Սերժը Սարգսյանը: Իրենք ամեն ինչի` արյան, վառոդի, ընկերության գինը լավ գիտեն:

-Դուք հավատում եք Սերժ Սարգսյանին, մինչդեռ կառավարության ղեկավարին, այս կամ այն անդամին անվստահություն եք հայտնում: Բայց չէ՞ որ նրանք բոլորը նախագահի թիմակիցները, նրա ընտրած կադրերն են:

-Հավատում եմ նախագահին, որովհետեւ վստահ եմ, որ ինքն ուժեղ է, պետության ղեկավարին հավատալը դա է, եւ ես չեմ մտածում՝ նախկին նախագահը հենց խոսում է, աղետ է, Սերժ Սարգսյանին ոչնչացնելու նպատակ: Ի դեպ, եթե Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնում, բանավիճում, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ելավ կանգնեց, քանի հարյուր հազար մարդ էր կանգնած նրա կողքին եւ հետեւում: Սա ինչ բան է, ինչ մոտեցում է:

-Լավագույն տղերքը հեռանում են… միայն տարեսկզբին վառ, ազնվական մտավորականների անդառնալի կորուստներ ունեցանք՝ Լեւոն Խեչոյան, Արմեն Մազմանյան, Արամ Ղարաբեկյան… այս առումով անցյալ տարին էլ ծանր կորուստներով եղավ, մինչդեռ նրանք բոլորն էլ՝ Հովհաննես Գրիգորյան, Վրեժ Իսրայելյան, Հրաչ Բեյլերյան, Վաչե Եփրեմյան, Վահան Վարդանյան, այնքան ասելիք ու ծրագրեր ունեին… Ինչո՞ւ են մահանում, ինչո՞ւ է հեռանում ազնիվ տեսակը:

-Հրապարակային եւ ոչ հրապարակային շատ կորուստներ ունեցանք, ինձ համար թանկագին Լեւոն Խեչոյանին հասցրեցի հեռախոսով ասել՝ մաքառի, Լեւոն ջան, բայց…սիրտս մղկտում է, Արմենի մասին էլ չեմ ասում, թաղման թափորն անցնում էր ու ես մտածում էի՝ ուր էիք, երբ նրան բզկտում էին, ուր էիք, մարդ չկար, որ պաշտպաներ, հիմա հանկարծ արժեւորեցին, որ նա նորարար էր, բարձր ինտելեկտի տեր մարդ եւ օդը տատանում էր, ստիպում էր մտածել, բանավիճել: Արամ Ղարաբեկյանին, թանկագին ընկերոջս, վերջին անգամ նոյեմբերին տեսա, այցելեց ինձ՝ հուշիկ ազնվական իր ներկայությամբ, որը միշտ թանկ է ինձ համար եւ ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունը շատ լրջորեն զբաղված է հուղարկավորության հարցերով:
Այս ահավոր տխուր իրողությունների պատկերում ինձ ցնցել է մի փաստ. առաջին բանը, որը վախեցած հրապարակ նետվեց, այն էր, որ կառավարությունը բուժման ծախսերի համար 8 միլիոն դրամ է հատկացրել Լեւոն Խեչոյանին եւ 4 միլիոն դրամ՝ Արմեն Մազմանյանին: Բարեսիրությունը խոնարհություն է, չի կարելի այսպես հրապարակավ եւ աննրբանկատ տարփողել դրա մասին: Այնքան ամաչեցի ես, այնքան գավառական քայլ էր սա: Այսօր մեր էլիտան մշակույթի եւ գիտության ներկայացուցիչները չեն, այլ իշխանավորները… Այդ դեպքում ուզում եմ հարցնել, բա որ Լեւոն Խեչոյանը շատ ծանր էր ապրում, ինչո՞ւ չէիք մտածում. այդ 8 միլիոնի կեսը հատկացնեիք, ասեիք՝ գնա մի տարի նստի, տաղանդավոր վեպերիցդ մեկը գրի: Այսօրվա օրը եթե հանապազօր հաց վաստակելու խնդիրների մտահոգությամբ չապրեր՝ կարող է Լեւոն Խեչոյանը կենդանի լիներ: Մենք դեռ ինչքան պիտի ճանապարհ անցնենք, որ հասկանանք՝ բարեսիրությունը բարձրաձայն չպիտի անես: Թե չէ` տանում մի զիզի-բիզի խաղալիք են տալիս երեխային ու հայտարարում ի լուր աշխարհի: Սա շատ լավ եմ ըմբռնել, քանի որ 17 տարի բարեսիրական կազմակերպություն եմ ղեկավարել: Բարեսիրությունը խոնարհություն է` անվերջ գրել ու ասել եմ, հասկացել եմ նաեւ, որ «բարի գործի» մասին բարձրաձայնելիս, իրենց հոգու փրկության մասին են մտածում, ոչ թե փրկվողի:

Այս համատեքստում հիշում եմ Սովետական Հայաստանի փոխվարչապետ Ալեքսան Կիրակոսյանին, ով մշակույթի գործիչների մի ողջ փաղանգ էր պահում: Ամեն ինչ փորձում էր անել այդ մարդկանց համար` սկսած բնակարանից ու ավտոմեքենայից, նրանց տաղանդին հարիր կենցաղային հարցեր էր լուծում: Տալիս էին, բայց չէին գոռում: Հիմա դուք պետության պահուստային ֆոնդից գումար եք հատկացնում եւ աշխարհով մեկ հայտարարում եք… Այնքան իշխանություններ կգան ու կգնան, Լեւոն Խեչոյանի գիրն է մնալու հիշատակող: Ես ապահովագրում եմ նաեւ ինձ, որ վաղը հանկարծ բարձր չասեն` Ալվարդ Պետրոսյանին փորձեցինք բուժման համար փող տալ: Չեմ ուզում:

