Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը:
Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է:
Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որի բոլոր օղակների շնորհիվ է՝ լինի շարքային զինվոր թե հրամանատար, որ այսօր կայուն իրավիճակ ու խաղաղություն է ոչ միայն մեր երկրում , այլև ողջ տարածաշրջանում: Եվ փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, որ իրենց անշահախնդիր լուման բերեցին Հայոց բանակի կայացման գործում: Փառք նաև բոլոր այն նվիրյալների, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե’ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե’ Հայոց հաղթական բանակի համբավը։
Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,
Ձեզ էլ շնորհավորելով մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