-Նախագահի մրցանակի շնորհման գործընթացի խութ ու խոռոչներին նախկինում եւս անդրադարձել ենք: Այս տարի պարզվում է՝ «Արվեստ» անվանակարգում մրցանակի շնորհման հանձնախմբի 8 անդամներից 5-ը դատի են տվել Լեւոն Մութաֆյանին, քանի որ վերջինս հայտարարել է, թե փորձագիտական հանձնաժողովը թայֆայական մտածողությամբ է առաջնորդվում: Դատի են տվել եւ նրանից պահանջում են 3 միլիոն դրամ: Կարծեմ, որոշել էիք՝ ձեր վերջին՝ «Ապրելու 0 ժամ» գիրքը ներկայացնել, հետո ինչո՞ւ փոշմանեցիք…

-Մարդն իր կարծիքն է հայտնել, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում, որ այո, անաչառ չի այդ հանձնախմբերի աշխատանքը, եւ ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Արմեն Մարտիրոսյանի, մեր սքանչելի արձակագիր- բանաստեղծի փայլուն վեպը`«Մազե կամուրջը» չարժանացավ մրցանակի: Ի սկզբանե որոշված էր, որ ուրիշին էին տալու, թեպետ Արմեն Մարտիրոսյանը բացարձակ հաղթած էր: Պարզվեց, միայն ես ու Ազատ Եղիազարյանն էինք «հարիֆ»-ը: Նախ` ինչ է նշանակում գաղտնի քվեարկություն: Եթե ես մեկին արժանի եմ համարում, ինչո՞ւ պիտի թաքուն քվեարկեմ: Ի դեպ, տարիներ առաջ ուզում էի գիրքս ներկայացնել մրցանակի, բայց մտածում էի` կասեն ԱԺ պատգամավոր է, իսկ ես չեմ ուզում գրականությանը կեղտ դիպչի: Չներկայացրեցի, հիմա էլ, փառք Աստծո, պատգամավոր չեմ, կարելի էր ներկայացնել, բայց երբ հասկացա` ովքեր են որոշելու` իմ գիրքը իշխան ձուկ է, թե՞ «սելյոդկա», փոշմանեցի: Ես վատ չեմ վերաբերվում Էդվարդ Միլիտոնյանին, Աստված իր հետ, բայց մտածում էի` ԳՄ նախագահը, բանաստեղծը, այնքան զգայուն պիտի լիներ, որ իր գիրքը պետական մրցանակի չներկայացներ, ոչ թե պատճառաբանություն բերեր, թե ինքը Լեւոն Անանյանի ժամանակ է ներկայացրել: Այն ժամանակ էլ նախագահ չէր, բայց քարտուղար էր:

-Վերջերս Աղասի Այվազյանի հարցազրույցները կարդալուց հետո մի տեսակ մտովի վեճի էիք բռնված նրա հետ: Հարթվե՞ց, ընդհանուր հայտարարի եկա՞ք:

-Իհարկե, չէր կարող չհարթվել, պարզապես իրար հաջորդող հարցազրույցներ էին՝ մեր գեների, հայ տեսակին հատուկ հիվանդության մասին, մի դեպքում՝ դժգոհում էր մեր տեսակից, մյուսում՝ հիացած էր: Մի խոսքով՝ մեր հակասական հայ տեսակին, նաեւ ինձ, շատ բնորոշ…

Ի դեպ, պարբերաբար կարդում եմ` Աղասի Այվազյանի հետ զրույցներդ. գրքիդ շնորհանդեսին գրել էի, ուզում եմ նաեւ ասել` հրաշալի գիրք է, շատ ուսուցանող, բայց պիտի կարդան: Ինքս արդեն մի քանի անգամ եմ հասցրել կարդալ… մի տեսակ, փաստորեն միասին ստեղծագործել եք… Աղասին շատ հետաքրքիր էր, երեխայի պես` միամիտ, մեջը եւ ազարտ, եւ հիացմունք, եւ ամբողջ կենսափորձով, տաղանդով, առ Թամանյան իր անհավատալի սիրով եւ լավատեսությամբ, այնուամենայնիվ մանուկ կար նստած: Ես դեռ չեմ տեսել մեկին, որը մանրամասն բացատրելով իր սերն առ Թամանյան խոսի, ներկայացնի նրան: Այսքան ճարտարապետներ կան, ինչից խոսեն, Թամանյանին են հղումներ կատարում, բայց նա այնքան մանրամասն է պատճառաբանում իր սերը, հիացմուքը, անանձնական հավատարմությունը երկրին, չմանրանալով, փոքրիկ ակնարկով, որ թոշակ է ստանում ինքը, շքեղ չի ապրում, բայց մի օր «օֆ» չի արել, չի բողոքել: Ինքը այս երկրից պահանջատեր չի, ինքը պարտք է միշտ երկրին: Այս տեսակը, ափսոս, այսօր քիչ է:
-Գուցե նրանից է, որ երկրում չարությո՞ւնն է շատ: Ի դեպ, բանաստեղծությամբ, որը Ֆեյսբուքում էլ տեղադրել էիք, նշանակետին եք խփում.
Չարությունը՝ գայլիկոն,
Շաղափում է սիրտը մեր,
ՈՒ գամված ենք այս հողին,
Արնաքամ թե՝ արնակեր:

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031